Փնտրենք մեզ Թումանյանի հեքիաթներում

Փնտրենք մեզ Թումանյանի հեքիաթներում

Անմահ Թումանյանն իր հեքիաթներում ու ժողովրդական բանահյուսության մշակումներում հստակ նկարագրել է հայ ժողովրդի անցած ուղին, ճակատագիրը, բնավորությունը, երազանքներն ու մտավոր ունակությունները։ Ինչ ասես արժեն նրա Կիկոսի մահը, Անխելք մարդը, Անբան Հուռին, Մի կաթիլ մեղրը, Նեսոյի քարաբաղնիսը, Գիքորը, Լոռեցի Սաքոն, Ձախորդ Փանոսը, Քաջ Նազարը։

Նաեւ քառյակները։
Ահա մեկը. 
Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
- Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…։

Հոյակապ է, չէ՞։ Մոտավորապես գերեզմանոցում Նիկոլ Փաշինյանին գրկախառնված կնոջ տեքստն է․ «Տղայիս կորցրեցի, լավ է, որ գոնե քեզ չկորցրեցի»։ Կամ՝ Երասխի բնակչուհու կերպարն է, որն ադրբեջանական հրետակոծության տակ ասում է․ «Մենք ամբողջ գյուղով Փաշինյան ենք ընտրել, մենք բոլորս Նիկոլ Փաշինյան ենք»։ 688 հազարից ավելի մարդ այս տրամադրությունների մեջ է՝ ո՛չ իր զավակի կորստի, ո՛չ իր գլխին կախված հրետակոծության համար չի մեղադրում Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը։

Ավելին՝ սահմանի գլխին ապրող մարդն ասում է՝ ադրբեջանցիք դիրքերը Սերժի ժամանակ են կառուցել։ Հետո հետաքրքրվում ենք, պարզվում է, որ 2018-ից հետո են ադրբեջանցիները մեր ու իրենց չեզոք գոտում առաջ շարժվել, իսկ երասխավանցի հողագործը «դիրքեր կառուցել» ասելով՝ նկատի է ունեցել հենց ադրբեջանական տարածքում դիրքեր կահավորելը, որն արել է թշնամին տարիներ առաջ։ Այո, 30 տարի նախապատրաստվելով ու մոտեցնելով ռեւանշի պահը։ 

Իհարկե, կարելի է մեղադրել նախկիններին, եւ մենք մեղադրում ենք, որ 1994-ի փայլուն հաղթանակից հետո չկարողացան թշնամուն պարտադրել կապիտուլյացիա, ապա Ղարաբաղի կարգավիճակի ու անկախության ամրագրում։ Անշուշտ, դա մեր դիվանագիտության եւ պետության ղեկավարների կողմից բացթողում էր եւ թերացում, որ չկարողացան հասնել հարցի կարգավորման եւ ննջեցին ստատուս-քվոյի դափնիների վրա։ Բայց եթե 18-ից հետո իշխանության մնային նախկինները, եւ շարունակվեին 30 տարի շարունակ պաշտոնավարած իշխանության մտածողությունն ու տրամաբանությունը, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին փոխարիներ հմուտ ու փորձառու մեկը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, մենք այսպիսի անփառունակ կորուստներ ու անկում, Արցախի հարցի լիակատար տապալում չէինք ունենա։ Կունենայինք ինչ-որ փաստաթուղթ, որը մեր բոլոր երազանքների արտացոլումը չէր լինի, բայց այսպիսի պարտություն ու խորտակում չէր լինի։

Հիմա ամեն օր ավելի ու ավելի է խորանում այս պարտվողական հոգեբանությունը, այս անկումն ու զիջումների պատրաստակամությունը։ Հիմա ձեւացնում ենք, թե ընտրություններով, կառուցվածքային փոփոխություններով, եվրոպական գրանտներով ու Մակրոն-Բայդեն աջակցությամբ կկարողանանք դուրս գալ այս փոսից։ Իբրեւ թե պետություն կա, եւ պետական կառույցները բնականոն աշխատում են՝ ոստիկանության նոր պարեկներ են հայտնվում, ինչ-որ կադրեր են փոխվում, կառավարություն է ձեւավորվում, կառավարության նիստեր են անում, բանակի բարեփոխումների մասին են խոսում, կրթության ոլորտում պիլոտային ծրագիր է իրականացվում Տավուշում։ Բայց իրականում այս աչքակապությունը, այս՝ ինքնահոսով ընթացող պրոցեսները կապ չունեն ո՛չ պետության, ո՛չ մեր ապագայի հետ։ Պետությունը 2018 թվականից հետո դանդաղ ու մաս-մաս դադարել է գոյություն ունենալուց։