Շարունակենք բարի ավանդույթները

Շարունակենք բարի ավանդույթները

Մարզական կյանքի աշխուժության իմաստով այս օրերին ֆուտբոլին փոխարինելու եկավ բասկետբոլը։ Նախ՝ արտակարգ էր իրադրությունը, երբ Երեւանում անցկացվեց միջազգային մրցաշար Հայաստանի, Իրանի, Սիրիայի եւ ԱՄՆ թիմերի մասնակցությամբ։ Ճիշտ է՝ մի փոքր անսպասելի էր այն, որ չորս մրցակիցներից ոչ մեկն ի վիճակի չեղավ խուսափել պարտությունից, որ իրանցիներին 77:73 հաշվով պարտության մատնած մեր թիմը հենց նրանց զիջեց առաջին տեղը, իսկ ամենամեծ անակնկալն այն էր, որ բասկետբոլի հայրենիքը ներկայացնող ամերիկացիները զարմանալիորեն անզոր գտնվեցին՝ զիջելով բոլոր երեք մրցակիցներին։

Ընդամենը երկու օր անց էլ Մալթայում մեր ընտրանին մասնակցեց, այսպես ասած, փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը։ Մրցումների մեկնելուց առաջ էլ մեր ազգային թիմի նորընտիր գլխավոր մարզիչ, ամերիկացի հայազգի մասնագետ Ռեքս Քալամյանն ուշադրության արժանի հայտարարություն արեց․ «Մեր նպատակն է՝ NBA-ի (ԱՄՆ-ի ազգային առաջնություն) խաղաոճը ու շունչը հաղորդել հայ բասկետբոլիստների գործողություններին»: 

«Իմաստունը նա չէ, ով շատ գիտի, այլ՝ նա, ում գիտելիքներն օգտակար են»։ Էսքիլեսի այս խոսուն արտահայտությունը մեր տղաները հաստատեցին՝ իսկական հաղթարշավ ձեռնարկելով արդեն եվրոպական ասպարեզում։ Նրանք վստահ առավելության հասան նախ իրենց խմբում ընդգրկված Ջիբրալթարի (106:63) եւ Սան Մարինոյի (78:66) թիմերի նկատմամբ ու դուրս եկան կիսաեզրափակիչ։ Այստեղ էլ, Անդորրայի թիմի հետ խաղում, հայ բասկետբոլիստները վստահորեն հաղթեցին 93:66 հաշվով։ Իսկ անցած կիրակի կայացավ վճռական հանդիպումը տանտերերի` մալթացիների հետ։ Սպորտում տարածված խոսք կա` տանը պատերն էլ են օգնում։ Օգնում էին, սակայն՝ ապարդյուն, քանի որ մեր տղաներն այս անգամ էլ մի գլուխ բարձր գտնվեցին՝ եզրափակիչ խաղը շահելով 84:68 հաշվով ու, ի վերջո, արժանիորեն գրավեցին առաջին տեղը։
Այսքանով բավարարվենք մեծարել ու հաճոյախոսել՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ սա մեր հավաքականի առաջին քայլն էր՝ ավելի լուրջ ու պատկառելի ստուգատես տանող ճանապարհին, որտեղ մեզ սպասում են շատ ավելի փորձառու եւ ուժեղ մրցակիցներ…

Իսկ ընդհանրապես՝ «փոքր երկրների Եվրոպայի առաջնություն» անունը կրող մրցումներն իրականում ունեն շատ պայմանական իմաստ։ «Փոքր» ասելով՝ բնավ պետք չէ հասկանալ, թե խոսքն աշխարհագրական տարածքը զբաղեցնող թույլ ու անզոր մրցակիցների մասին է։ Հիշում եմ, սովետների օրոք, ԽՍՀՄ առաջնությունում, հենց գլխավոր հավակնորդներ համարվող մոսկվացիներին առավել շատ անհանգստություն էին պատճառում «փոքր» հանրապետություների` Լատվիայի, Վրաստանի, Լիտվայի, Էստոնիայի թիմերը։

Ի դեպ, նույնը զգացվեց նաեւ ուղիղ 70 տարի առաջ Երեւանում առաջին ու միակ անգամ անցկացված ԽՍՀՄ առաջնության ընթացքում։ Սակայն երեւանցիների համար ոչ պակաս անակնկալ էր, երբ փողոցներում այդ օրերին իրենց կողքով հանգիստ զբոսնում էին հասակով երկու մետրից հաստատ բարձր, հսկայամարմին բասկետբոլիստներ: Մրցումներն անցկացվում էին Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի այգում պատրաստված չորս բացօթյա խաղահրապարակներում եւ այստեղից դեպի կրկես տանող ճանապարհին գտնվող գլխավոր ասպարեզում։ Եվ հենց այստեղ հաճախ կարելի էր տեսնել, թե ինչպես Հայաստանի կարճ տարածությունների վազքի բազմակի չեմպիոնուհի Նազիկ Ավետիսյանը` իր 5-ամյա որդու` մեր բասկետբոլի ապագա պայծառ աստղ, Եվրոպայի չեմպիոն Վիտալի Զաստուխովի ձեռքը բռնած, գալիս միանում էր հանդիսականներին։ Վիտալիկի համար դա, անշուշտ, ուսանելի դաս ծառայեց։
Իսկ գլխավոր հայտնությունը 22-ամյա եգիպտահայ, Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող Արմեն Ալաջաջյանն էր, որի խաղային անսովոր հրաշագործությունները Հայաստանի թիմի կազմում հիացմունք պատճառեցին շատ բան տեսած մասնագետներին։ Պատահական չէր, որ շուտով Ալաջաջյանը դարձավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի առանցքային խաղացող, արժանացավ ԽՍՀՄ եւ Եվրոպայի բազմակի չեմպիոնի կոչմանը, իսկ 1964 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձավ Տոկիոյում անցկացված օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր։

Հիշենք եւս մի արտասովոր հոբելյան, որը գրանցվեց ճիշտ 30 տարի առաջ՝ Բարսելոնում կայացած օլիմպիական խաղերի ժամանակ։ Կանանց բասկետբոլի մրցաշարն այստեղ ավարտվեց ԱՊՀ երկրների հավաքականի հաղթարշավով։ Եվ այդ հաջողություններում մեծ ներդրում ունեցավ չեմպիոնուհու տիտղոսին արժանացած՝ մինչ հիմա առաջին ու միակ հայազգի աղջիկը` Ելենա Բունիաթյանցը, Աբովյանի «Հատիսի» երբեմնի բասկետբոլիստուհին։ Չմոռանանք նաեւ, որ 1998 թվականին Նագանոյում (Ճապոնիա) կայացած ձմեռային օլիմպիական խաղերում էլ իրեն հրաշալի դրսեւորեց եւս մի հայուհի` չեմպիոնի կոչմանն արժանացած ԱՄՆ-ի հոկեյի կանանց հավաքականի խաղացող Վիկի Մովսիսյանը։ Հուսանք, որ այս ցուցակը հայազգի մարզիկներն էլ ավելի կհարստացնեն։

Միսակ Նազարյան