Ես թաղային հեղինակություն չեմ, մականուն չունեմ

Ես թաղային հեղինակություն չեմ, մականուն չունեմ

ԵՊՀ-ում առաջին աշխատանքային օրը մեկնարկել է աշխատակիցների դժգոհությունների մթնոլորտում, ԵՊՀ-ականների տոնական օրերը «հարամ» են եղել, եւ նրանք նամակ են գրել՝ հրապարակելու խնդրանքով: «ԵՊՀ այն աշխատակիցները, ովքեր տոնական օրերը (31.12.2019-06.01.2020) անցկացրել են Ծաղկաձորում գտնվող համալսարանի հանգստյան տանը, վրդովված ու զայրացած են։ Այդ 7 օրերն իրենց համար եղել են տհաճության օրեր, նույնիսկ որոշ մասը հետ են եկել երկրորդ օրվանից սկսած, քանի որ սնունդը եղել է ահավոր վատ և անորակ, բազմաթիվ համալսարանականներ իրենց հետ եղած երեխաների համար սնունդ են գնել դրսից, չեն կերակրել հանգստյան տան սնունդով: Ամանորի գիշերվա տոնական ընթրիքի խորովածի միսը եղել է սառեցված բրազիլական խոզի մսից և շատ վատ վիճակում․․․ ԵՊՀ բոլոր աշխատողները, ովքեր նախորդ տարիներին ևս ամանորյա տոնական օրերն անցկացրել էին ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տանը, միաբերան պնդում են, որ նման խայտառակ վիճակ երբևէ չի եղել՝ այն դեպքում, երբ ուղեգրի արժեքը նույնն է մնացել: Առավել զայրացնող է եղել այն փաստը, որ հանգստացողների շարքում է եղել նաև ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի դուստրը և փեսան, ովքեր ընդհանրապես ԵՊՀ-ի հետ կապ չունեն, նրանց համար առանձնացված է եղել հատուկ սեղան, և 7 օր շարունակ բոլորից տարբերվող ճոխ մենյուով են սնվել՝ ի տես բոլորի, հանգստյան տանը գտնվողները վիրավորված ու վրդովված ասում էին, թե Գեղամի աղջիկն արտոնյա՞լ է, թե՞ իր արյունը մերինից ավելի կարմիր է: Իսկ հանգստյան տան տնօրենը, ով թաղային հեղինակություն է և հայտնի է «Մանումենտցի Աշ» մականվամբ, բոլոր բողոքողների բերանը փակել է․ «Չեք ուզում, հելեք ստուց հավքվեք գնացեք, գնումներով ինչ տվել են ինձ, ես էլ ձեր դեմն եմ դնում»»,- գրել էին ԵՊՀ աշխատակիցները։

Երեկ խմբագրություն էր այցելել հանգստյան տան տնօրեն Աշոտ Ղուլյանը՝ Մանումենտցի Աշը, այդ հոդվածի հետ կապված` պարզաբանումներ տալու: «Ես չեմ պատկերացնում, որ մարդը, որն անվճար սովորել է պետական բուհում առաջադիմությամբ և ավարտելուց հետո առ այսօր ոչ մի օր առանց աշխատանք չի մնացել, կարող է լինել «թաղային հեղինակություն։ Ինչ վերաբերում է սննդին, ապա սննդի մրցույթն անցկացվել է բուհի նախկին ղեկավարության օրոք։ Սննդի որակը և քանակը բավական գոհացնող է եղել։ Դրա վառ ապացույցն է իմ աշխատած 11 ամիսների ընթացքում նախկին տարիների համեմատ մոտ 20 մլն դրամի ավել ստացված եկամուտը։ Ինչ վերաբերում է ռեկտորի ԺՊ-ի ընտանիքին․ ես անձամբ ընդհանրապես չեմ ճանաչում որևիցե մեկին, տեղյակ չեմ էլ եղել, որ հանգստացողների ցուցակում են, քանի որ ես հյուրերի ցուցակով չեմ զբաղվել։ Ես ծառայամիտ մարդ չեմ և այդպիսի մարդկանց չեմ ընդունում։ Ինձ ճանաչողները դա շատ լավ գիտեն»,- ասաց Ղուլյանը

- Համալսարանականները նամակում գրել էին, որ իրենց բրազիլական սառեցված խոզի մսից խորոված եք տվել, մյուս ուտելիքներն էլ որակապես չեն փայլել։

- Տեղական մսով թոնրի խորոված են տվել։ Մատակարարները, որոնք մրցույթը շահել են, տեղական մսից բացի չեն կարող ուրիշ միս բերել, որովհետև այդ միսը ստուգում են խոհարարները, հաշվապահը, ստուգում ենք բոլորս։ Մեզ մոտ՝ հանգստացողների մեջ, խոհարարների միության անդամ է եղել, ես իրեն խնդրել եմ, որ ամեն օր որպես մասնագետ հետևի սննդակարգին, հանգստացողներն ինձ շատ շնորհակալ են եղել։ Համալսարանականներն ընդհանրապես ընդդիմադիր կեցվածք ունեցող, պրոբլեմատիկ հանգստացողներ են, եթե մի բանը ավել-պակաս կամ չգոհացնող լինի, նրանք վայրկյանական կարձագանքեն և քեզ հանգիստ չեն տա, 200 հոգի, պատկերացնո՞ւմ եք։

- Արձագանքել են, նամակ են ուղարկել։

- Ինձ թվում է՝ ինչ-որ մեկը, որն իմ կամ ռեկտորի ԺՊ-ի հետ խնդիր ունի, պատվիրել է, ես դրա համար եմ ասում, որ զրպարտում են, եթե դհգոհ են, ազգանուններով թող ասեն։ Ընդամենը մի հոգի է եկել, ասել է, որ Նոր տարվա հաջորդ օրվա սպասը մի քիչ թթու էր, էդ նախադասությունից ավել ես բան չեմ լսել։ Ես 7-օրյա ռեժիմով այնտեղ եմ եղել, մի աղջիկ մոտեցավ, ասաց, որ մի քիչ թթու էր, ասել եմ, որ մի քիչ թթու են սարքում, որ ժողովուրդը մի քիչ ավելի հաճույքով ուտի։

- Ի՞նչ արժեն ուղեգրերը, ի՞նչ են ներառում։

- 80 հազար դրամ, 7 օրվա համար։ Նախապատվությունը տրվում է ԵՊՀ աշխատակիցներին, եթե ազատ տեղեր են մնում, տալիս են նաև դրսից եկողներին։ Այդ 80 հազարի մեջ մտնում են միջոցառումները, երաժշտությունը․․․ Հրավառությունը ես իմ կողմից եմ կազմակերպել, իմ անձնական միջոցներով։ Ես այդ հիմնարկ եմ գնացել, որպեսզի ցույց տամ, որ ես կարող եմ առողջացնել, որ մնացած հիմնարկներն էլ մտածենք, թե ոնց առողջացնենք, արդյունավետությունը բարձրացնենք։ Իմ աշխատավարձը 80 հազար դրամ է, ես ինչ արել եմ, 11 ամսվա մեջ եմ արել։ Եթե ես վատ աշխատեի, ցուցանիշները չէին ավելանա։

- Ինչպե՞ս է ստացվել, որ ռեկտորի դուստրն ու փեսան էլ են հանգստացել, այն էլ արտոնյալ պայմաններով։

- Ես ռեկտորից բացի իրենց ոչ մի տան անդամի չեմ ճանաչում, ես ցուցակներով չեմ էլ զբաղվել, ես ոչ մի ծանոթ չունեմ այդ հանգստացողների մեջ, համալսարանն է որոշել, թե ով գա, քանի հոգի։ Ազատ սենյակ ընդամենը մեկ հատ է եղել, մեկտեղանոց, ես այդ սենյակի մասին չեմ էլ մտածել, որ դրսից մարդ չլինի, զուտ այդ առումով, այսինքն՝ մեկ սենյակի համար դրսից մարդ չբերեմ։ Առանձին մենյու չի եղել, դա զրպարտություն է։

- Ինչո՞ւ են Ձեզ թաղային հեղինակություն անվանում, մականուն ունեք՝ «Մանումենտցի Աշ»։

- Ես ընդհանրապես մականուն չունեմ։ Եթե դու ինչ-որ մի տեղ ապրում ես, հասարակությանը պիտանի ես, մի բանով կարողանում ես ավել պիտանի լինես, ու քեզ քո հարևանները հարգում են, ինչ-որ չափով հարգանքի ես արժանացել, դա նշանակում է թաղային հեղինակությո՞ւն։ Եթե դա նշանակում է թաղային հեղինակություն, ուրեմն այդպիսի շատ թաղային հեղինակություններ կան, կարող է Դուք էլ եք թաղային հեղինակություն։

- Սովորաբար երբ ասում են «թաղային հեղինակություն», նկատի են ունենում, որ այդ մարդը գողական բարքերով է ապրում, Դուք ապրո՞ւմ եք գողական բարքերով։

- Որ այդ բարքերով ապրեի, ինչպե՞ս հիմնարկի տնօրեն կլինեի։ Ես համալսարանն ավարտելուց մինչ այսօր բիզնեսով եմ զբաղվել, որոշակի կարողություններ ունեմ։ Սեփական բիզնեսով եմ զբաղվել, հայրս գործարանում տնօրեն է աշխատել, այդ գործարանում երկար ժամանակ փոխտնօրեն եմ աշխատել։

- Ինչպե՞ս է եղել, որ Դուք եք դարձել հանգստյան տան տնօրեն, Ձեզ առաջարկե՞լ են, թե՞ Դուք եք դիմել։

- Հոգաբարձուների խորհրդում հարցը բարձրացրել են, որ ուզում են կառույցի արդյունավետությունը բարձրացնել։ Ռեկտորն իր ընդհանուր ծանոթով իմացել է, որ իմ մոտ բիզնեսը հաջող է ստացվում, ռեկտորի հետ անձամբ ծանոթ էլ ենք եղել, ինձ համարելով պարկեշտ մարդ՝ ասել է, գնացել եմ այդ պատասխանատվությունը վերցրել եմ։