«Ոչմիթիզականությունը» մերժելու արդյունքը

«Ոչմիթիզականությունը» մերժելու արդյունքը

Մի զարմանալի բան ասեմ. Արցախի կորստի համար բոլոր ընդդիմադիրները մեղադրում են Փաշինյան Նիկոլին: Ինչը, բնական է, այդպես էլ պետք է լիներ: Բայց երեւի մի քանի մարդ ենք, որ մեղավոր ենք համարում նաեւ մեկ այլ անձի: Եվ դա… ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Չգիտես ինչու, շատերը չեն ցանկանում գիտակցել, որ Տեր-Պետրոսյանի կողմից «ազգակործան պատուհաս» բնորոշված Փաշինյանն ընդամենը կյանքի է կոչում հենց վերջինիս՝ ընդդեմ «ոչմիթիզականության» գաղափարը: Միաժամանակ, բազմաթիվ անգամ է հիշատակվում «եթե այսօր չհամաձայնենք ադրբեջանական առաջարկներին, ապա վաղը նույնը խնդրելու ենք ու չենք ստանալու» բանաձեւումը: Եվ ավելացվում է, որ այսօր մենք բախվել ենք հենց այդ «մարգարեությանը»:

Անկեղծ ասած, կար ժամանակ, որ ես եւս, որպես Տեր-Պետրոսյանի հետեւորդ, կարծում էի, թե, որպես հաղթանակած կողմ, մեզ ձեռնտու էր մինչեւ նավթագազային խողովակաշարերի կառուցումը հրաժարվել «ոչմիթիզականության» գաղափարից: Համաձայնության գալ Ադրբեջանի այսօրվա նախագահի հոր հետ եւ արդյունքում ստանալ այդ խողովակաշարերի անցկացումը Հայաստանի տարածքով: Ժամանակին այդ գաղափարը ներկայացվում էր ավելի լայն երեւույթի՝ հարավկովկասյան խաչմերուկի համատեքստում: 

Բայց ողջ խնդիրն այն էր, որ հենց ՀՀ առաջին նախագահի օրոք էր կնքվել Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ՝ կարծեմ 25 տարվա համագործակցության ու անվտանգության (այսինքն՝ ռազմական փոխօգնության) պայմանագիրը: Ինչը նշանակում է, որ ով էլ լիներ Հայաստանի ղեկավարը, նա պետք է գիտակցեր, որ հանուն խողովակաշարերը մեր երկրի տարածքով անցկացնելու գաղափարի՝ պետք է առարկության հանդիպեր Մոսկվայում: Որովհետեւ դրանց նպատակը եվրոպական երկրներին ռուսական նավթագազային մատակարարումների կախվածությունից որոշակիորեն թուլացնելն է: Ինչը, բնականաբար, հակասության մեջ էր մտնելու Ռուսաստանի շահերի հետ: Իսկ անվտանգության հարցում Ռուսաստանի եւ այնուհետեւ նրա կողմից ձեւավորված միջպետական կառույցների հովանավորությունը վայելող մեր փոքր երկիրը չէր կարող անել այնպիսի մի քայլ, որը կհակասեր Ռուսաստանի շահերին: Ի դեպ, դրա լավագույն վկայությունն Իրան-Հայաստան գազատարի կառուցումն էր, որ ենթադրվում էր 1400 մմ-անոց տրամագծով, սակայն իրականացվեց դրա կիսով չափով: Բնականաբար՝ Ռուսաստանի ղեկավարության պահանջով: Կարծում եմ, որ դա բնական երեւույթ է՝ եթե որեւէ երկիր իր անվտանգության ապահովման խնդիրը պատվիրակում է մեկ այլ ու ավելի հզոր պետության, ապա պետք է գիտակցի, որ արտաքին փոխհարաբերությունները՝ լինեն դրանք ռազմական, քաղաքական թե տնտեսական առումներով, պետք է սահմանափակումներ ունենան: 

Ինչը նշանակում է, որ, ի հեճուկս Ռուսաստանի, Հայաստանը երբեք չէր դառնա տարածաշրջանային խաչմերուկ: Իսկ եթե, այնուամենայնիվ, մեր երկրի որեւէ իշխանություն փորձեր նման քայլի դիմել, ապա այդ ամենը կավարտվեր ոչ թե խաչմերուկի կայացմամբ, այլ՝ տարածքային կորուստներով: Չպետք է մոռանանք, որ պետությունների փոխհարաբերությունները բնութագրվում են ոչ թե հարազատությամբ, այլ՝ սեփական շահերով: Եվ այդ դպքում նշանակություն չունի, թե որ պետության ազդեցության գոտում է գտնվում փոքր երկիրը՝ արեւմտյան ժողովրդավարակա՞ն, թե՞ եվրասիական ավտորիտար: Միջազգային իրադարձությունների քիչ թե շատ լուրջ դիտարկումը ցույց կտար, որ երկու դեպքում էլ վարվում են նույնկերպ:

Երկուսն էլ նույն ոգով պաշտպանում են («այսինչ անձը շան թուլա է, բայց մեր շան թուլան է») իրենց հովանավորյալին եւ կամ նույն ոգով պատժում: Ի դեպ, ներկայացվածի հակադարձ երեւույթը՝ երբ փոքր երկիրը փորձում է հովանավոր փոխել, արժանանում է նույն ճակատագրին՝ պատժվում է: Եվ քանի որ սկսեցինք Տեր-Պետրոսյանով, ապա նրանով էլ ավարտենք: Ցավալի է, սակայն գերխելացի համարվող Տեր-Պետրոսյանը (Աստված նրան առողջություն տա) ընդդեմ «ոչմիթիզականության» իր գաղափարախոսությամբ նախապատրաստեց այն փոսը, որում այսօր գտնվում ենք մենք: Հենց այսպիսին պետք է լիներ «ոչմիթիզականությունը» մերժելու արդյունքը: