Փաշինյանը սկսում է հասկանալ այն, ինչ 2018-ին զգուշացնում էինք

Փաշինյանը սկսում է հասկանալ այն, ինչ 2018-ին զգուշացնում էինք

2 տարի վարչապետ աշխատելուց հետո Նիկոլ Փաշինյանը սկսել է հասկանալ որոշ բաներ, որոնց մասին զգուշացնում էինք դեռ 2018 թվականին։ Օրինակ, սկսել է հասկանալ, որ կադրային խնդիրը ամենալուրջ խնդիրն է։ Ասում է՝ կան շատ ազնիվ կադրեր՝ զրո պրոֆեսիոնալիզմով եւ կան կադրեր, որ ազնիվ չեն, բայց պրոֆեսիոնալ են։ Եւ իր կադրային քաղաքականությունը քննադատողներին առաջարկում է կադրերի ցանկ տալ իրեն։ 

Բայց նման պարզունակ հետեւություններ անելու համար չարժեր 2 տարի անիմաստ վատնել։ Դեռ 2018-ի ամռանը մենք զգուշացնում էինք, որ չի կարելի կադրային ջարդ անել եւ մարդկանց սեւերի ու սպիտակների բաժանել։ Որ մեր ազգի ռեսուրսը շատ փոքր է եւ հնարավոր չէ հասնել հաջողության առանց այդ ռեսուրսն ամբողջությամբ օգտագործելու եւ չարժե մարդկանց պաշտոններ տալ միայն այն բանի համար, որ նրանք քեզ հետ քայլել են կամ փողոց են փակել ու Սերժին մերժել։ Առհասարակ՝ կառավարման համակարգում փորձ չունեցող, պաշտոնական սանդղակներով չանցած, համապատասխան գիտելիքներ ու աշխատանքային հմտություններ չունեցող մարդկանց նշանակելը հղի է բազում վտանգներով՝ սկսած աշխատանքը տապալելուց, վերջացրած կոռուպցիոն փորձություններին չդիմանալու վտանգը։ 2 տարի անց մենք ունենք բազմաթիվ պաշտոններում ձախողված «քայլարածների» մի բանակ եւ կոռուպցիոն մեքենայությունների համար աշխատանքից հեռացվածների ու դատվողների պատկառելի ցանկ։

Ընդ որում, հեռացվածների մեջ էլ կան կոռուպցիայի մեջ բռնվածներ, ուղղակի դրանց նկատմամբ հատուկ վերաբերմունք է աշխատել՝ մեկի քույրը, մեկի շեֆը, մյուսի ընկերը խնդրել- միջնորդել են վարչապետի մոտ․․․Ու կան բազմաթիվ մարդիկ, որոնց մասին հանրությանը հասնում են տեղեկություններ՝ չարաշահումների, կաշառքի, ատկատների մասին, բայց դեռ հրապարակային չեն դրանք, դրանց ձայնը հետո է լսվելու։ 

Վերադառնանք կադրերին։ Ասենք, հետաքրքիր է՝ վարչապետը չի՞ փոշմանել Հայկ Մարությանին Երեւանի քաղաքապետ դարձնելով։ Պարզ է չէ՞, որ նա Երեւանի ամենաանհաջող քաղաքապետներից մեկը դուրս եկավ եւ Երեւանն արժանի չէր նման ղեկավար ունենալուն։ Կամ՝ գո՞հ է արդյոք կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանից, ում ուսերին եւս երկու ոլորտ դրեց՝ առանց մտածելու, որ նա անգամ այն առաջին երկուսից գլուխ չի հանում։ Իսկ ՔՊ-ական մարզպետների՞ց, օրինակ՝ Լոռվա, Արմավիրի կամ Վայոց Ձորի մարզպետներից գո՞հ է։ Մեզ ամեն օր նրանց գործունեությունից ամենաարտառոց պատմություններն են պատմում։ 
Այսինքն, «ազնիվ, բայց ոչ պրոֆեսիոնալ» բնորոշումը շատ հարաբերական է, որովհետեւ ազնվությունը կարող է կարճ տեւել, իսկ ոչ պրոֆեսիոնալությունը հավերժ է ու երկրի համար կործանարար։ 

Ի՞նչ էինք մենք առաջարկում 2018-ի ամռանը․ ասում էին, որ պետք է փոխել երկրում տիրող մթնոլորտը, հրահանգը, աշխատաոճը, ապրելու կերպը, փոխհարաբերությունները։ Հեղափոխության բերած ոգեւորությունը, հանրային դժգոհությունից վախը պետք է օգտագործել ի շահ ժողովրդի եւ ասել․ «Գիծ ենք քաշում՝ անցյալի ու ապագայի միջեւ եւ սկսում ենք ապրել նորովին»։ Ոչ մեկին այլեւս չենք մերժում, չենք դատում, չենք պատժում, աշխատանքից չենք ազատում։ Բոլորը մեր երկրի քաղաքացիներն են՝ պետք է աշխատեն հօգուտ պետության, բայց պետք է աշխատեն նորովի՝ մոռանալով անցյալի հարաբերությունները, ոճն ու ավանդույթները։ Մեծ համաներում ենք հայտարարում, որ հանրային համերաշխությունը եւ կառուցողական մթնոլորտը վերականգնենք երկրում։

Պետք էր պահպանել ողջ կառավարման համակարգը, անգամ փոխվարչապետ Կաեն Կարապետյանին, իր նախարարներին, նախկին մարզպետներին ու քաղաքապետերին։ Ուղղակի զգուշացնել․ ով խախտում է նոր խաղի կանոնները՝ հեռանում է, ով կարողանում է նորովի աշխատել, մնում է եւ իր կայուն տեղն է ունենում մեր երկրում։ 

Բայց Փաշինյանի եւ իր հեղափոխական թիմի ախորժակը մեծ էր եւ պաշտոններ բաշխելու, մարդ դնել-հանելու, բռնել-դատելու գայթակղությանը նրանք չդիմացան։ Սկսվեց կոտորած՝ կադրային ջարդ, քրեական գործեր, բռնել՝ բերդ նստեցնել, հակառակորդներին պատերին ծեփել, ֆեյսբուքում քրֆել եւ երկրում աճեց ու ծաղկեց ատելության, իրար տակ փորելու, ոչ պրոֆեսիոնալիզմի, ունեցածքի վերաբաշխման մթնոլորտը։ 

Հիմա՝ 2 տարի անց, Նիկոլ Փաշինյանը բողոքում է, որ իրենց հանդեպ ագրեսիա եւ հայհոյանքներ է կիրառվում, որ պրոֆեսիոնալ կադրեր չունի, որ մարդիկ չեն աշխատում, չեն արդարացնում իր հույսերը։ Մենք էլ տեսնում ենք, որ տնտեսական աճ չկա, արտագաղթն ու անհուսությունը խորանում է երկրում, հասարակությունը պառակտված է՝ ավելի քան երբեւէ, ներդրումներ չկան, արտերկրից օգնություն չկա, մեր երկրի արտաքին հարաբերությունների ֆրոնտում խոր ճգնաժամ է, Արցախի հարցում՝ հետընթաց, հայ-ռուսական հարաբերությունները սառեցված։ Եւ այս բոլորին վրադիր օպերատիվ կառավարման հարցերում էլ խառնաշփոթ է, թափթփված վիճակ, անելիքի չիմացություն եւ կորոնավիրուսի տարածման սահմռկեցուցիչ տեմպ։