Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց

Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին (Ֆրանկլին Գոնսալես) տեղափոխել են հիվանդանոց՝ բժշկական ստուգումների։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արթուր Պիվազյանը։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ պաշտպանը բարձրաձայնել էր Սարգսյանի առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ նա ամենօրյա ռեժիմով դեղահաբեր է ընդունում։

Պիվազյանը նշեց, որ ստուգումներն իրականացնելուց հետո նրան տեղափոխել են կրկին «Երեւան-կենտրոն» քրեկատարողական հիմնարկ․ «Պետք է տեսնենք, թե բժիշկները ինչ եզրակացություն են տալիս։ Իրեն այդքան էլ լավ չի զգում, դե առողջական խնդիրներ ունի»։

Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա նախաքննությունը շարունակվում է։ Պաշտպանի խոսքով՝ հավանաբար կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն կներկայացնի նախաքննական մարմինը։

«Այժմ քննչական ակտիվ գործողություններ լինում են, այդ թվում ՝ առերեսումներ, հարցաքննություններ։ Մենք տեղեկություն չունենք, բայց կարծում եմ, որ կներկայացվի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն։ Մենք դեռեւս չենք որոշել նախաքննական մարմին գրավի միջնորդություն կներկայացնե՞նք, թե՞ ոչ»։ 

Հիշեցնենք` 2018թ.-ի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
2018թ.-ի հուլիսի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց 2019թ.-ի դեկտեմբերի 21-ին։