Ի հավերժացում զոհված հայորդիների

Ի հավերժացում զոհված հայորդիների

Ազգովի սգում ու դեռ երկար ժամանակ սգալու ենք մեր նահատակների հա­մար. ոմանք անարցյունք ու լուռ` իրենց հոգիների խորքերում, ոմանք՝ բացահայտ, ար­ցունքներն աչքերին, առանց իրենց հոգիներին պատած անմորմոք վիշտը թաքցնելու: Այս սուգն էլ կանցնի, վերքերն էլ կսպիանան, ինչպես եղավ արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ: 

Ասվում են հիշատակի խոսքեր, որոնք, գուցե, կարևոր են, ձեռնարկվում են նախաձեռնություններ՝ զոհվածների ընտանիքներին սատա­րելու, գոտեպնդելու հա­մար: Այս ամենը բնական է: Թվում է կարևոր, որ երեք պատերազմներից պետք է դասեր քաղել, որոնցից գլխավորը մարդկային անդառնալի կորուստներն ինչ որ կերպ վերականգնելն է: 

Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո, խորհրդային մյուս հանրա­պետությունների շարքում, Հայաստանը, նրա բնակչությունը ոչ միայն սգացել է 300 հազար հայորդիների համար, այլև համապատասխան վարքագիծ է դրսևորել՝ ըն­տանիքի պլանավորման հարցում, գուցե բնազդով: Պատերազմից վե­րա­դար­ձած­նե­րը, թիկունքում հերոսական աշխատանքով հաղթանակի օրը մոտե­ցնողները զգացել են պատերազմում գրեթե 30 մլն խորհրդային մարդ­կանց կորստի ամբողջ ողբեր­գա­կա­նությունը, իրենց հոգիների ողջ խորությամբ գիտակցել են, որ իրենք պետք է ապ­րեն նաև զոհվածների փո­խարեն: Այս առումով, ԽՍՀՄ եվրոպական մասի քայ­քայված ու վերացված տնտեսության, մարդկային կորուստների վերա­կանգ­նումը դարձան երկրի առաջնահերթություններ: Տնտեսությունը, ավերված քաղաքներն արագ վերականգնվեցին: Իսկ մարդկային կորուստները հնարավոր չէր վերա­կանգնել կառավարության կամ կենտկոմի որոշումներով, գործեց մարդկային բնազդը և, անշուշտ, հատկապես պատերազմից վերադարձածների ենթագի­տակ­ցությունը. նրանցից շատերն իրենց երեխաներին անվանակոչում էին իրենց զոհված ընկերների անուն­ներով: Նրանք ապրում էին իրենց և կորցրած մարտական ընկեր­ների փոխարեն, սատարում զոհվածների ընտանիքներին:

Այլ է իրավիճակը մեր ժամանակներում: 20-րդ դարի երկրորդ կեսից գուցե ժողովրդագրության վրա ազդել են այլևայլ գործոններ. կարիերա, եկա­մուտներ, գործազրկության աճ ու նման բաներ: Բայց, 1950-ականներին խորհրդա­յին մարդ­կանց կենսամակարդակն ավելի բարձր չէր, քան ներկայում: Մինչդեռ Հայրենական պատերազմի ավարտից հետո՝ 1950-1958 թվականների միջին ծնելիության գոր­ծակիցը կազմել է 37.8 (ծնվածների թվա­քանակը 1000 բնակչի հաշվով): 

Հայաստանի անկա­խության հռչակման տարվանից՝ 1991 թվականից ծնե­լիության գոր­ծակիցը ՀՀ-ում կայուն նվազման միտում է դրսևորել: Այդ միտման վրա չի ազդել նույնիսկ արցախյան առաջին պատերազմը, որի ժամանակ նահա­տակ­վեցին հազարավոր հայորդիներ, այսինքն՝ չի գործել նույնիսկ մարդկային սովո­րական բնազդը: Համեմատության համար՝ 1999-2008 թվականների միջին ծնե­լիության գոր­ծակիցը կազմել է 11.8, այսինքն՝ 20-ով պակաս, քան եղել 1941-45 թթ. պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում: Ավելին, նույնիսկ Արցախի բնակ­չութ­­յունն էապես չի ավելացել, մինչդեռ այն պետք է կրկնապատկվեր, եռա­պատկվեր:

ՀՀ-ում բնակչության բնական աճը խիստ բացասական միտումներ ունի. 2015 թ. ՝ 13.9 (1000 բնակչի հաշվով), 2016 թ.՝ 12.4, 2017 թ.՝ 10.6, 2018 թ.՝ 10.8, 2019 թ.՝ 9.8: Հավանաբար, 2020 թվականինը կկազմի 5-6 հազար, նկատի ունենալով, թե հիմնականում որ տարիքային կազմից են եղել զոհվածները (20-29 տարեկան): Նրանցից շատերն ամուսնացած էլ չեն եղել, իսկ ոմանք ունեցել են մեկ զավակ կամ սպասելիս են եղել առաջնեկին: Զոհվածների գոյություն ունեցող կամ պոտենցիալ կանայք, ենթադրաբար, պատկանել են 20-24 կամ 25-29 տարեկան կանանց խմբե­րին, որոնց ծնե­լիության միջին գործակիցը 2015-2019 թթ. եղել է համա­պատաս­խանաբար՝ 112.7 և 100 (համե­մատության համար՝ 20-ից ցածրինը՝ 21.1, 30-35-ը՝ 57.4): 

2015-2019 թվականներին տարիքային այդ 2 խմբերում նույնիսկ 2019 թվականի մակարդակի պահպանման դեպքում, կարելի է ասել, որ պատե­րազմի գլխավոր դասը չենք յուրացրել: Հետևաբար, ծնելիության գործակցի առնվազն կրկնակի բարձրացումը կենսական անհրաժեշտություն է մեր երկրի ապագայի համար:

Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ այնքան բանակին անհրաժեշտ համալրում ապա­հովելուն, ինչն ինքնստիքյան հասկանալի է, այլ նրան, որ բնակչության թվաքանակի բացարձակ աճը նպաստում է երկրի տնտեսական զարգացմանը. դարեր շարունակ բնակչության թվաքանակում օժտվածների բաժնեմասը մնացել է անփոփոխ: Այսինքն, որքան մեծ է բնակչության թվաքանակը, այնքան մեծ է նրանում օժտված մարդկանց բացարձակ թիվը, ինչը, առաջին հերթին, տեխնոլոգիական զարգացման գրավականն է: