Կոռուպցիայի դեմ պայքա՞ր, թե՞ դասական կոռուպցիա

Կոռուպցիայի դեմ պայքա՞ր, թե՞ դասական կոռուպցիա

Իշխանությունը ցանկանում է կոռուպցիայի դեմ պայքարի եւս մի կառույց ստեղծել։ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծերի փաթեթը երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի մշտական նիստի օրակարգում էր։ 2019-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակոռուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ էլ մյուս բոլոր մարմիններում՝ ազգային անվտանգության, հատուկ քննչական ծառայություններում, քննչական եւ պետեկամուտների կոմիտեներում, պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները եւ փոխանցվեն այդ Հակակոռուպցիոն կոմիտեին:

Նոր կենտրոնի աշխատակիցների քանակը, ըստ նախագծի, լինելու է մոտ 150, այդ թվում՝ առնվազն 30 քննիչ ու 60 օպերլիազոր: Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման համար կառավարությունը 8 միլիարդ 203 միլիոն դրամ է հատկացրել, որը նախատեսված է ծախսել 2021-2023 թվականներին, մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերի, ավելի քան 5 միլիարդը՝ շենքային պայմանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ՝ տրանսպորտային հագեցվածության համար: Կոմիտեի աշխատակիցներից յուրաքանչյուրի աշխատավարձը մոտավոր կկազմի 650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ մոտ 700 հազար դրամ: Մամուլի  տեղեկություններով՝ նորաստեղծ քննչական մարմինը ղեկավարելու է 28-ամյա Արգիշտի Քյարամյանը, ով պատերազմի ժամանակ անակնկալ ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, իսկ պատերազմից հետո նշանակվեց Քննչական կոմիտեի փոխնախագահ:
Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտ 3 տարվա ընթացքում սա ոչ առաջին, եւ կարծում ենք՝ ոչ էլ վերջին կառույցն է լինելու, որի ձեւավորմամբ իշխանությունները թմբկահարել են կոռուպցիայի դեմ անողոք պայքարի մասին։

Հատկապես որ մինչեւ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից բազմիցս խոսել է կոռուպցիայի մասին՝ նախորդ իշխանությանը համարելով ամենակոռումպացվածը: Իսկ 2018-ի հունիսի 7-ին՝ արդեն վարչապետի պաշտոնում, կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց․ «Մենք արմատախիլ ենք անելու կոռուպցիան եւ որոշումների կայացման կոռուպցիոն մեխանիզմները, եւ համոզված եմ, որ դա անելու ենք հեշտությամբ, որովհետեւ երբ երկրի ղեկավարը թաթախված չէ կոռուպցիայի մեջ եւ կաշկանդված չէ կոռուպցիոն որեւէ խարդավանքով, սա արդեն կոռուպցիան ջախջախելու կարեւորագույն նախապայման է»: Թե ինչ արեցին երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը՝ երկրի կառավարման եւ հատկապես կոռուպցիան արմատախիլ անելու մասով, շատերիս է եղել տեսանելի, մի բան փաստ է, որ նախկին «թալանչի» կոռուպցիոներներից որեւէ մեկը ցայսօր պատասխանատվության չի ենթարկվել, հարուցվել են քրեական գործեր, որոնք հետո կարճվել են կամ կասեցվել, ձերբակալվածներին ազատ են արձակել՝ հիմքերի բացակայության պատճառով, քրեական գործերը չեն հասցվել ավարտին, եւ ոչ մի դատական վճիռ չունենք առայսօր։ Եթե անգամ ոմանք  «թալանված» գումարները հետ են վերադարձրել, ապա կարծիք կա, որ այն ոչ թե պետական բյուջե է մտել, այլ առաջին տիկնոջ ղեկավարած հիմնադրամ կամ՝ այլ ուղի է ունեցել։

Կոռուպցիայի դեմ պայքարը երկրի բոլոր ժամանակների իշխանությունները հայտարարել են առաջնահերթություն, սակայն պարզվել է, որ ոչ այնքան պայքարում են, որքան կոռուպցիայի մեջ թաղվում: Այս օրինաչափությունը, ցավոք, չշրջանցեց նաեւ Փաշինյանի իշխանությունը։ Ավելին, կոռուպցիայի դեմ ստեղծված մարմինները կարծես դարձել են կոռուպցիայի դասական օրինակ․ բյուջեից մեծ գումարներ են հատկացվում ոչնչի համար, ավելի ճիշտ՝ որոշ մարդկանց համար, քանի որ այդ նպատակով ստեղծված կառույցները կա՛մ գործում են քաղաքական նպատակահարմարությամբ, կա՛մ էլ, մեղմ ասած՝ անգործության են մատնված։

Օրինակ, 2019-ին ձեւավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը 35 անձից է կազմված, հանձնաժողովի ղեկավար մարմնի 4 անդամներից շարքային 3 անդամի համար նախատեսված է մոտ 800 հազարական դրամ աշխատավարձ, իսկ նախագահի համար՝ ավելի քան 900 հազար դրամ։ Այս ամենին գումարենք շենքային, գույքային ծախսերը։ Իսկ ինչո՞վ է աչքի ընկել սույն հանձնաժողովը, բացի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ վիճահարույց եզրակացությունը, թե իբր նա խախտել է օրենքը՝ լինելով պատգամավոր եւ միաժամանակ զբաղվելով նաեւ բիզնեսի կառավարմամբ։ Բայց քանի որ եզրակացությունը հրապարակվեց այն ժամանակ, երբ Ծառուկյանը հայտարարեց կառավարության հրաժարականի պահանջի մասին, ակնհայտ էր քաղաքական պատվերը։ Հանձնաժողովի եզրակացությունը ընդդիմադիր առաջնորդի փաստաբաններն անհիմն որակեցին, եւ այն որեւէ հետեւանք չունեցավ։ Իսկ իշխանական տխրահռչակ պատգամավոր Հայկ Սարգսյանի վերաբերյալ դիմումը «գրվեց սառույցին»։ Հանձնաժողովը Սեւանի ափին տեղի ունեցած հայտնի փարթիից հետո մի քանի ամիս շարունակ քննեց պատգամավորի գործունեությունը, բիզնես կապերը, բայց այդպես էլ որեւէ բան չգտավ։ Մյուս աղմկոտ եզրակացությունն էլ վճռաբեկի նախագահ, այժմ ՍԴ անդամ Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ էր, որն իշխանական պատգամավորների ձեռքին գործիք դարձավ` խոստացել էին ՍԴ նախագահ դարձնել, բայց «քցեցին»։

Կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգելու նպատակով, անցած տարի ստեղծվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի նոր հաստիք։ Այդ պաշտոնում անցած տարվա սեպտեմբերի 1-ին նշանակվեց արդարադատության նախկին փոխնախարար Սրբուհի Գալյանը։ Մի քանի ամիս է՝ վարչությունը գործում է, բայց աշխատանքի մասին ոչինչ հայտնի չէ, եւ, ըստ tert.am-ի՝ նոր ստեղծված կառույցի վրա դատախազությունն ավելի քան 60 մլն դրամ է ծախսել:
Հատուկ նպատակով ստեղծված կառույցի ղեկավարը, որի նպատակն ապօրինի գույքի բռնագանձումն է, պատերազմի օրերին 10 մլն դրամ արժողությամբ «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենա է գնել՝ ծառայողական նպատակով: Ավելին՝ նոր հաստիքով դատախազ դարձած Սրբուհի Գալյանն առանձին նստավայր կունենա, որի կառուցման համար դատախազությունն ավելի քան 50 մլն դրամ գումար է տրամադրել: Գալյանը կաշխատի դատախազության շենքից դուրս՝ երկաթգծի վարչության շենքի հարեւանությամբ գտնվող մասնաշենքում, որը վերանորոգում են՝ նրա նստավայրը դարձնելու համար: 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի աշխատավարձը 660 հազար դրամ է: Վարչության պետի տեղակալինը՝ 630, ավագ դատախազինը՝ մոտ 600 հազար դրամ: Իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության դատախազի աշխատավարձը մոտ 570 հազար դրամ է: