Մեր թիրախում Եգիպտոս, Վենետիկ գնացողներն են, ովքեր ինչ-որ ձև պետք է լրացնեն այդ բացը

Մեր թիրախում Եգիպտոս, Վենետիկ գնացողներն են, ովքեր ինչ-որ ձև պետք է լրացնեն այդ բացը

Հարցազրույց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Խորեն Գրիգորյանի հետ ։

- Պարոն Գրիգորյան, համաճարակն ազդել է գրեթե բոլոր ոլորտների վրա` պատճառելով նաեւ ֆինանսական կորուստներ․ հուշարձանների պահպանության ոլորտն այս ընթացքում ի՞նչ խնդիրների է բախվել ու ի՞նչ չափի կորուստներ է կրել: 

- Մեր ՊՈԱԿ-ն այս տարի խնդիր էր դրել, թե ինչ աշխատանքներ է կատարելու 2020թ․-ին` սուբսիդիայով հաստատված` իր արտաբյուջեի հիմքով, որի մեջ մտնում էր արգելոցների ենթակառուցվածքների կազմակերպումը, մասնավորապես, նախատեսել էինք Զորաց քարերի եւ Բջնիի բերդի դեպքում տոմսային տնտեսության անցնել։ Դա ենթադրում էր, որ այնտեղ մեծ թվով շինարարություններ պետք է անեինք` արգելոցների ցանկապատումներ, ասֆալտապատման աշխատանքներ, էլեկտրականության անցկացում, այսինքն՝ այն ամենը, ինչը կապված էր արգելոցների զարգացման եւ դրանք այցելուներին ավելի հասանելի դարձնելու հետ: Այդ բոլոր աշխատանքներն այս պահին դադարեցվել են, որովհետեւ ֆինանսական առումով այդ ամենը կատարվում է տոմսային տնտեսությունից եկած գումարների շնորհիվ, այսինքն՝ Գառնիի, Զվարթնոցի, Լոռիի բերդի, Ամբերդի եւ Մեծամորից եկած գումարները մենք օգտագործում ենք մնացած արգելոցները կարգի բերելու համար: Այս պահին դեռ հստակ չգիտենք՝ եթե բացվեն արգելոցները, ներգնա տուրիզմի հիմքով որեւէ աշխատանք կարո՞ղ ենք անել, թե՞ ոչ: Ամեն դեպքում, լավատես լինենք, գոնե կփորձենք Զորաց քարերը որոշակի ձեւով ապահովել ենթակառուցվածքներով: 

- Փաստորեն, 2 ամիս փակ լինելուց հետո դեռ հայտնի չէ, թե արգելոց-թանգարանները երբ կբացվեն այցելուների առաջ: 

- Այո, 2 ամիս փակ են եղել՝ պայմանավորված արտակարգ իրավիճակով, բայց այդ 2 ամսվա մեջ արգելոցներում պահակներն իրենց աշխատանքն արել են, քանի որ հուշարձանները պետք է պահպանվեն, հիմնականում ադմինիստրատիվ աշխատանքներն են դադարեցված եղել, նաեւ` մուտքն արգելոց, իսկ պահպանության աշխատանքները շարունակվել են: Բայց եթե հաշվի առնենք, թե ինչքան աշխատանք էր նախապատրաստված 2020-ին անելու` մենք 2 տարում պետք է շատ արագ այդ հարցերը լուծենք: Վարչապետը մի լավ բան ասաց` ոչ թե պետք է մտածենք՝ ինչ էինք անելու, եթե արտակարգ իրավիճակը չլիներ, այլ պետք է մտածենք կրկնապատիկն ու եռապատիկն անելու մասին: Մենք էլ հիմա աշխատանքային խմբերի հետ կապված քննարկումներ ենք անում, թե ինչպես կարող ենք այս երկար դադարից հետո կրկնակի ուժով ներգրավվել աշխատանքի մեջ: Մյուս կողմից, կարանտինի ընթացքում դադար չի եղել հետազոտական եւ գիտական աշխատանքների հարցում: Մենք կազմակերպել ենք հեռավար դասախոսություններ, որում ներգրավված են եղել Հնագիտության, ազգագրության ինստիտուտը, հնագետ պեղողներ, ազգագրագետներ, ովքեր այդ ժամանակաշրջանում փորձել են հուշարձանների վերաբերյալ դասախոսություններով նաեւ այդ բացը լրացնել, քանի որ խնդիր ունենք հուշարձանները հանրահռչակելու: Հուշարձանը պահպանված է, եթե դրա մասին գիտեն, դրանից է բխում, որ մենք այս տարի նախատեսել էինք ամեն մարզում 100 տեղեկատվական վահանակներ տեղադրել հուշարձանների կողքը, որովհետեւ երբ դու կարդաս, որ գտնվում ես մ.թ.ա. 1-ին հազարամյակի քաղաքատեղիում, հաստատ ավելի խնամքով կվերաբերվես դրան: Ցավոք, այդ աշխատանքն էլ այս պահին դադարեցված է, բայց այդ դասախոսությունները նաեւ այլ հարց լուծեցին, մենք այսօր ունենք 20 բազմաբնույթ դասախոսություն, որ անդրադառնում էին հուշարձանների տարբեր տեսակների, որին մասնակցում էին մասնագետներ գրեթե բոլոր ոլորտներից: Սա առաջնային կարեւորություն ստացավ, եւ փաստացի դասախոսությունների միջոցով շարունակեցինք հուշարձանների թե՛ հանրահռչակումը, թե՛ պահպանությունը, որոնք տարբեր խմբերում մեծ դիտումներ հավաքեցին հատկապես արշավականների եւ մշակութասերների կողմից: Այսինքն՝ հուշարձանների պահպանության ու հանրահռչակման առումով բան չենք կորցրել: 

- Տոմսային տնտեսության եւ տուրիստական հոսքերի կրճատման հետեւանքով հուշարձանների պահպանության ոլորտը մոտավոր ինչքա՞ն վնաս է կրել:

- Այս պահին թվերով բան չենք կարող ասել, որովհետեւ հիմնական տուրիստական հոսքը սկսվում էր հենց մայիսից, մենք դրա մասին կարող ենք խոսել նոյեմբերին, երբ կկարողանանք հաշվել, թե ինչ կորուստներ ունեցանք, բայց, ամեն դեպքում, այն աշխատանքները, որ այս պահին դադարեցված են, մեծ թվով շինարարական աշխատանքներն են, որոնք կախված էին այդ գումարներից։ Մենք տոմսային տնտեսության ենք գնում հենց նրա համար, որ այդ գումարը նորից ուղղենք տվյալ արգելոցի կարիքներին: Պետական սուբսիդիան չի փակում նման ծախսերը, այլ միայն՝ մեր աշխատավարձերը: 

- Իսկ դրանք պահպանվե՞լ են նույն չափով, թե՞ կրճատվել են:

- Ոչ, մենք պետական հիմնարկ ենք եւ մեր ողջ ծավալով անցել ենք հեռավար կառավարման եւ աշխատանքի, իսկ պահպանության առումով ոչ մեկը տանը չի փակվել, որովհետեւ չենք կարող աչքաթող անել հուշարձանները։ Այդ ամենը վերահսկվել է, եւ բոլորն աշխատել են: Ինչ վերաբերում է նրան, թե երբվանից են արգելոց-թանգարանների դռները բացվելու, ապա մենք էլ ենք սպասում եւ գերատեսչության ղեկավարից դեռ չենք ստացել համապատասխան որոշում՝ բացելու հետ կապված: 

Հետո, մեր երկրի ենթակառուցվածքները ներգնա տուրիզմի համար լավ զարգացած չեն, ինչը մեզ համար եւս մեկ անգամ փորձ է դառնալու ներգնա տուրիզմը զարգացնելու համար, որովհետեւ քաղաքացիներն էլ ամբողջովին տեղյակ չեն մեր երկրի հուշարձաններից: Այսօր մեր թիրախն են դարձել Եգիպտոս, Վենետիկ գնացողները, ովքեր ինչ-որ ձեւով պետք է լրացնեն Կահիրեի կամ Վենետիկի բացը: Այսինքն՝ արտագնա տուրիզմի թիրախային խումբն այս պահին ներգնա տուրիզմի մեջ է լինելու: 

- Ի՞նչ ճանապարհներով եք փորձելու ներգնա տուրիզմն ավելի գրավիչ դարձնել Եգիպտոս ու Իտալիա գնացող թիրախային խմբի համար:

- Պետք է մեր մարքեթինգային քաղաքականությունն այնպես մշակենք, որ մարդիկ զգան, որ անգամ հայկական հուշարձաններ այցելելուց ինչ-որ բան բացահայտելու են իրենց համար: Պետք է ոչ թե ուղղակի արշավական խնդիր լուծենք` գնանք Հայաստանը ճանաչենք, այլ ճանաչելուց բացի նաեւ բացահայտելու խնդիր դնենք, մարդիկ հիմնականում նույն Իտալիան ու Եգիպտոսը գնում են ինչ-որ բան բացահայտելու համար: Մենք հայկական հուշարձանները ներկայացնելու խնդիր ունենք, օրինակ, մարդիկ գնում՝ չինական պարիսպը նայում են ու հիասթափված գալիս, որովհետեւ շատ է հանրահռչակված, բայց մարդիկ չգիտեն, որ, օրինակ, Սմբատաբերդում մենք ունենք 2-3 հազար մետր բարձրության վրա պարիսպ` Սմբատի կողմից կառուցված, այսինքն՝ ունենք հուշարձաններ, որոնք դեռ պետք է հանրության համար բացահայտենք, եւ շատ լավ է, որ կառավարությունը հիմա ուզում է վերանորոգել տուրիստական գոտիների ճանապարհները: Եվ այսօր մեր խնդիրն է՝ արտագնա տուրիզմի շահառուներին գայթակղել ներգնա տուրիզմով, հավատացեք, մեծ մասը տեղյակ չէ մեր հուշարձաններից: Գործիքակազմը դեռ քննարկվում է, թե ինչպես անենք, որ կարողանանք գայթակղել: Կարծում եմ՝ այստեղ մեծ գործ ունի անելու նաեւ տուրիզմի կոմիտեն: 

- Փաստորեն, ի տարբերություն մյուս մշակութային օջախների, արգելոց-թանգարանների դեպքում ակտիվ շրջանը նոր է սկսվելու, եւ այդ առումով հնարավոր է ֆինանսական բացը լրացնել:

- Այո, մենք ունենք հնարավորություն՝ ավելի ընդարձակելու մեր այցելուների քանակը` ներգնա տուրիզմի շրջանակներում: Մինչեւ այս կարանտինային շրջանը մենք հրավիրեցինք արշավականների, ցավոք, քչերն արձագանքեցին, մենք ուզում էինք մեկ այլ հարց էլ լուծել․ որոշ հուշարձաններ գտնվում են ոչ այնքան մատչելի տեղերում, հատկապես՝ որոշ տարիքային խմբի համար, եւ արշավականների միջոցով ուզում էինք հասկանալ, թե ինչով կարող ենք օգնել, որպեսզի բոլոր խմբերն էլ մասնակից լինեն: Մենք փորձում ենք տուրիզմի մեջ ներգրավված բոլոր ռեսուրսներն օգտագործել հայկական պատմական միջավայրը բացահայտելու համար: Հավատացեք, հայ ժողովուրդը բարբարոս չէ, մեծամասամբ վանդալիզմի դեպքեր լինում են հենց չիմանալուց եւ չճանաչելուց, եւ մեր խնդիրներից մեկը հենց պահպանության միջոցով հանրահռչակելն է:

- Այս օրերին աշխարհի շատ թանգարաններ, հուշարձաններ առցանց տուրեր էին առաջարկում, ընդհուպ առցանց շրջայց փարավոնների դամբարան: Դա դիտումներից եւ հանրահռչակումից բացի, ռեալ ի՞նչ է տալիս թանգարաններին, եւ մեր հուշարձանների դեպքում կա՞ նման պրակտիկա: 

- Եթե հանրահռչակման տեսանկյունից ենք նայում, նույն Ռամզեսի դամբարանը, որ 3D տարբերակով ցուցադրեցին, հենց այդ խորհրդավորությունն ընդգծեցին: Այսինքն՝ խնդիրը գայթակղելն էր, որ հենց սահմանները, ճանապարհները բացվեն, մարդիկ գայթակղված շտապեն այդտեղ, բայց, օրինակ, ես տեսա նաեւ Երոսլավլի արգելոցի նույն 3D տարբերակով ֆոնդերի ցուցադրումը, որն ավելի շատ ոչնչացրեց այն գայթակղությունը, որը կար այդ արգելոցի հանդեպ: Այսինքն՝ եթե մեթոդապես ճիշտ չներկայացնես քո ունեցածը, դու կարող ես այլեւս հետաքրքրություն չառաջացնել: Մենք, օրինակ, «Տնից՝ թանգարան» խմբի շրջանակներում փորձեցինք արգելոցներն ու պատմական ճշմարտությունները ներկայացնել, դա օգուտ էր ե՛ւ տուրիզմի, ե՛ւ կրթական տեսանկյունից, որովհետեւ ես ինչքան էլ պատմեմ Գառնիի բաղնիքի մասին, մարդն ինքը պետք է մտնի ու այդ ամենն անձնապես տեսնի ու զգա: Մենք նմանատիպ փորձ չունենք, եւ մեր դեպքում դա ավելի շատ էմոցիայի, զգացմունքի վրա է, հայկական արտեֆակտները մեզ համար էմոցիոնալ խնդիր են լուծում, եւ ներգնա տուրիզմի մեջ էմոցիոնալ դաշտն ենք օգտագործում: Դրա համար ինչքան էլ թվային տարածքում ինչ-որ բաներ ցույց տանք, դա հիմնականում կրթական խնդիր է լուծելու: