Չալաբյանի հետաքրքիր հարցերը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանին

 Չալաբյանի հետաքրքիր հարցերը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը:

 «Ես շարունակում եմ պնդել, որ երբ կարդում եմ մեղադրական եզրակացությունը», ինձ մոտ հստակ տպավորություն է ստեղծվում, որ այս մեղադրական եզրակացությունը ծայրահեղ միտումնավոր է կազմված։ Քրեադատավարական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ինչ է նշանակում ապացույց։ Ապացույց է հանդիսանում մասնավորապես փորձագիտական եզրակացությունը։ Հիմա իմ գործով ձայնագրության վերաբերյալ մենք ունե՞նք փորձագիտական եզրակացություն»,- ասաց Չալաբյանը՝ դիմելով Մնացական Մարտիրոսյանին։

«Երբ լսում ենք այդ ձայնագրությունը, շատ հստակ տարանջատվում է իմ խոսքն ու խոսակցության այլ մասնակիցների խոսքը։  Հենց դա ինքնին արդեն իսկ ցույց է տալիս, որ ոչ ցույցերի կազմակերպման, ոչ նյութական խրախուսման վերաբերյալ որևէ արտահայտություն ես չեմ արել։ Հիմա փաստորեն այս կարևոր վերծանությունը մեղադրական եզրակացության մետ տեղ չի գտել, փոխարենը մեղադրական եզրակացության մեջ տեղ է գտել ոչ մասնագիտական զննությունների երկու արդյունք, որոնք իրար կրկնում են ու որոնք որ տեղ են գտել նաև վկաների ցուցմունքներում և այլն։ Ես հիմա հարց եմ տալիս, հարգելի դատարան, եթե իսկապես այս մեղադրական եզրակացությունը միտումնավոր կազմված չէ, եթե իսկապես այս եզրակացության նպատակը իմ մեղքը ծանրացնելը չէ, ապա ինչու վերծանությունը տեղ չի գտել մեղադրական եզրակացությունում ու ինչու եք դուք այս էական ու կարևորագույն գործոնը արհամարում»,- հավելեց Չալաբյանը։

Նշենք, որ Չալաբյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարան դատական նիստը հետաձգելու համար, քանի որ , ըստ պաշտպանների, մեղադրական եզրակացությունը պետք է հետ վերադարձվի՝ շտկումների համար։ Ըստ պաշտպանների՝ մեղադրական եզրակացությունը չի համապաստխանում օրենքին։ Մնացական Մարտիրոսյանը՝ անելով իր դիտարկումները պնդեց, թե նիստը հետաձգելու կարիք չի տեսնում։ Նշենք նաև, որ Չալաբյանն ու իր պաշտպանները մտավախություն ունեին, որ դեռ նախորդ նիստին պիտի Չալաբյանին կրկին կալանավորեն, սակայն առողջական խնդիրներով պայմանավորված այն հետաձգվեց ու կայանում է այսօր։ Չալաբյանը, հիշեցնենք, օրերս էր դուրս եկել կալանավայրից։