Կա՛մ Նիկոլը վարչապետի պաշտոնում, կա՛մ Հայաստանը

Կա՛մ Նիկոլը  վարչապետի պաշտոնում, կա՛մ Հայաստանը

Մի քանի շաբաթ առաջ, եթե հիշում եք, ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը մեծ-մեծ բրդում էր, թե ՌԴ ԱԳՆ-ի խոսնակն իրավունք չունի մեկնաբանելու իր խոսքը: Դա փորձում էր հիմնավորել այն հանգամանքով, որ ինքը Մոսկվա այցելելիս հանդիպում է ոչ թե նրա, այլ ՌԴ նախագահի հետ: Եվ նիկոլամետ մամուլն էլ հերթական անգամ հակառուսական հիստերիա էր բարձրացրել այդ առումով: Կրկին հիշեցնեմ՝ արցախցիների անվտանգությունն այսօր ապահովվում է ոչ թե Հայաստանի՝ ինչպես նախքան Նիկոլի վարչապետությունն էր, այլ զուտ ռուսական խաղաղապահների շնորհիվ: Ավելին, Հայասատանի Հանրապետության անվտանգությունն է ապահովվում Ռուսաստանի միջոցով՝ նրա հետ երկկողմանի փոխադարձ օգնության պայմանագրի հիման վրա:

Իսկ հիմա կատարեմ մեջբերում երկու օր առաջ հնչած մի հայտարարությունից: «Հայաստանը երկիր է, որը 30 տարի խոչընդոտել է տարածաշրջանում խաղաղությանը, օկուպացիայի տակ պահել ադրբեջանական տարածքները, էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։ Ինչ եք կարծում, ո՞վ է այս հայտարարության հեղինակը: Ադրբեջանի նախագա՞հը, թե՞ այդ երկրի ԱԳՆ ղեկավարը, թե՞ պետական այդ կառույցների աշխատակազմից որևէ մեկը... Ոչ, դրա հեղինակն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական կազմակերպությունն է: ՌԴ ԱԳՆ-ի խոսնակի հետ կռիվ տվող Նիկոլը հայտնվել է այնպիսի վիճակում, որ Հայաստանի հասցեին անհեթեթություններ է դուրս տալիս ինչ-որ ադրբեջանական ՀԿ: Նիկոլն, իհարկե, չտեսնելու է տվել այդ երևույթը, բայց չտեսնելու տալը չի նշանակում, որ այն գոյություն չունի: Հատկապես, որ ինչ-որ ՀԿ-ի անունից Նիկոլին պատասխան է տալիս հենց Իլհամ Ալիևը: Բայց ցավն այն է, որ հենց ՀԿ-ի անունից: Ու Նիկոլը լռում է...

Բավարար չի, որ թշնամի երկրում ինչ-որ ՀԿ-ի անունից Նիկոլ են մեկնաբանում, նույնիսկ Նիկոլի նշանակած ԱԱԾ պետին և պաշտպանության (արդեն՝ նախկին) նախարարին են ձեռ առնում: Առաջինի դեմ օգտագործելով հենց Նիկոլի կեղծ մեղադրանքը Շուշիից (ՀԿ-ի հայտարարության մեջ՝ Ղարաբաղից) փախչելու վերաբերյալ: Ու նրան խորհուրդ են տալիս «վերջ դնել այնպիսի ուտոպիստական ​​և սադրիչ գաղափարներին», ինչպիսին, ըստ ՀՀ ԱԳՆ-ի անվերջ կրկնվող հայտարարությունների, Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումն է միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով: Դրանով էլ չբավարարվելով, Իլհամն էլ ինչ-որ ՀԿ-ի անունից Նիկոլին առաջարկում է վերջինիս նախաձեռնած խաղաղության օրակարգ կոչված անհեթեթությունը կյանքի կոչելու մեխանիզմը: Այն է՝ «երկխոսություն սկսել այդ ՀԿ-ի հետ՝ քննարկելու արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը»:

Նիկոլի գլխավոր հրամանատարությամբ Հայաստանը խայտառակ պարտություն է կրել 44-օրյա պատերազմում: Պատերազմից հետո Նիկոլը կատարել է ոչ միայն եռակողմ հայտարարության դրույթները, այլև Իլհամի համարյա բոլոր բանավոր պահանջները: Եվ չի ստացել նույնիսկ այն, ինչ գրված է եռակողմ հայտարարության մեջ: Որպեսզի պահպանի իր իշխանությունը՝ Նիկոլը ստիպված է կաարել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և ՀՀ տարածք ադրբեջանցիների վերադարձի՝ ինչ-որ ՀԿ-ի անունից բարձրաձայնված պահանջները: Ինչը նշանակում է Հայաստանի վերջը տեսանելի ապագայում: Որպեսզի դա տեղի չունենա՝ Նիկոլը պետք է հեռացվի վարչապետի պաշտոնից: Խնդիրը միանշանակ է՝ կա՛մ Նիկոլը վարչապետի պաշտոնում, կա՛մ Հայաստանը...