Երբ հայկական բանակը շտկում է դիվանագիտության սխալները
Պատերազմն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիվանագիտությունը. այս մոտեցումը գուցեեւ ճիշտ է մեծաթիվ պատերազմների, սակայն ոչ ղարաբաղյան այս ծանր պատերազմի համար: Ընդհակառակը: Հայ-ադրբեջանաթուրքական այս պատերազմում դիվանագիտությունը կարող է սկսվել այնտեղ, որտեղ կորոշի պատերազմը: Պատերազմական ժամանակների դիվանագիտությունը, ըստ էության, երկու խնդիր կարող է լուծել. 1. դադարեցնել պատերազմը, 2. բանակցել պատերազմի արդյունքների ամրագրման շուրջ:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ երեսուն տարիների ընթացքում հայկական դիվանագիտությունը մի ցավալի առանձնահատկություն ձեռք բերեց. անկարող եղավ պատերազմում մեր հաղթանակները դիվանագիտորեն ամրագրել:
Ուշագրավն այն է, որ որքան հզոր ու մարտունակ է դառնում հայկական բանակը, այնքան անզոր ու անզեն է մնում ՀՀ դիվանագիտությունը: Եվ թեպետ բանակի եւ դիվանագիտության գրոհի մեխանիզմներն ու գործիքակազմը տարբեր են, սակայն նույնն է նշանառությունը: Բանակին ու դիվանագիտությանը միավորում է եւս մեկ հանգամանք՝ նրանք շտկում են միմյանց սխալները:
Ղարաբաղյան պատերազմի այս ժամանակաշրջանի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հայկական Սփյուռքն ավելի կարեւոր դիվանագիտական ճակատամարտեր մղեց եւ շահեց, քան մեր դիվանագիտությունը: Հայկական Սփյուռքի արագ ինքնակազմակերպման եւ ճշգրիտ մարտավարության շնորհիվ ծանր եւ դանդաղաշարժ միջազգային կարծիքը սկսեց հետեւել-արձագանքել ղարաբաղյան պատերազմին: Որքան էլ արտերկրում ՀՀ դեսպանություններն այս կամ այն չափով ներգրավված լինեն Սփյուռքի կազմակերպական աշխատանքներում, սփյուռքահայության ինքնակազմակերպման դերն անուրանալի է:
Հայկական դիվանագիտության գործունեությունը, բնականաբար, մեծապես պայմանավորված է ՀՀ բարձրագույն իշխանության դիրքորոշմամբ եւ իրականացվող արտաքին քաղաքականության ուղեգծով: Պաշտոնավարող դիվանագետը թեպետ չի կարող հակադրվել պաշտոնական ուղեգծին, սակայն կարող է նախաձեռնողականություն եւ ինքնուրույնություն դրսեւորել: Եվ չնայած մեր դիվանագետներն անձնային ինքնավստահության պակաս չունեն, սակայն մեր դիվանագիտությունն անվստահ է, վախվորած, զուրկ նախաձեռնողականությունից եւ ինքնուրույնությունից. հանգամանքներ, որոնք նվազեցրել են երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններում հայկական կողմի առավելությունների եւ հաջողությունների հնարավորությունները:
Միաժամանակ, հարկ է նշել, որ արտերկրում ՀՀ դեսպանությունները Երեւանից տրվող հանձնարարականներով հաճախ լուծել են ոչ թե պետականության, այլ իշխանությունների խնդիրները: Երկուսուկես տասնամյակ շարունակ, յուրաքանչյուր կեղծված ընտրություններից հետո, ՀՀ դեսպանությունները զբաղված են եղել կեղծված ընտրությունների համար արդարացումներ գտնելով եւ արտերկրում օրվա իշխանության լեգիտիմության ուղիներ փնտրելով: Երբեմն հայկական դիվանագիտության հիմնական աշխատանքը եղել է «Եվրատեսիլի» հայ մասնակցի համար քվեներ ապահովելը, ինչին լծվել են ողջ դիվանագիտական կառույցները:
