«Հրապարակ». Ադրբեջանը եւ Վրաստանը օրհասի պահին լուծում գտան՝ փրկելու իրենց պետականությունը

«Հրապարակ». Ադրբեջանը եւ Վրաստանը օրհասի պահին լուծում գտան՝ փրկելու իրենց պետականությունը

Այսօր շատերն են քննադատում գործող իշխանություններին, խոսում են հրաժարականի մասին, ասում են, որ մինչեւ սրանք չհեռանան, հնարավոր չի լինի դուրս գալ այս ծանր վիճակից: Սակայն գրեթե ոչ մեկը չի հիմնավորում, թե ինչպես են Փաշինյանի հրաժարականն ու իշխանափոխությունը լուծելու այս գլոբալ ճգնաժամը, ինչպես ենք կանխելու, որպեսզի թույլ չտանք, որ երկիրը հերթական պարտության գնա, եւ նոր կորուստներ ունենանք: Մենք խնդրեցինք ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանին՝ խոսել այս մասին:

«Լուծումներից ամենաերեւացողը, իհարկե, վարչապետի հրաժարականն է, ինքնակամ հեռացումը։ Մեր հարեւան Ադրբեջանը եւ Վրաստանն ավելի ծանր ճգնաժամի, օրհասի պահին լուծում գտան եւ փրկեցին իրենց մանուկ պետականությունը։

Վրաստան

Տարածքային կորուստներից, ազգային ինքնավարությունների ապստամբություններից, կենտրոնական իշխանության փաստական բացակայությունից հոշոտվող Վրաստանը վերջնական կազմաքանդումից փրկեցին նախագահ Գամսախուրդիայի դեմ հաղթական զինված ապստամբությունը եւ երկրի նախկին ղեկավար Էդուարդ Շեւարդնաձեի նշանակումը Պետական խորհրդի նախագահ։ Դա տեղի ունեցավ 1992թ․ մարտին։ Կարճ ժամանակ անց երկրում իրավիճակը կայունացավ, պետական մեքենան սկսեց վերադառնալ բնականոն հուն, վերականգնվեց Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։

Ադրբեջան

Նախագահ Էլչիբեյը տանուլ էր տալիս Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը։ 1993 թվականը տարածքային կորուստների անվերջ շարան էր։ Ի տարբերություն Գամսախուրդիայի, ով կառչած էր մնացել նախագահի աթոռին, սա հրաժարական տվեց եւ, չնայած ԱՄՆ դիմադրությանը, Բաքու հրավիրեց Նախիջեւանում գտնվող՝ երկրի նախկին ղեկավար Հեյդար Ալիեւին։ Դա 1993թ․ հունիսն էր։ Մի քանի ամսում իրավիճակը կարգավորվեց նախ՝ մայրաքաղաքում, ապա՝ ռազմաճակատում։ Հաջորդ տարվա մայիսին դադարեց հայ-ադրբեջանական պատերազմի ակտիվ փուլը, եւ նոր առաջնորդը ձեռնամուխ եղավ երկրի վերակառուցմանը։

Հայաստան

30 տարի առաջ Հայաստանը կայունության ու զարգացման կղզյակ էր, պետականության կործանման եզրին կանգնած երկու հարեւանները նախանձով ու հիացմունքով էին նայում մեզ։ Այսօր մենք հարկադրված ենք ընթանալու վրացական ու ադրբեջանական տառապանքի ու քավության՝ 30 տարի առաջ անցած ճանապարհով։ Հայկական վերածնունդն անխուսափելի եւ հնարավոր է նոր առաջնորդներով եւ նոր գաղափարներով»։

Արա Սահակյան