Դատախազությունը չի բողոքարկելու ծեծողին ազատ արձակելու որոշումը

Դատախազությունը չի բողոքարկելու ծեծողին ազատ արձակելու որոշումը

Ինչպես հայտնի է, Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով մեղադրյալ, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Դատախազությունից փորձեցինք ճշտել, թե պատրաստվելո՞ւ են բողոքարկել դատարանի որոշումը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ վերաքննիչ բողոք չեն ներկայացնելու՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարանն այդ որոշմամբ հիմնավոր է համարել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը՝ նշելով դրա հիմնավորումները, ինչը վիճարկելու բավարար հիմքերը բացակայում են․ «Քրեական գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում, արդեն իսկ կատարվել են հիմնական բոլոր քննչական, դատավարական այլ գործողությունները, ինչի պայմաններում նշանակալիորեն նվազել են մեղադրյալի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, ազատության մեջ գտնվելու պայմանները խախտելու ռիսկերը: Այդ պայմանների խախտման փաստ հայտնաբերվելու դեպքում օրենքով սահմանված կարգով կրկին կներկայացվի կալանքի միջնորդություն: Հարկ եմ համարում եւս մեկ անգամ պարզաբանել, որ կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառումը մեղադրյալի նկատմամբ պատժի, քրեական պատասխանատվության ենթարկելու միջոց չէ եւ հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ»,- մեզ հետ զրույցում ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019 թվականի սեպտեմբերի 18-ի գիշերը պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել, ինչի հետեւանքով Մխիթարյանը շուրջ 6 ամիս գտնվում է կոմայի մեջ: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականին՝ Հարություն Գրիգորյանին, եւ նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել էին, սակայն հետագայում վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել Զավեն Գրիգորյանին ազատ արձակել 1,5 միլիոն դրամ գրավի դիմաց։
Ի դեպ, դատախազությունն այսքան «ներողամիտ» չէ այլ մեղադրյալների նկատմամբ՝ բողոքարկվել են Լիանա Կարապետյանի, որդեգրումների գործով մյուս մեղադրյալների, Արմեն Թավադյանի՝ գրավով ազատ արձակվելու դատական որոշումները։ Ընդ որում, Արմեն Թավադյանի դեպքում նախաքննությունն ավարտվել է, եւ գործը գնացել է դատարան, ուստի կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։ Բացի այդ՝ եթե Վայոց ձորի դեպքով մարդուն մահվան դուռն են հասցրել՝ կյանքին ծանր վնաս հասցնելով, բոլոր մյուս դեպքերում վնասները ծանր չեն, եւ մեղադրանքներն էլ հիմնավոր չեն։