Լուրջ եւ կարեւոր, պետական եւ համազգային խնդիրների բացակայությունը հայկական դիվանագիտությանը զրկել է մտածելու, գործելու, համագործակցելու հնարավորություններից: Այն ծավալուն աշխատանքը, որ պետք է անեին ՀՀ դեսպանությունները, հաճախ կատարել են համահայկական կառույցները:
Դիվանագիտական աշխատանքը երբեմն եղել է այս կամ այն անձին պարգեւատրելու, հանգստի ուղարկելու, քաղաքականությունից հեռացնելու միջոց: Ուշագրավն այն է, որ հայկական քաղաքական միջավայրից հաճախ դիվանագիտություն են գործուղվել ապաշնորհները: Բացի այդ, տարիներ շարունակ ՀՀ դիվանագիտական նշանակումների վրա որոշակի ազդեցություն է ունեցել Մոսկվան, որի շահերին էլ ծառայել եւ ծառայում են հայ դեսպաններից ոմանք:
Բացի այդ, հաճախ հայ դիվանագետները պաշտոնավարման առումով իրապես «անմահ» են՝ պաշտոնավարելով 10-25 տարի: Մինչդեռ տվյալ երկրում դեսպանի երկարատեւ պաշտոնավարումը չի խրախուսվում, քանի որ նա կարող է անընդունելի սերտ կապեր հաստատել հյուրընկալ պետության հետ՝ ընդդեմ սեփական պետության շահերի: Երբեմն հայ դեսպանները, անգամ՝ ՀՀ նախկին երկու արտգործնախարարները, պաշտոնավարումից հետո Հայաստան չեն վերադառնում՝ հաստատվելով տվյալ երկրում եւ ընդունելով այդ երկրի քաղաքացիությունը: Սա ոչ միայն դիվանագիտական վարքականոնի կոպիտ խախտում է, այլեւ ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք, երբ պետական գաղտնիքներին տիրապետող դիվանագետը դառնում է այլ պետության քաղաքացի՝ հաստատվելով այնտեղ:
Հայկական դիվանագիտության պարադոքսն այն է, որ մենք ունենք նաեւ լուրջ, հմուտ, բանիմաց դիվանագետներ, բայց եւ՝ ունենք թույլ դիվանագիտություն, ունենք արտերկրում ուսանած միջազգային հարաբերությունների եւ իրավունքի գիտակ երիտասարդներ, սակայն չունենք այդ հարաբերությունների փոփոխությունների արձագանքման պետական քաղաքականություն, ունենք արտաքին քաղաքականությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովներ եւ բարեկամական խմբեր, պետական գործադիր մարմին՝ ԱԳՆ, սակայն չունենք արտաքին քաղաքական օրակարգ եւ հայեցակարգ:
Ահա, դիվանագիտական այս վայրիվերումների մեջ է հայտնվել ղարաբաղյան հիմնախնդիրը շուրջ երեսուն տարի: Եվ թեպետ կարգավորմամբ զբաղվել են ՀՀ տարբեր ժամանակների արտգործնախարարներն ու երկրի ղեկավարները, սակայն հենց այդ մակարդակներում էլ ի հայտ են եկել դիվանագիտական սխալները:
Իր ստեղծման օրվանից աշխարհը շատ չի փոխվել. այստեղ չկան հավերժական բարեկամներ, այլ կան հավերժական շահեր, որոնց մեջ Հայաստանը դժվար է տեղավորվում: Պաշտոնական Եվրոպան այժմ բաժանվել է երկու մասի՝ կա՛մ ի դեմս Հայաստանի եւ հայ ժողովրդի պաշտպանել եվրոպական հիմնարար արժեքները, կա՛մ ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցել Եվրոպայի իսլամացմանը, պաշտպանել նավթի ու գազի սպառողական-նյութական արժեքներին:
