Հայ ժողովրդի ամենեն մեծ ձեռքբերումն այդ փակ սահմանն է

Հայ ժողովրդի ամենեն մեծ ձեռքբերումն այդ փակ սահմանն է

Կինոգետ, խմբագիր, Հայաստանի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանը Հայաստանի ազգային գրադարանում ներկայացրեց իր՝ «10 օր Անրի Վերնոյի հետ» գիրքը, որը գրված է հուշագրության ժանրով։

Ռոբերտ Մաթոսյանի այս գրքույկը հարգանքի տուրք է 20-րդ դարի մեծագույն կինոբեմադրիչներից մեկի՝ Անրի Վերնոյ-Աշոտ Մալաքյանի 100-ամյակին։

1980 թվականին Վերնոյի՝ Հայաստան այցի ժամանակ Ռոբերտ Մաթոսյանը 10 անմոռանալի օրեր է անցկացրել նրա հետ, ինչի մասին էլ պատմում է իր հուշագրություններում։ Գիրքը հրատարակել է իր եւ ընկերոջ ջանքերով, մինչդեռ, ինչպես նշում է հեղինակը, լավ կլիներ, որ այն թարգմանվեր գոնե ֆրանսերեն։

«1980թ․ Անրի Վերնոյը ժամանեց Երեւան ու առաջին վայրկյանից ինձ ընտրեց՝ որպես իրեն ուղեկից։ Այդ 10 օրվա ընթացքում գիշեր-ցերեկ իր հետ եմ անցկացրել։ Չնայած օրագրեր չեմ պահել, բայց շատ բաներ հիշում եմ, ինչպես այսօր։ Սա հուշագրություն է, որը, ի դեպ, բարդ ժանր է, որովհետեւ մեկ-մեկ հեղինակը դառնում է հերոս, հերոսն էլ դառնում է երկրորդական, բայց ես այս գրքում կամերայի դերում եմ եւ ընթերցողին եմ ներկայացնում Անրի Վերնոյի հայաստանյան այցից տարբեր պատմություններ,- մեզ հետ զրույցում ասում է հեղինակն ու հիշում մի քանի պատմություն։- Հիշում եմ՝ երբ Գեղարդավանքից եկանք-կանգնեցինք Չարենցի կամարի մոտ, նայում էր Արարատին, ես էլ՝ իր դեմքին, մեկ էլ ինձ ասաց՝ Ռոբե՛րս, այն ներքեւի լեռնաշղթան ի՞նչ է, պատասխանեցի՝ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանն է։ Մի փոքր դադարից հետո ասաց՝ հայ ժողովրդի ամենեն մեծ ձեռքբերումն այդ սահմանն է․․․․ ու երջանիկ էր, որ այդ սահմանը փակ է ու ամուր․․․։ Մի անգամ էլ Իտալիայում նրան հարցնում են՝ ո՞վ է հայը, ասում է՝ հայը նա է, որոնց մայրերը տանն են մահանում»։  

Անրի Վերնոյը 1980-ի հայաստանյան այցելությունից հետո 10 տարվա ընթացքում հրատարակել է «Մայրիկ» հուշերի գիրքը, նկարահանել է եւս 2 կինոնկար եւ այցելության խմորումներից, ստեղծագործական այդ գործունեությունից հետո նոր միայն կյանքի է կոչել մեր կողմից այդքան շատ սիրված «Մայրիկ» ֆիլմը։