Մենք կռվել ենք հայրենիքի համար, որ հիմա մեզ էշի տե՞ղ դնեն

Մենք կռվել ենք հայրենիքի համար, որ հիմա մեզ էշի տե՞ղ դնեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի կառավարությունում հունվարի 25-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր արցախցիների սոցիալական եւ այլ խնդիրներին, շատ լավ-լավ բաների մասին էր պատմում՝ որ 300 բնակարան է հանձնված կարիքավոր ընտանիքներին, 500 բնակարան հին ֆոնդից է նորոգվել, որ ջրագծեր են կառուցվում, նույնիսկ ջրամբարի շինարարություն են սկսել: Իրեն բնորոշ ինքնագովեստի ոճով նա վստահեցնում էր, որ Արցախից արտագաղթը կանգնեցրել է, որ գյուղատնտեսությունն է արագ զարգանում, որ, առհասարակ, սկսում են անցնել զարգացման ծրագրերի: 

Իրականությունը, սակայն, փոքր-ինչ այլ է՝ արցախցիներն ավելի քան դժգոհ են իրենց նախագահից եւ իրենց վիճակից: Նրանք վստահեցնում են, որ իրականում արտագաղթի տեմպն արագացել է, քանի որ ներքին կյանքում իշխանավորների պահվածքում ոչինչ չի փոխվել: «Արցախի տարածքը դարձավ 25%, սակայն ո՛չ թալանը վերացավ, ո՛չ վտանգը, ո՛չ խնամի-ծանոթ-բարեկամ կապով օգնություններ տալու ավանդույթը… Արցախցին իր տուն է գնում ահ ու սարսափով, ուրիշից թույլտվություն վերցնելով, իսկ արայիկամոլները դեռ հավատում են, որ իրենց անվտանգության երաշխավորը հենց իրենց «վաճառողն» է։ Կեցցե՛ք»,- գրում է Արցախից տեղահանվածներից լրագրող Կարեն Շիրինյանը։

Մարտակերտի բնակիչ, պատերազմի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ, գործարար Աշոտ Հայրապետյանն առաջիկա օրերին պատրաստվում է վաճառել գույքն ու արտագաղթել: «Մի քանի տուն ա սարքել, բայց դա գլուխ գովալու բան չի: Նենց չի, որ սաղ ղարաբաղցոց կարողանալու ա տեղավորի: Վարկերի տակ մարդիկ կռացած, մարդկանց ձեռքից ունեցվածքը խլում են: Ես մոյկա եմ աշխատացնում: Առաջ, մինչեւ պատերազմը, հա, լավ էր, տուն էի պահում, երեխեքին մեծացրել եմ, պսակել եմ դրանով, բայց հիմա էլ գործ չկա»,- ասում է Հայրապետյանը: 

Պատերազմի ժամանակ նրա ավտոլվացման կետն անվճար սպասարկել է շրջանի բնակիչներին, նրանց համար հաճախ որպես թաքստոց է ծառայել, բայց հրետակոծվել է: Հայրապետյանը չի կարողացել մարել վարկը, սակայն ո՛չ վարկերը զրոյացնելու պետական ծրագրից է օգտվել, ո՛չ էլ որեւէ փոխհատուցում ստացել: 3 մլն պարտքը բանկին դարձել է 4 մլն: Հիմա Աշոտ Հայրապետյանին պատկանող գույքը հարկադրանքի տակ է: Բանկը ժամանակ է տվել՝ մինչեւ հունվարի վերջ մարել պարտքը, հակառակ դեպքում գույքը կբռնագանձվի։ 

«Ես ձայն չեմ տվել իրեն, ձայն եմ տվել Սամվել Բաբայանին: Իր մարդկանց Արայիկը լավ էլ գումարներ է տալիս, վարկեր ունեն վերցրած, սաղ ջրել ա, նոր գումարներ ա տվել, ուղղակի, որ մենք իրեն չենք ընտրել, մենք իր համար յա եղած, յա չեղած»: Աշոտ Հայրապետյանի փեսան եւ եղբայրը զոհվել են պատերազմի ժամանակ: Գեղեցիկ, նոր վերանորոգված տան վրա ռումբ է ընկել, ավիրել: Միակ օգնությունը, որ ստացել է պետությունից՝ տանիքի նորոգումն է եղել: Աշոտ Հայրապետյանն ասում է, որ կոպեկներով վաճառելու է իր օբյեկտներն ու գնա: «Ճիշտ է, ես 92-ին վիրավորված տղա եմ, բայց ես ոչինչ չեմ ուզել պետությունից, նույնիսկ կարգ չեմ ստացել, ասել եմ՝ մեկ ուրիշի տվեք էդ կարգը: Բայց հիմա ես գնում եմ: Ու շատերն են գնում հիմա: Եթե վարկերը հեչ անեն, ժողովուրդը կմնա: Բայց գնում են, որովհետեւ վարկերի վրա ահռելի տոկոսներ են ավելացած: Մարդիկ ո՞նց ապրեն: Գույքն էժան տալիս՝ գնում են: Մենք կռվել ենք հայրենիքի համար, որ հիմա մեզ էշի տե՞ղ դնեն»: