«Հրապարակ». Մենք չենք խոսում 1-2 հոգու, խոսում ենք 10 մլն սփյուռքի մասին

«Հրապարակ». Մենք չենք խոսում 1-2 հոգու, խոսում ենք 10 մլն սփյուռքի մասին

Պաշտոնական հիմնավորումը, իհարկե, այլ բովանդակություն ունի: ԱԱԾ-ն ուսումնասիրել է ու պարզել, որ ՀՀ քաղաքացիություն հայցող անձանց թվում կան բազմաթիվ հայեր, որոնք երբեւէ չեն եղել Հայաստանում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ՝ զուտ քաղաքացիություն ստանալու նպատակով: «Բացի այդ, եղել են նաեւ դեպքեր, երբ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերն օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար»: 

ԱԱԾ իրավաբանները «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի փոփոխության իրավական հիմք են գտել: 

«Քաղաքացիության մասին» գործող օրենքով սահմանված չէ, թե որ պահից է անձը համարվում Հայաստանում բնակություն հաստատած: Մինչդեռ Սահմանադրությամբ ազգությամբ հայերը Հայաստանում բնակություն հաստատելու պահից ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Անվտանգային գերատեսչության ներկայացրած «Քաղաքացիության մասին» նոր օրենքի նախագծով ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ է սահմանվում Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը: Այլ կերպ ասած՝ եթե ազգությամբ հայը վերջին 2 տարում գոնե 2 ամիս օրինական հիմքով չի ապրել Հայաստանում, չի կարող ՀՀ քաղաքացի դառնալ: Հատուկ նշվում են Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի քաղաքացիները, որոնք, ինչպես «հայտնաբերել» է ԱԱԾ-ն, որոշ դեպքերում ժամանել են Հայաստան միայն ՀՀ քաղաքացիություն հայցելու նպատակով եւ «չեն իրականացնում հայանպաստ գործունեություն»։ 

«Ակնհայտ է, որ օտարերկրյա պետությունների դեպքում, հատկապես առանձին դեպքերում ներքաղաքական սուր լարվածության եւ ռազմական գործողությունների գոտիներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանափակ ռեսուրսներով, կարճ ժամկետներում ՀՀ քաղաքացիություն հայցող անձի ներկայացրած կենսագրական տվյալների, այդ թվում` ազգությամբ հայ լինելու փաստի արժանահավատության անհրաժեշտ խորը եւ բազմակողմանի ստուգում իրականացնելը հաճախ անիրատեսական է դառնում»,- նշված է հիմնավորման մեջ: 
Վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը կարծում է, որ ներկայիս տեսքով օրենքն ընդունելի չէ: Նրան մի քանի հարց տվեցինք: 

- Ի՞նչ է նշանակում՝ օրինական հիմքով բնակվել կամ գտնվել, եւ արդյոք օրենքը չի՞ նեղացնում սփյուռքահայերին: 

- Բնակության օրինական հիմքը կացության քարտն է, կամ էլ, ըստ առաջարկվող փոփոխությունների, անձը պետք է վերջին երկու տարում առնվազն երկու ամիս գտնվի Հայաստանում՝ գնա-գա: ԱԱԾ-ն, փաստորեն, ասում է՝ մեծ հոսքով գալիս են քաղաքացիություն հայցող անձինք, եւ հնարավոր չէ դրսից էդքան եկողների ստուգել, իրենց ով լինելը պարզել: ԱԱԾ-ն իր տեսակետից է նայում: Կարծում եմ՝ նախագիծը դեռ հում է, դրված է հանրային քննարկման, դեռ կլինեն տարբեր առաջարկներ, որոնց հիման վրա այն կլրացվի: 

- Որպես մասնագետ՝ ի՞նչ կարծիքի եք այս օրինագծի մասին, Ձեզ համար ընդունելի՞ է հայերի քաղաքացիություն ստանալն այսկերպ սահմանափակելը: 

- Ասում է՝ ազգությամբ հայը կարող է միանգամից դիմել քաղաքացիություն ստանալու համար: Բայց չի կարելի բոլորին նույն աչքով նայել: Պետք է տարանջատել ազգությամբ հայերին ու ծագումով հայերին, նրանց, ում հոր հայրը հայ է, բայց երեխայի ծննդյան վկայականում չի նշվել, որ նա հայ է: 

- Ինչո՞ւ չենք ուզում, որ Հայաստանը շատ քաղաքացիներ ունենա: Չէ՞ որ նախկինում խրախուսվում էր, օրենքն այնպես էր գրված, որ հնարավորինս շատ մարդիկ ՀՀ քաղաքացիություն ստանան: 

- Դե, ԱԱԾ-ն է ներկայացրել նախագիծը, ԱԱԾ-ն ռիսկ է տեսնում այդտեղ, թող մարդիկ հանրային քննարկման ժամանակ ներկայացնեն փաստարկներ ու հակափաստարկներ: 

- Սփյուռքն ընդունել է սա որպես օրինագիծ իրենց դեմ: Սիրիան, Լիբանանը նշված են որպես պոտենցիալ վտանգավոր երկրներ, որտեղից եկած քաղաքացիները «հայանպաստ գործունեություն չեն վարում»: 

