Դատապարտյալներին` ռազմաճակատ

Դատապարտյալներին` ռազմաճակատ

Այսօր իշխանության տարբեր ատյաններից տղամարդկանց ուղղված հորդոր-կոչեր են հնչում՝ շտապել ռազմաճակատ: Զինկոմիսարիատներում հերթեր են: Արցախի նախագահն աշխարհի տարբեր անկյուններում բնակվող արցախցիներին կոչ է արել՝ հետ գալ ու կռվել: Երեկ էլ վարչապետի կին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրեց. «Ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ եւ աշխարհին ցույց տաք, թե ինչի է ընդունակ հայ տղամարդը իր հայրենիքը, տունը, կնոջը, երեխային եւ ծնողներին պաշտպանելիս»։ Իսկ Հայաստանի կալանավայրերում իրենց պատիժը կրող հարյուրավոր դատապարտյալներ, ձեռքները ծալած նստած, երազում են այս օրերին հայտնվել ռազմաճակատում: 

Բոլորին մերժում են

Արդեն գրել ենք, որ հարյուրավոր դատապարտյալներ են դիմել արդարադատության նախարարություն՝ խնդրելով, որ իրենց ազատ արձակեն եւ ուղարկեն ռազմաճակատ, հնարավորություն տան կռվել հայրենիքի համար, որպեսզի այդկերպ հատուցեն հանցավոր արարքների համար: Սակայն դատախազությունը ոչ մի դիմում մինչ այս պահը չի ստորագրել: 
Ըստ փաստաբան Սուսաննա Սարգսյանի, ե՛ւ արդարադատության նախարարությունը, ե՛ւ գլխավոր դատախազը կարող են այս հարցին ընթացք տալ: «Մենք ունենք հարյուրավոր դիմումներ ե՛ւ կալանավորված, ե՛ւ դատապարտված անձանցից, այդ թվում՝ ցմահ դատապարտյալների կողմից, որոնք ցանկանում են մեկնել առաջնագիծ: Նրանք չեն ասում` մենք օգնենք, թիկունքում լինենք: Մարդիկ ուզում են գնալ առաջնագիծ, եւ ոչ մեկին թույլ չեն տալիս: Ես չեմ հասկանում՝ դատապարտյալը եթե ցանկություն ունի այսօրվա վիճակով, առավել վտանգավոր պայմաններում ծառայի հայրենիքին, ինչի՞ համար ենք նրան պահում: Չեմ անդրադառնում դեռեւս կալանավորված անձանց, դատապարտյալն ի՞նչ պետք է անի առաջնագծում: Կա՛մ պետք է զոհվի, կա՛մ պետք է կռիվ տա, կա՛մ էլ փախչի թշնամու կողմը, ինչը կրկին մահ է»:  

Էհ, բերեք ամեն մեկի վրա մի հատ շիրմաքար դնենք, վերջանա, գնա

Սուսաննա Սարգսյանը ցմահ դատապարտյալների շրջանում երեք պաշտպանյալ ունի, որոնք դիմել են արդարադատության նախարարություն, սակայն մերժվել են: «Ունեմ նաեւ կալանավորվածների թվում պաշտպանյալներ, որոնց գործերը քննվում են դատարանի վարույթում: Նրանք միջնորդություն են ներկայացրել, հենց ձեռագիր, որ խնդրում ենք, մեր խափանման միջոցը քննարկեք, մեզ ուղարկեք առաջնագիծ: Դրանց մեջ են ե՛ւ ծառայած, ե՛ւ չծառայած անձինք: Շատերի դիմումներին չեն էլ անդրադարձել»: 

Մերժման նամակներում որեւէ պատճառաբանություն չի բերվում: «Գրում են պարզապես` ձեր դիմումը մերժվել է: Ո՞րն է նպատակը: Էդ դատապարտյալները մեր երեխեքից թա՞նկ են մեզ համար: Մեր երեխեքի կյանքն ու առողջությունը մղում ենք հետին պլան, իսկ դատապարտյալին կարեւորո՞ւմ: Եթե այդ մարդն այդքան վատն է, որ տարել ես նրանց մտցրել ես բերդ, հանի, ուղարկի առաջնագիծ, կզոհվի, կիմանանք, որ մեր հայն ա, զոհվեց հայրենիքի համար»: 
Սուսաննա Սարգսյանը նկատում է, որ դատապարտյալների, ազատազրկվածների նկատմամբ ընդգծված դաժան վերաբերմունք ունեն պետությունը, գլխավոր դատախազը, ինչը նա հոգեբանական բարդույթ է համարում: Նա հիշեցնում է, որ վերջերս մի քանի ցմահ դատապարտյալների` Արմեն Տեր-Սահակյանին, Կամո Շալունցին, այլոց, պահման ռեժիմը մեղմացնելու որոշումներ կայացվեցին, որոնք, սակայն, կարճ ժամանակ անց չեղարկվեցին, եւ մարդկանց կրկին փակ խցեր վերադարձրին: 

«Մեր գլխավոր դատախազը համապատասխան վարչության պետի զեկույցով ասաց, որ ցմահ դատապարտյալները չեն ուղղվել, անձնական գործերում բավական տվյալներ չկան, որ ուղղվել են: Լավ, չեն ուղղվել, բերեցիք փակ ռեժիմ, ինչի՞ համար ենք այս մեր չուղղված մարդկանց փայփայում: Ուղղվող չեն, ռեժիմի փոփոխության արժանի չեն, վաղաժամկետ ազատման արժանի չեն, պատերազմ գնալու արժանի չեն: Էհ, բերեք ամեն մեկի վրա մի հատ շիրմաքար դնենք, վերջանա-գնա»,- վրդովվում է փաստաբանը: 

Փորձառու տանկիստին պահել եք բերդում՝ ի՞նչ անեք

Դատապարտյալները, դիմելով իրենց առաջնագիծ ուղարկելու խնդրանքով, զուտ հայրենասիրական մղումներով չեն առաջնորդվում: Նրանք հույս ունեն, որ կռիվ տալուց ու ողջ մնալուց հետո կվերադառնան, կռեաբիլիտացվեն, որ իրենց կատարած սխրագործությունների, հայրենիքին մատուցած ծառայությունների համար նրանց դրական բնութագիր կտան, ու իրենք կկարողանան վաղաժամկետ ազատման հիմք ունենալ: 

Պարզ է նաեւ, որ ճակատ մեկնել ցանկացող դատապարտյալներից ոչ բոլորը կարող են պատշաճ վարքագիծ ունենալ՝ զենք կրելու իրավունք ստանալով: Սակայն կալանավայրում այս պահին կան բազմաթիվ զինվորականներ, որոնք դատապարտվել են ոչ ծանր հոդվածներով: Նրանց համար եւս արդարադատության նախարարությունը, դատախազությունը, ներման ինստիտուտները հայրենիքին ծառայելու որեւէ հնարավորություն չեն ցանկանում ստեղծել: 

ՀՀ զինված ուժերի մայոր, տանկիստ, Դիլիջանի N զորամասի հրամանատարի տեղակալ Միհրան Ոսկանյանը 16 տարի ծառայել է հայրենիքին, որից 7 տարին՝ սահմանում, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի, կորպուսի եւ իր զորամասի հրամանատարության կողմից ավելի քան 50 անգամ արժանացել է խրախուսանքների: 2019 թվականին դատապարտվել է 3 տարվա եւ 3 ամսվա ազատազրկման՝ զինվորին հարվածելու համար: Նրա փաստաբան Հակոբ Ճարոյանը դեռեւս Տավուշի դեպքերի օրերին գրավոր դիմել է վարչապետին՝ խնդրելով, որ ազատեն տանկիստին: Ոչ մի արձագանք չի ստացել: «Նա տանկային բիաթլոնում առաջին տեղն է գրավել: Ներկա պատերազմի պայմաններում նրա նման փորձառու մարդիկ շատ են պետք»,- ասում է փաստաբանը: Բայց մայորին չեն ազատում: 

«Իրավական մեխանիզմ չկա». դատախազություն

Ինչո՞ւ են դատապարտյալներին, ցմահներին մերժում: Չէ՞ որ սա էլ է ուղղվելու տարբերակ: Արդարադատության նախարարությունից մեզ պատասխանեցին. «Արդարադատության նախարարությունը որեւէ իրավասություն չունի պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաեւ կալանավորումը որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ»: 

Ճի՞շտ է, որ մի քանի հարյուր դիմում եք ստացել դատապարտյալներից՝ ռազմաճակատ մեկնելու խնդրանքով, ու բոլորին մերժում եք: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ պատասխանեց. «Դա չի համապատասխանում իրականությանը: ՀՀ օրենսդրությամբ ռազմական դրության ժամանակ կալանքի տակ գտնվող անձանց կալանքից ազատելու, ինչպես նաեւ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հատուկ կարգավորումներ նախատեսված չեն: Այսինքն՝ դատապարտյալ անձանց ռազմական գործողություններին մասնակցության համար ազատ արձակելու իրավական մեխանիզմներ չկան մեր օրենսդրությամբ: Իսկ պայմանական վաղաժամկետ ազատելու համար անհրաժեշտ է, որ անձը պատժի համապատասխան մասը կրած լինի՝ այդ մեխանիզմը կիրառելու համար: Նման դեպքեր չունենք»: 

ՀԳ. Ռազմական դրության ժամանակ կալանքի տակ գտնվող անձանց կալանքից ազատելու մեխանիզմ չկա․ ահա պատճառը, թե ինչու չեն դատապարտյալներին ուղարկում ռազմաճակատ: Բայց եթե պետք է լինում, իրավական մեխանիզմը ստեղծվում է մեկ օրում, ինչպես մեկ օրում փոփոխություններ մտցրեցին վարչական օրենսգրքում ու սկսեցին մարդկանց տուգանել՝ պաշտոնյաների գործողություններն ու ելույթները կասկածի տակ դնելու համար: