Ես, օրինակ, ամենեւին չեմ շտապում ճշմարտությունն իմանալ

Ես, օրինակ, ամենեւին չեմ շտապում ճշմարտությունն իմանալ

Հարցազրույց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանի հետ

- Հաստատվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հանդիպել են՝ գտնելու այս «գերլարված իրավիճակից դուրս գալու ելքը»։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կարող էր Տեր-Պետրոսյանը քննարկել 2-րդ եւ 3-րդ նախագահների հետ, որոնց հետ նրանց պաշտոնավարումից հետո չէր հանդիպել։

- Ինչպես վարվել, ինչ համաձայնության գնալ, ինչպես կնքել խաղաղության համաձայնագիր, ինչ պայմաններում։ Ինձ թվում է՝ դրա շուրջ կարող էին խոսել։

- Ուղղակի, 13 կուսակցությունների առաջարկը, որ գնացեք՝ նախկին նախագահներով, վարչապետերով օպերատիվ շտաբում աշխատեք, որակավորվեց որպես պուտչ, բայց, փաստորեն, մեկ այլ ֆորմատում այս անձինք, որոնք տիրապետում են բանակցային գործընթացին․․․

- Հենց այդ պատճառով, որ այս իրավիճակն է, եւ որ տիրապետում են։

- Արցախյան երրորդ պատերազմը վերահաստատե՞ց ՀԱԿ-ի ներսում այն համոզմունքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, մյուսները՝ սխալ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է։ 

- Եկեք տարակարծություններ չփնտրենք, իհարկե, ես այն կարծիքին եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ճիշտ, որովհետեւ 21-րդ դարում տարածաշրջանային կոնֆլիկտները լուծելու հիմնական ճանապարհը, նաեւ հաշվի առնելով, թե 21-րդ դարում զենքի արտադրության ինչ մակարդակ է, խաղաղությունը միշտ էլ նախընտրելի է։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, առավել եւս՝ փոքր երկրի համար, որը 20 տարի արտագաղթով նվազել է եւ չունի ռեսուրսներ՝ ունենալու այնպիսի ռազմական բազա, որը կվախեցնի մեր ախոյանին։ Եթե մենք ունենայինք պատերազմելու այդ հնարավորությունը եւ լայնածավալ պատերազմն ավելի արագ կանգնեցնելու ու քիչ զոհեր ունենալու․․․ պարտադրված պատերազմ է, պետք է դիմակայենք, բայց այս պահին իրավիճակը շատ բարդ է։ Խաղաղության գնալը ես չգիտեմ, թե որքանով է ճիշտ այս պահին։ Դուք, վստահ եմ, կարդացել եք Կարին Տոնոյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին։ Սա մտորումների լուրջ տեղիք է տալիս, իրավացի է մարդը, ես էլ նույնը կասեի՝ որպես մայր։ Դրա համար պետական այրերը պետք է զբաղվեն, մենք ամեն ինչ չէ, որ գիտենք։ Հասարակությունն ամեն ինչից չէ, որ տեղեկացված է։ Մենք տեսնում ենք պատերազմը, հետեւանքները, որոնք շատ ծանր են, որոնք ավելի ծանր են լինելու հաղթանակից հետո, տնտեսության վերականգնում, խնդիրներ, որոնք պատերազմը բերեց Հայաստան, բայց այս պահին լուծումը գտնվում է պատասխանատուների ձեռքին։ Հատկապես այն պարագայում, երբ ունենք ընտրված իշխանություն, եւ ընտրված իշխանությունը ժողովրդի անունից կարող է գնալ լուծումների։

- 14 քաղաքական ուժերը պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես լեգիտիմ ու ժողովրդի քվեն ստացած իշխանություն, հանրությանը ներկայացնի այն իրավիճակը, որը ներկայացնում է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներում, որովհետեւ «հաղթելու ենք», եւ «հաղթում ենք» հեշթեգներից ու սուղ տեղեկատվությունից հետո մարդիկ սառը ցնցուղ են ստանում, երբ, օրինակ, Թաթուլ Հակոբյանը գրում է, որ Ադրբեջանն արդեն Մեղրիի մոտ է։ Ձեր կարծիքով՝ պահանջն արդարացվա՞ծ է, որ Նիկոլ Փաշինյանը իրավիճակը ներկայացնի ոչ միայն քաղաքական ուժերին, այլեւ՝ ժողովրդին։ 

