Հայցադիմումին վերաբերվում եմ փիլիսոփայորեն․ Ջհանգիրյանը՝ ԲԴԽ-ին դատի տալու մասին

Հայցադիմումին վերաբերվում եմ փիլիսոփայորեն․ Ջհանգիրյանը՝ ԲԴԽ-ին դատի տալու մասին

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին։ Վարդազարյանը  դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջով, որ վարչական դատարանն իր՝ որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի դատավոր նախագահի լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչի:

ԲԴԽ-ից ի պատասխան մեր հարցին, թե ինչ տեսակետ ունեն ներկայացված հայցադիմումի վերաբերյալ, ասացին. «Պարոն Գագիկ Ջհանգիրյանը հայցադիմումին վերաբերվում է փիլիսոփայորեն»։

Հիշեցնենք, որ  Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 15-ին կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Վարդազարյանն էլ իր նկատմամբ գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդման հարուցման մեղադրյալ ներգրավվելու մասով դիմել էր դատարան, եւ դատարանը որոշել էր բողոքը բավարարել՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին` վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումները։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ ապրիլի 12-ին հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը։ Վերջինս այս պահին ԱԱԾ պետի տեղակալ է։ Հաղորդման մեջ, մասնավորապես, նշվել է, որ Վարդազարյանը 2020 թվականին միջամտել է դատավոր Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։ Ապրիլի 13-ին դատախազը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն` արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Ապրիլի 14-ին որոշում է կայացվել Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։