ԴԱՀԿ-ն կոտրել է 93-ամյա կնոջ բնակարանի դուռը

ԴԱՀԿ-ն կոտրել է 93-ամյա կնոջ բնակարանի դուռը

Արդեն մեկ շաբաթ է՝ Ֆիրդուսի թաղամասում կրքերը չեն հանդարտվում: Դեկտեմբերի 17-ին գրել էինք, որ Երեւանի կենտրոնում գտնվող թաղամասում, որը վաղուցվանից է կառուցապատման ծրագրում, սկսել են չափագրումներ, որ ստիպողաբար մարդկանց փոխհատուցումներ տան եւ վտարեն իրենց տներից: Հանրապետության 8 ա հասցեում գտնվող Սաֆարյանների ընտանիքը դատարան է դիմել եւ պահանջում է, որ շուկայական գներով փոխհատուցում տրամադրեն իրեն: ԴԱՀԿ-ի աշխատակիցները երեկ կոտրում էին 93-ամյա կնոջ տան դուռը, որ չափագրումն անեն: Սաֆարյանների ընտանիքը պնդում է, թե մնալու են իրենց իսկ կառուցած առանձնատանը եւ այն չեն լքելու քառակուսի մետրը 750 դոլար փոխհատուցման դիմաց:

Ընտանիքի կրտսեր որդին` Իսրայել Սաֆարյանը, մեզ հետ զրույցում ասաց․ «ԴԱՀԿ աշխատակիցները պետք է գային առավոտյան ժամը 11-ին, սակայն եկել են ժամը 15:00-ին, գնահատում են արել օրենքի խախտմամբ` դռներ ջարդելով, տարեց կինը վատացավ, շտապօգնություն ենք կանչել: Ոչ մի փաստաթուղթ եւ որոշում չներկայացնելով՝ ներխուժել են բակ, մեզ պատճառել մի շարք վնասներ: Մենք պահանջում ենք շուկայական արժեքին համապատասխան գումար, որպեսզի մոտակայքում կարողանանք բնակարաններ գնել, իսկ իրենք կոպեկներով են գնահատում, 819 քառակուսի մետրի համար փորձում են կոպեկներ տալ, մենք մինչեւ ՄԻԵԴ գնալու ենք: Ես առաջարկում եմ մեր տարածքի քառակուսի մետրին համաձայն` մոտակայքում բնակարան տան մեզ, թե դա ինչքան կարժենա, ես չգիտեմ: Մենք ունենք 819 քմ հող, որի վրա կան գրանցված օրինական շինություններ` առանձնատուն, ավտոտնակներ, առանձին սենյակներ եւ պահեստներ: Դրանք բոլորն օրինական են, այնպես որ՝ պետք է մեր ունեցվածքին համարժեք փոխհատուցում տրամադրեն, հակառակ դեպքում մենք այստեղից դուրս չենք գալու»: 93-ամյա Վարյա Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ԴԱՀԿ աշխատակիցները կոտրել են իր սենյակի դուռը, բղավել, ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերել. «Եկան՝ դմփ, դմփ, դմփ, դուռը ծեծեցին, չբացեցինք, սրանք էլ կոտրեցին դուռը, երեխաներին, ինձ` բոլորիս վախեցնելով: Նկարել են, որ իբր փոխհատուցում տան, բայց նորմալ փող չեն տալիս, շատ վատ են գնահատում, դե, պիտի մի բան անեն, որ պետությունը փող ունենա, մեր հաշվին են խնայողություն անում, նայի մեր տարածքին, տղա ջան, սա ինչքա՞ն կարժենա, ո՞նց կարելի ա էսքան քիչ փոխհատուցում տալ։ Տենց լավ չի, ձրի իրանց տանք էս սաղ ու դուրս գանք․ աչքներին ա երեւում, մի սրանց տես»: