Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանի ծրագիրը վիժեցնելու ճանապարհին է

Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանի ծրագիրը վիժեցնելու ճանապարհին է

Արցախի կառավարությունը ոչ իշխանական ներկայացուցիչներով համալրելու եւ կոալիցիոն կառավարման մոդել կիրառելու մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ծրագիրը վտանգված է։ Հիշեցնենք, որ դեռեւս 2020-ի պատերազմից հետո Արայիկ Հարությունյանը հանրությանը ներկայացրեց հայտարարություն, ծրագիր, համաձայն որի՝ երկրի կառավարմանը պատրաստվում է ներգրավել նաեւ ընդդիմությանը, նախկին նախագահներին ու տարբեր կուսակցություններից առաջարկված փորձառու այլ կադրերի։ Սակայն այդ ծրագիրը մնաց թղթի վրա․ երբ ԱՀ նախագահի դիրքերն ամրացան, Նիկոլ Փաշինյանի օրինակով Արայիկ Հարությունյանը նախընտրեց միանձնյա ղեկավարել Արցախը։ Բայց հետպատերազմական ճգնաժամը գնալով խորանում էր։ Այս ծրագիրը նորից օրակարգ բարձրացավ, երբ տարեվերջին ընդդիմության ջանքերով կանխվեց Հայաստանի իշխանության կողմից մշակված հեղաշրջման՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիրը։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացնելու էր Սամվել Բաբայանը՝ իր խմբակցության միջոցով տապալելով 2022-ի բյուջեի ընդունումն ԱԺ-ում, ապա իմպիչմենտի գործընթաց ձեռնարկելով։ Արմատական ընդդիմությունը, տեղեկանալով այս սցենարի մասին, կողմ քվեարկեց բյուջեին՝ Արայիկ Հարությունյանին փրկելով։ Եվ վերջինս կրկին վերադարձավ 2021-ի հունվարին մշակված կոալիցիոն կառավարման ծրագրին։ Սակայն Արցախում կասկածներ ունեին, որ դա կարող է նորից ձախողվել՝ Նիկոլ Փաշինյանն այդքան հեշտությամբ բաց չի թողնի ո՛չ Արցախը, ո՛չ Արայիկ Հարությունյանին։

Օրերս Պապիկյանի հարսանիքին մասնակցելու համար Երեւան ժամանած Արայիկ Հարությունյանը եւ մի խումբ պաշտոնյաներ մասնակցում էին Արցախի հարցերով ՀՀ կառավարությունում կազմակերպված խորհրդակցությանը որի ժամանակ, որոշ տեղեկություններով, Արայիկ Հարությունյանն արժանացել է Փաշինյանի հանդիմանությանը։ ՀՀ վարչապետը նրան հորդորել է՝ հետ կանգնել այդ մտադրությունից, ակնարկելով, որ հակառակ դեպքում լավ բան չի սպասվում նրան։ Միանգամայն հասկանալի է Փաշինյանի դիրքորոշումը, ով տարեվերջյան եւ երեկվա ասուլիսի ժամանակ Արցախի վերաբերյալ գրեթե բաց տեքստով ասում էր, որ անկախության եւ կարգավիճակի հարցում հույսեր փայփայելն անիմաստ է։ Ավելին, Արցախը դիտարկում է Ադրբեջանի կազմում, նախօրեին էլ կարգավորման սկզբունքների վերաբերյալ աղճատված հայտարարությամբ փորձեց «հիմնավորել» Արցախի ադրբեջանական լինելը։

«Մադրիդյան սկզբունքները երբ բանակցությունների հիմք են դարձել, այնտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որ երկու կողմն էլ ընդունել են որպես բանակցությունների հիմք: Դե յուրե՝ Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս 1992 թվականից ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունն ու տարածքային ամբողջականությունը, ընդ որում՝ ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների եւ տարածքների շրջանակում, սակայն դրանից խնդրի բազմաթիվ նրբություններ չեն լուծվում»,- հայտարարեց նա: 

Ուշագրավ է, որ մի կողմից Փաշինյանը հետեւողականորեն հակաարցախյան հայտարարություններ է անում, մյուս կողմից փորձում է Արցախի ղեկավարությանը սիրաշահել՝ ավելացնելով բյուջետային աջակցությունը։ Նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Փաշինյանն ասել էր․ «2022-ին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: 2021-ին այդ թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը»:

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, գումարային հատկացմամբ Փաշինյանը փորձում է քավել կամ գուցե քողարկել Արցախը հանձնելու իր մեղքերն ու ծրագրերը, սակայն դա չի ստացվում։ «Արցախում 30-40 հազար տեղահանվածներ կան, որոնց սոցիալական խնդիրների լուծումը ոչ միայն Արցախի իշխանությունների խնդիրն է, այլեւ ողջ հայ ազգի, տեսանք, որ համահայկական հիմնադրամն էլ օգնության համար գումար հավաքեց։ Այսօր Արցախը պատերազմի գոտի է, չմոռանանք, որ պատերազմի եւ պարտության թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ով հիմա գումարով փորձում է շտկել, հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ ինքը հոգում է Արցախի կարիքները, որ Արցախն ինքը չի հանձնել։ Բայց Արցախում յուրաքանչյուրը գիտի, որ դա Նիկոլ Փաշինյանն է արել»,- ասաց Գալստյանը՝ հիշեցնելով նաեւ, որ այդ հատկացումներն արվում են ոչ թե Փաշինյանի անձնական գրպանից, այլ ՀՀ բյուջեից։ 

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի նախաձեռնած կոնսոլիդացիոն կառավարության ձեւավորմանը, Դավիթ Գալստյանն ասաց, որ դեռեւս բանակցություններ են ընթանում․ «Այո, կա կոնսենսուս, որի արդյունքների մասին կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո»։ Նա չբացառեց, որ Արցախն ադրբեջանական տարածք դիտարկող ՀՀ իշխանությունները փորձեն խոչընդոտել գործընթացին՝ թույլ չտալով «Արցախը հանել այս ճահճից»։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի կարծիքով, Արայիկ Հարությունյանը նահանջի ճանապարհ չունի։ «Խնդիրը նրանում է, որ եթե ուզում են եղածը փրկել, միակ ճանապարհը ներքին ուժերի համախմբումն է, փորձել արցախահայության ապագայի, հատկապես անվտանգության հետ կապված հարցեր լուծել։ Չեմ կարծում, որ հետքայլ կկատարվի»,- ասում է նա։
Բալայանի խոսքով, ՀՀ իշխանությունները սոցիալական աջակցությամբ գուցե հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու միտում ունեն, սակայն իրենք գործնական քայլերի են սպասում, որոնք չկան։ «Մինչեւ Արցախի հարցին քաղաքական լուծում չտրվի, մնացյալը կոսմետիկ հարցեր են, որոնք շոշափելի արդյունք չեն կարող տալ»,- ասում է նա։ Բալայանը չի սպասում, որ ՀՀ իշխանությունները կգնան գործնական լուծումների, իրենց հույսը տարածաշրջանային զարգացումներն են, գերտերությունների շահերի արանքում փորձել գտնել Արցախի շահը։ Ինչպե՞ս։ «Աշխարհում բազմաթիվ զարգացումներ կան, երբեմն այդ վայրիվերումների ընթացքում կարելի է նաեւ ինչ-որ բան ստանալ»։