«Արմմոնո» փառատոնը հետաձգվել է

«Արմմոնո» փառատոնը հետաձգվել է

Մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 18-րդ փառատոնը, որն այս տարի պետք է տեղի ունենար ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 3-ը, համաճարակային իրավիճակով պայմանավորված, հետաձգվել է: 

Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնն առայժմ տեղափոխվել է հունիսի սկիզբ. «Արդեն կազմված էր ծրագիրը, աֆիշը, մենք պետք է ունենայինք 12 ներկայացում՝ արտասահմանյան մեր հյուրերից, եւ արդեն սկսել էինք գործընթացը` բուկլետներ, հյուրանոցների ամրագրում եւ այլն, բայց այդ ամենը կանգնեց: Թեպետ հիմա ոչ մեկս չենք կարող ասել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, բայց հույս ունեմ, որ այդ դերասանները, հյուրերը, որոնք պետք է գային ապրիլի վերջին, կգան հունիսի սկզբին: Իսկ մասնակիցներ ունենք Իսրայելից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Լիտվայից, Ուկրաինայից: Ամեն դեպքում, հիմա որեւէ կոնկրետ պատասխան չեմ կարող տալ, միայն կարող եմ ասել` Աստված մեզ փրկի եւ պահպանի»: 

Հնարավոր համարո՞ւմ է փառատոնն առցանց տարբերակով անցկացնելը։ «Հիմա «Արմմոնո» փառատոնը ֆեյսբուքյան էջով սկսել է օնլայն ներկայացումների ցուցադրություններ անել, արդեն ցուցադրել ենք մեր հայրենակիցների ներկայացումներից մի քանիսը: Չեմ բացառում, որ կարող ենք ինչ-որ օնլայն տարբերակներ անել, բայց, բոլոր դեպքերում, թատրոնը շփում է հանդիսատեսի հետ, եւ հանդիսատեսն էլ է այդ ներկայացման ստեղծողներից: Ճիշտ է, հիմա շատ են խոսում այդ վիրտուալ ներկայացումների մասին, օրինակ՝ Կոնստանտին Ռայկինը 2 օր առաջ խաղաց իր ներկայացման պրեմիերան դատարկ դահլիճում, որն օնլայն ցուցադրվեց: Բայց այն տեսագրությունները, որ հիմա տեսնում ենք օնլայն հարթակում, ավաղ, ո՛չ լավ տեխնիկայով են արված, ո՛չ իդեալական են ձայնի առումով, դրա համար, եթե անկեղծ` ես գերադասում եմ նայել ֆիլմեր»,- ասում է Մ. Մխիթարյանն ու հավելում, որ փառատոնի շրջանակներում այսօրվանից սկսում են օնլայն զրույցներ, որն իրենից կներկայացնի ուսումնական ծրագիր, այն կկոչվի «Armmono Talking», որի ընթացքում զրույցներ կլինեն տարբեր ոլորտի մասնագետների հետ` հոգեբան, բեմադրիչ, նկարիչ եւ այլն։