«Հրապարակ». Ավտոբուսները խափանվել են՝ պահեստամասեր չկան, որ նորոգեն

«Հրապարակ». Ավտոբուսները խափանվել են՝ պահեստամասեր չկան, որ նորոգեն

Երեւանցիներն ու մայրաքաղաքի տրանսպորտից օգտվողները տեւական ժամանակ է՝ դժգոհում են, որ տրանսպորտը շատ վատ է աշխատում, քաոսային վիճակ է ստեղծվել՝ «ժամերով» սպասում են կանգառներում, որ տրանսպորտ գա, բայց շատ ուշ է գալիս։ Դժգոհում են նաեւ ավտոբուսային գծերից, որ ոչ միայն շատ ուշ-ուշ են գալիս եւ գերբեռնված, այլեւ վատ են կազմված երթուղիները եւ մարդկանց հարմար չեն։ Մեզ ասացին, որ անկանոն երթեւեկության եւ ուշ-ուշ ժամանելու պատճառն ավտոբուսների անսարքությունն է։ Մի քանի օր է՝ քսանից ավելի ավտոբուս խափանված-կանգնած է, ու չեն կարողանում համապատասխան պահեստամասերը ճարել, որ նորոգեն ու նորից գիծ վերադարձնեն։

Քաղաքապետարանից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ տեխնիկական խնդիր կա Higer մակնիշի ավտոբուսների հետ կապված, քանի որ վերջինները բավական հին են: 
«Վերջին մի քանի ամսվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանը երեք անգամ մրցույթ է հայտարարել՝ նշված ավտոբուսների համար ավտոպահեստամասեր ձեռք բերելու նպատակով, սակայն մասնակիցների բացակայության պատճառով մրցույթները չեն կայացել: Արդյունքում որոշում է կայացվել պահեստամասերը ձեռք բերել ուղիղ գնման միջոցով: Արդեն օգոստոսին պահեստամասերը կներկրվեն Հայաստան, եւ խափանված ավտոբուսները սեպտեմբերին կրկին կսկսեն շահագործվել»,- ասաց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լեւոն Սարդարյանը։ Ինչ վերաբերում է Zhong Tong ավտոբուսներին, ապա Սարդարյանն ասաց, որ այս մեքենաների սպասարկման հետ կապված խնդիրներ չկան: 

Հիմա ամառ է, եւ բավականին թերբեռնված է քաղաքային տրանսպորտը․ մարդկանց մի հսկա զանգված արձակուրդում է, քաղաքում չէ, չեն գործում դպրոցներն ու բուհերը։ Այսինքն՝ ուսանողության եւ դպրոցականների մի հսկա հատված այսօր չի օգտվում մայրաքաղաքային տրանսպորտից։ Եթե այսօր նման խնդիրներ կան, եւ տրանսպորտը չի բավարարում, կարող ենք պատկերացնել, թե սեպտեմբերին, երբ բոլորը վերադառնան աշխատանքի, երբ սկսեն գործել ուսումնական հաստատությունները, ինչ կարող է կատարվել Երեւանում։ Այնպես որ, Երեւանի քաղաքապետարանն ավտոբուսները նորոգելու եւ նորից գիծ վերադարձնելու շատ ժամանակ չունի՝ ընդամենը մեկուկես ամիս։