Սա Անգոլան չէ

Սա Անգոլան չէ

Երեկ առավոտյան տեղեկացանք, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի՝ CCAF-ի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին թույլ չեն տվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գա․ երկար պահել են, ապա ԱԱԾ աշխատողները տեղեկացրել են, որ նրա հետ կապված կառավարության որոշում կա՝ նրան արգելված է մեր երկիր մուտք գործելը։ Մենք, իհարկե, դեռ կփորձենք պաշտոնական պատասխան ստանալ, թե ֆրանսահայ համայնքի հայտնի ու հարգված անձի մուտքն ինչու են արգելել։ Բայց եթե, իրոք, նրան ՀՀ իշխանությունը հայտարարել է «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ, եւ դա պայմանավորված է նրա հայացքներով, քննադատությամբ՝ ուղղված գործող իշխանություններին, սա ուղղակի խայտառակություն է, ոչ մի սահմաններում չտեղավորվող քայլ, «բեսպրեդել»։

Հայաստան պետությունը ոմանց բոստանը չէ, որ իրենց քննադատողներին թույլ չտան երկիր մուտք գործել, փակեն բանտերում կամ տարբեր ճնշումներ եւ սահմանափակումներ կիրառեն նրանց նկատմամբ։ Եվ մենք սովետական ժամանակներում չենք ապրում, որ ԽՍՀՄ Կենտկոմի քարտուղարը որոշի, թե ով իրավունք ունի ապրել երկրում, ում է պետք Սիբիր քշել, ում՝ արտաքսել երկրից։ Եվ դա արվի նման բարբարոս մեթոդով՝ մարդը կնոջ հետ ժամանի երկիր, անձնագրային ստուգում անցնելու ժամանակ ուղեկցեն հատուկ սենյակ, եւ ինչ-որ սպաներ տեղեկացնեն, թե ՀՀ կառավարության, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, իրավունք չունեք մտնել երկիր։

Մարդը թմրանյութ կամ զենք չի տեղափոխել, Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ չէ, հեղինակավոր ու հայտնի անձ է ֆրանսահայ համայնքում, ո՞վ է իրավունք տվել նրա հետ նման կերպ վարվել, ո՞ւմ հրահանգով եւ ինչո՞ւ։ Սա Անգոլան չէ, ոչ էլ Հյուսիսային Կորեան, որ բռնապետի կամքը փոխարինի օրենքին։