Քրիստոնեական Եվրոպան հեռացել էր իր հիմնարար արժեքներից մինչեւ ղարաբաղյան այս պատերազմը, երբ եվրոպական տարբեր քաղաքներում մզկիթացվում կամ հրկիզվում էին քրիստոնեական եկեղեցիները, իսկ հասարակությունները՝ ահաբեկչությունների ենթարկվում: Եվրոպական քաղաքակրթությունը կա՛մ ընկրկում է թուրքական սպառնալիքների հորձանքից, կա՛մ մաշվում արեւելյան քաղցրածոր քաղաքական առեւտրից:
Եվրոպան չի կարողանում պաշտպանել ինքն իրեն: Այլադավաններն այժմ լցվել են քրիստոնեական Եվրոպա թե՛ որպես փախստականներ, թե՛ որպես ահաբեկիչներ, որոնք փորձում են ներսից գրավել կամ պայթեցնել Եվրոպան եւ նրա հիմնարար արժեքները: Եվ հաճախ դա անում են որպես ԵՄ քաղաքացիներ: Եվ օրինաչափ է, երբ եվրոպական դիվանագիտությունն այժմ դարձել է Անկարայի պատանդը:
Այնուամենայնիվ, մենք բազմաթիվ բարեկամներ եւ բարեկամ երկրներ ունենք Եվրոպայում, որոնք մեծապես աջակցում են Հայաստանին ու հայ ժողովրդին, թեպետ Հայաստանում ռուսական գործակալները փորձում են ստվերել նրանց դերակատարումը:
Հանուն ճշմարտության պետք է նշել, որ Արեւմուտքում հայկական դիվանագիտության անհաջողությունների պատճառներից մեկն էլ Երեւանի ռուսագիծ քաղաքականությունն է: Արեւմուտքն ընդհանրապես, Եվրոպան՝ մասնավորապես անվստահությամբ է վերաբերվում Երեւանին, չգիտե, արդյոք Հայաստանը դադարե՞լ է լինել տարածաշրջանում ռուսական ռազմաքաղաքական ֆորպոստը: Եվրոպայի համար ռուսական վտանգը մեծ է, գուցեեւ՝ այդ վտանգն իրականում չափազանցված է, մանավանդ որ այդ վտանգն այնքան մեծ չէ, որքան իսլամական ծայրահեղականությունը, որի առջեւ Եվրոպան կամավոր բացել է դռները:
Միջազգային հարաբերությունները եւ պետությունների շահերը միշտ փոխվում են, փոխակերպվել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը, սակայն չեն փոխվել կարգավորման հանդեպ Երեւանի մոտեցումները:
Շուրջ երեք տասնամյակների ընթացքում պաշտոնական Երեւանն առաջարկել-պնդել է կարգավորման երկու՝ փուլային եւ փաթեթային տարբերակները, որոնց համաձայն՝ տարժամանակյա եւ համաժամանակյա կտրվածքով քննարկում էին ազատագրված տարածքների վերադարձի եւ Արցախի կարգավիճակի հարցը՝ «կարգավիճակը՝ ամենավերջում», «կարգավիճակը՝ ամենասկզբում» տարբերակներով:
Բանակցությունների սեղանին դրված կարգավորման տարանուն սկզբունքները՝ Ժելեզնավոդսկից մինչեւ Քի Վեսթ, Փարիզ, Մադրիդ, Կազան, Վիեննա, Սանկտ Պետերբուրգ եւ այլն, երբեւէ չեն արտացոլել ստատուս քվոն եւ հայկական կողմի ռազմական հաղթանակները: Երեւանը միշտ աշխատել է զիջման դիրքերից, Բաքուն՝ ընդհակառակը՝ գործել է պատերազմի լեզվով եւ պահանջել զիջումներ, առանց նախապայմանների:
Իրողությունների այս տարօրինակ հարահոսում հայտնված ղարաբաղյան հիմնախնդիրը մղվել է դիվանագիտական փակուղի, եւ այժմ պատերա՛զմն է որոշելու, թե երբ է սկսվելու դիվանագիտությունը, եւ ինչ արդյունքներ է այն արձանագրելու: Բանակցություններն այլեւս չեն գործում, գործում են պատերազմի արդյունքները:
Հայկական բանակը դարձյալ ստիպված է շտկել ՀՀ դիվանագիտության եւ քաղաքական իշխանության սխալները:
Կարծիքներ