- Սա նուրբ հարց է: Կարող եմ զուտ իմ կարծիքն ասել: ԱԱԾ-ն ասում է՝ պատերազմական գոտիներից գալիս են, քաղաքացիություն ստանում՝ այլ երկիր ճամփորդելու համար: Բոլորը գիտեն դա: Ուկրաինայում պատերազմն ակտիվացավ, սկսեցին գալ, պատերազմ է լինում, նոր հիշում են Հայաստանը: Ռեալ նայենք, բայց կա նաեւ հակառակ պահը՝ որ սփյուռքը չնեղանա: Այդ մարդիկ էլ կարող են ասել՝ «Հայաստան» հիմնադրամին փող ենք փոխանցում, Հայաստան չենք գալիս, բայց այդտեղ ամեն մեկս 10 ընտանիք ենք պահում, մանկատներ ենք պահում, պատերազմի փող ենք փոխանցում: Հիմա նեղն ենք, մենք էլ ձեր օգնությանն ենք դիմում, որ դուք մեզ շնորհեք հայկական անձնագիր, որ վաղը գանք, Հայաստան ապրենք։ Այո, սա էլ կա: Շատ զգույշ է պետք մոտենալ: 

- Լավ, Ձեր կարծիքը ո՞րն է, պե՞տք է այս նոր պահանջը, թե՞ ոչ: 

- Կարծում եմ՝ ազգությամբ հայերի մասով պետք է թողնել նախկին կարգավորումները, որ սփյուռքին չնեղացնենք: Այն անձը, ում ծննդյան վկայականում նշված է, որ հայրը կամ մայրն այլազգի են, բայց, օրինակ, պապը հայ է, ու նա նույն ռեժիմով է անցնում որպես ազգությամբ հայ, այ, թող այս կատեգորիայի համար մտցնեն այս 60 օրվա սահմանափակումը: Այս առաջարկով ինքը հայ եղավ, թե հայրը՝ հայ, նույնն է, ինչն արդար չէ: Ասենք, եթե քո հայրն իրեն հայ է համարել, ինչո՞ւ քո ծննդյան վկայականում չի գրել «հայ»: Եկեք տարանջատենք ծագումով ու ազգությամբ հայերին եւ ներկայիս նոր պահանջը մտցնենք միայն ծագումով հայերի համար: Կարելի է այլ չափանիշներ էլ սահմանել: Սահմանափակումներից ազատել, եթե անձն ազգությամբ հայ է, ՀՀ-ում ունի գույք, այսինքն՝ կենսական շահեր, տարին մեկ գալիս է իր տուն, Մասիս սարին նայում-գնում է: Կամ՝ Հայաստանում իրականացնում է ներդրումներ, կառավարում է հեռվից՝ չապրելով Հայաստանում: Կամ ասում է՝ ես Հայաստանում չեմ եղել, բայց մայրս ու հայրս հայ են, ՀՀ քաղաքացի են ու Հայաստանում գրանցում ունեն: Կամ՝ մարդու հոր գերեզմանն այստեղ է, տարին երկու անգամ գալիս-գնում է, նրանց էլ պետք է տարանջատել: Կամ՝ կարելի է տարանջատել այն անձանց, որոնք եղել են ՀՀ քաղաքացի, տեսել ենք, որ վտանգ չեն ներկայացրել, նորից ուզում են վերականգնել: Կամ՝ երկու կամ ավելի տարի ՀՀ-ում ունի գրանցված ձեռնարկություն, փող է ներդրել․ նրանց վրա էլ սահմանափակումը պետք չէ տարածել։ Նաեւ այն անձանց վրա, ովքեր կապացուցեն, որ գումարներ են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին կամ այլ բարեգործականների: Չէ՞ որ մենք չենք խոսում 1-2 հոգու, այլ 10 մլն սփյուռքի մասին: Պետք է այնպես անել, որ մարդիկ չվիրավորվեն: Այս դեպքում նախագիծը ե՛ւ անվտանգային տեսակետից ընդունելի կլինի, ե՛ւ սփյուռքը չի նեղանա: 

- Փաստորեն, Ձեր կարծիքով, պետք է նման նախագիծ: 

- Ես իմ տեղը նստած՝ չէի ասի՝ եկեք ընդունենք նման նախագիծ, բայց քանի որ ԱԱԾ-ն այստեղ վտանգ է տեսնում, դրել է: 

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը նոր օրինագիծը սխալ քայլ է համարում։  «Իմ կարծիքով, պետք է հեշտացնել սփյուռքահայերի՝ քաղաքացի դառնալը եւ ոչ թե խոչընդոտել»։ 

ՀԳ․ ԱԱԾ մտահոգությունները գուցեեւ ընդունեինք հալած յուղի տեղ ու հավատայինք, որ ՀՀ քաղաքացիություն հայցողների առաջ նոր պահանջներ դնելը թուրքական «զակազ» չէ, եթե սահմանափակումները չլինեին համատարած: Հայտնի է, որ տարբեր պատճառներով ավելացել է քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը, ինչը վախ է առաջացնում իշխանության մոտ, քանի որ փոխվում է էլեկտորատի քաղաքական նախասիրությունների հարաբերակցությունը, իսկ սփյուռքում Փաշինյանը բարձր վարկանիշ չունի: Սփյուռքը հիմնականում դեմ է թուրքերի ու ադրբեջանցիների հետ իշխանությունների սիրախաղին, ահա ինչու ամեն կերպ բարդացնում են նման անձանց մուտքը ՀՀ: ԱԱԾ ներկայացրած օրինագծում այդպես էլ ասված է՝ այն նպատակ ունի «նվազեցնել ազգությամբ հայ ներկայացող, սակայն իրականում հայկականության հետ որեւէ առնչություն չունեցող օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցելու դիմումների քանակը»:

Ի դեպ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին արգելել են մտնել Հայաստան: Նա ասում է, որ ոստիկանությունն իրեն ուղեկցել է դեպի վերադարձի օդանավ, եւ անձնագիրն առգրավվել է: Փափազյանին չեն հայտնել, թե ինչու են արգելում մտնել երկիր․ «Ապա ինձ որոշում տվեցին, որ ես իրավունք չունեմ մտնել Հայաստան՝ անցանկալի անձ եմ»: Նա դիմել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: