Չարենցավանի հիվանդանոցի բուժանձնակազմը խրախուսվելու է

Չարենցավանի հիվանդանոցի բուժանձնակազմը խրախուսվելու է

Չարենցավանի հիվանդանոցում, չնայած քաղաքում հաստատված կորոնավիրուսով վարակվածության դեպքերին, վերջին երկու օրերին հիվանդների թվի նվազում է նկատվում: Թեպետ նշենք, որ արդեն մի քանի հաստատված դեպք կա, որոնք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ նրանց հետ շփում ունեցած անձինք էլ այս օրերին հերթով հոժարակամ, իսկ որոշները՝ ոստիկանության միջամտությամբ, մեկուսացվում են: Բայց նաեւ քիչ չեն զուտ մրսածության կամ այլ պատճառներով գանգատներ ունեցողները, որոնք նախընտրում են ամենաթույլ նշանների դեպքում անգամ դիմել բուժհաստատություն եւ ստուգվել: Երեկ, ի դեպ, քաղաքի ծաղկի խանութներից մեկը որոշել է անակնկալ անել հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի բուժանձնակազմին՝ նրանց ծաղիկներ նվիրելով եւ այդպիսով երախտագիտություն հայտնելով կատարած ծանր աշխատանքի համար: 

Չարենցավանի բժշկական կենտրոնի տնօրեն Գառնիկ Սահակյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց. «Համեմատության մեջ նայելով երեկ ու նախորդ օրը, պատկերացրեք, որ հիվանդների թվի նաեւ նվազում ունենք պոլիկլինիկ մասում, ամբուլատոր օղակում դիմելիության առումով: Ճիշտ է, մենք ավելի շատ կազմակերպում ենք տնային այցելություններ, եթե հանկարծ որեւիցե ախտանիշներ նկատվում են՝ հեռախոսով զանգելով կամ կանչ տալով, մենք փորձում ենք կանչերը սպասարկել կամ այդ խորհրդատվությունը կազմակերպել տնային պայմաններում, որպեսզի շատ կոնտակտ չստեղծենք հիվանդի եւ ամբուլատոր մասի միջեւ: Դրա համար դիմելիությունն ամբուլատոր մասում բավականին նվազել է, կանչերն էլ այդքան մեծ տատանումներ չեն տալիս»:

- Իսկ այս վերջին հայտարարված դեպքերից հետո, որ իմացվեց՝ Չարենցավանում կան վարակակիրներ, նրանց հետ շփում ունեցած անձինք շա՞տ են դիմում հիվանդանոց՝ հետազոտության, որ նաեւ ուղեգիր վերցնեն եւ գնան Նորքի ինֆեկցիոն:

- Ուրեմն հայտնի այդ արտադրամասում աշխատող մարդիկ, որոնց մոտ թեստի պատասխանը դրական է եղել, այդ մարդիկ, որոնց հետ շփում են ունեցել առօրյայում, մենք նաեւ դրանցով ենք զբաղվում, մեր խորհրդատվություններով եւ այլն: Նրանց մեջ կան նաեւ մարդիկ, որոնց դեպքում կազմակերպել ենք մեկուսացումը, ինչ-որ տեղ՝ նաեւ ինքնամեկուսացումը, ու կան թվեր, չգիտեմ՝ այդ թվերը պետք է հրապարակել, թե չէ, բայց բավականին մարդիկ կան, որոնց մեկուսացրել ենք: Մարդիկ կան՝ ինչ-որ քանակով, որ գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ մի մասն էլ մեկուսացված է Ծաղկաձորում:

- Այսինքն՝ նրանք, որոնք կասկածներ ունեն եւ ցանկություն՝ գնալ եւ թեստ հանձնել Նորքի ինֆեկցիոնում, պարտադիր պետք է Չարենցավանի պոլիկլինիկայից ուղեգի՞ր ստանան, թե՞ կարող են նաեւ ինքնակամ դիմել:

- Ոչ, կարող են նաեւ ինքնակամ դիմել, բայց էնպես չէ, որ ամեն ցանկացողի դեպքում կարող են թեստավորում կազմակերպել: Էստեղ մի քանի գործոն է անհրաժեշտ հաշվի առնել, թե այդ մարդիկ ինչ շփումներ են ունեցել արդեն հաստատված վիրուսակիրների հետ, բացի դրանից, այդ մարդիկ պետք է ունենան նաեւ համապատասխան գանգատներ: Հիմա շատ հաճախ լինում է, որ մարդը 36.7 ջերմություն է ունենում մի պահ, ու ինքն ուզում է գնալ եւ թեստավորվել, չեմ կարծում, որ մենք հնարավորություն կունենանք կազմակերպել բոլոր այդ մարդկանց թեստավորման հարցը:

- Պարո՛ն Սահակյան, նաեւ մի խնդիր կա, որը հուզում է բնակիչներին՝ պոլիկլինիկայի ռենտգեն բաժանմունքը, որը պոլիկլինիկական հատվածը նոր մասնաշենք տեղափոխելուց հետո մնացել է հին մասնաշենքում, ինչը բավականին հեռու է: Այդ հարցն ինչպե՞ս եք լուծում, երբ պացիենտները ռենտգենի կարիք են ունենում:

- Եթե բժիշկները գտնում են, որ անհրաժեշտություն կա ռենտգեն հետազոտության, համապատասխան ուղեգիր է տրվում, եւ ով ի վիճակի է, որ գնա, նույն քաղաքում է՝ ընդամենը 7-8 հարյուր մետր կամ 1 կմ հեռավորության վրա, դա կազմակերպվում է, իսկ այն, որ ստացիոնար հիվանդներ են կամ պացիենտներ, որոնց առողջական վիճակը թույլ չի տալիս ինքնուրույն տեղաշարժվել այդքան տարածությունը, մենք կազմակերպում ենք նրանց տեղափոխումը մեր շտապօգնության մեքենաների միջոցով: Բայց պետք է ասեմ, որ մենք անհամբեր սպասում ենք, որ այս համաճարակային իրավիճակն էլ գուցե իր ազդեցությունն ունենա, որ այս ամենից հետո մենք կունենանք նոր, ժամանակակից ռենտգեն ապարատ, որը տեղադրվելու է հենց հիվանդանոցային մասնաշենքում, եւ այդ խնդիրն էլ կլուծվի:

- Իսկ նախարարությունից լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրվե՞լ են Չարենցավանի ԲԿ-ին՝ այս իրավիճակը հաղթահարելու, նաեւ բուժանձնակազմին խրախուսելու եւ այլ ծախսերի համար:

- Էսպես ասեմ․ նախարարի հետ վերջին հանդիպման ժամանակ էլ, դրանից հետո էլ, առաջ էլ այդ խոսակցությունները եղել են, խրախուսման միջոցներ միանշանակ հատկացվելու են, տրամադրվելու է բժշկական անձնակազմին, նաեւ մենք՝ ինքներս, մեր խնայողությունների միջոցներով ենք խրախուսելու մեր աշխատողներին: Օրինակ՝ մենք հիմա բրիգադ ունենք, որ գտնվում է Ծաղկաձորում, հերթապահության են արդեն քանի օր է, իրենց աշխատաժամանակից դուրս աշխատում են կամ ավելի ծանրաբեռնված են աշխատում, եւ նրանք, միանշանակ, խրախուսվելու են: Եվ հույս ունենք, որ նաեւ նախարարության կողմից է այդ ամենը հաշվի առնվելու: