Գեներալ Քյարամյանն անձեռնմխելի՞ է

Գեներալ Քյարամյանն անձեռնմխելի՞ է

Կառավարության այսօրվա նիստի ավարտին, վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել այստեղ-այնտեղ, առանց թույլտվության տեղադրված խաչերից ու խաչքարերից, իրեն բնորոշ ձեւով շեղվեց թեմայից, անցավ խաղադրույքների թաքնված գովազդներին ու սաստեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը. «Դուք չե՞ք անցնում այդ փողոցներով, չեք տեսնո՞ւմ, չեք ահազանգո՞ւմ»: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ այս թեմային անդրադառնալու։

Կառավարության նիստին մասնակցում են ուժային այլ կառույցների ղեկավարներ եւս, մասնավորաբար՝ քննչական կոմիտեի նախագահ, նորաթուխ գեներալ Արգիշտի Քյարամյանը, որը նախատինքի խոսք չլսեց: Մինչդեռ պետք է լսեր: Որովհետեւ, եթե Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, որ խաղադրույքների թաքնված գովազդների հարցում ԱԱԾ-ն մեղավոր է, քանի որ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, ազգային անվտանգության մարմիններն իրենց իրավասության սահմաններում ապահովում են անձի, հասարակության ու պետության անվտանգությունը, իսկ թաքնված գովազդը վտանգում է մեր հասարակության անվտանգությունը, ապա «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, քննչական կոմիտեի լիազորություններն են Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը եւ իրականացումը: Իսկ Փաշինյանը խաղադրույքների թաքնված գովազդների տակ ենթադրյալ հանցագործություն է տեսնում:

Կամ Արգիշտի Քյարամյանը չգիտի սեփական լիազորությունների շրջանակը, կամ՝ Նիկոլ Փաշինյանը սխալվում է ու Արգիշտի Քյարամյանը չի ուզում կամ չի համարձակվում նկատել այդ սխալը, կամ՝ Արգիշտի Քյարամյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի, ոստիկանապետի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի օրինակով, անտեսում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները: Կամ էլ Նիկոլ Փաշինյանը վախենում է թթու խոսք ասել Արգիշտի Քյարամյանին: Նիկոլ Փաշինյանը երբեք նրան չի ներառում մեղավորների շարքում եւ դեռ մի բան էլ գեներալի կոչում է տալիս: Վիճակից դժգոհ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ մարդիկ օրենքում սողանցք են գտնում ու օգտվում դրանից: Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին մեղավորների շարքում չդնելը սողանցքից օգտվելու դասական օրինակ է:
Այս պարագայում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, ոստիկանապետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը Նիկոլ Փաշինյանից նեղանալու տեղ ունեն:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