- Ճշմարտությունը լսելը նախընտրելի է, բայց կան իրավիճակներ, որտեղ ճշմարտությունը պետք է ինչ-որ ձեւով մատուցվի՝ այնպես, որ բազմաշերտ հասարակության մեջ ավելորդ հուզում, ավելորդ խուճապ եւ նմանատիպ երեւույթներ չառաջանան, քանի որ դա կարող է ավելի վնասել։ Ես կարծում եմ, որ ամեն մեկը պետք է իր գործն անի, իսկ հասարակության այն մասը, որը սպասում է ճշմարտությանը, թող անի իր անելիքը, օգնի բանակին, օգնի հաղթանակին։ Ես, օրինակ, ամենեւին չեմ շտապում ճշմարտությունն իմանալ։ Ես պատկերացնում եմ այդ ճշմարտությունը, ես հասկանում եմ այդ ճշմարտությունը, բայց կան ճշմարտություններ, որոնք լսելն ավելի ծանր կլինի, քան չլսելը։

- Դա ավազի մեջ գլուխը թաղել չէ՞։

- Ենթադրենք, ողջ հասարակությունը գիտի ճշմարտությունը, դրանից ի՞նչ է անելու։ 90-ականներին մեծ արտագաղթ տեղի ունեցավ։ Այո, այսօր արտագաղթը մի փոքր կսահմանափակվի՝ քովիդով պայմանավորված, երկրի սահմանները բաց չեն, բայց, ամեն դեպքում, տրամադրությունները կլինեն։

- Բայց սահմաննները մի օր կբացվեն, իսկ մինչ այդ էլ ճշմարտությունն իմացած կլինեն։

- Բայց դա ի՞նչ է տալիս։ Այն, ինչ մենք լսում ենք, բավարար չէ՞, արդյոք, հասկանալու, թե այդքան զոհերի պատճառն ինչը կարող է լինել։

- Ասեմ ինչ է տալիս․ ի վերջո, մաքսիմալիստական մոտեցումները լինում են այն դեպքերում, երբ ամեն ինչ փայլուն է, կորուստներն աննշան են, իսկ ռեալիստականը՝ հակառակ պարագայում։ Ինքներդ մեջբերեցիք Կարին Տոնոյանին․ եթե մարդիկ պատկերացնեն սպառնալիքի չափը, հեռանկարները, միգուցե այլ մոտեցում ունենան, տրամադրություններ, որպեսզի իշխանություններն էլ հասկանան, թե ժողովուրդն ինչ է ուզում, ինչի է պատրաստ, որքան կարող է զիջել, որքան՝ ոչ, որն է այն կարմիր գիծը, որից անդին էլ չենք կարող առաջ գնալ։

- Իրավիճակը պետք է բաժանել 2 մասի՝ էմոցիանալ ու ռեալ։ Էմոցիոնալ իրավիճակում ամեն մեկս մի բան ասում ենք, հուզականության մեր տիրույթում ինչ մտածում ենք, ասում ենք՝ հաղթենք, մինչեւ վերջ գնանք, վերցնենք Բաքուն, բայց իրականությունը նաեւ այլ փաստերից է, որոնց մենք ամբողջովին տեղեկացված չենք, բայց կարող ենք ենթադրել։ Հիմա ես լսում եմ Արծրուն Հովհաննիսյանի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ցանկություն ունի լսելու Ադրբեջանին, ես տեսնում եմ, թե ինչ զենք է օգտագործում Ադրբեջանը, ինչքան զոհեր ունենք, այդ ամենը համադրելով՝ ես հասկանում եմ իրավիճակը։ Ինձ պետք չէ, որ ճշմարտությունը որեւէ մեկն ինձ ասի բառերով, որովհետեւ ճշմարտություն էլ կա, որը չես էլ ուզում լսեսը։ Ուզում ես հավատալ մեկ այլ ճշմարտության, մեկ այլ իրողության։ Ի վերջո, խոսք կա՝ խոսքն ուժ ունի։ Եթե ուժ ունի, ասենք՝ հաղթելու ենք կամ՝ հաղթել ենք։ Եվ չմոռանանք, որ հող պաշտպանողն ու հող գրավողը տարբեր մոտիվացիա ունեն, եւ հող պաշտպանողը պետք է որ հաղթի։