Սեփական ազգիդ ի՞նչ ես ապացուցում

Սեփական ազգիդ ի՞նչ ես ապացուցում

Լավ, ինչի՞ ես այդպես անում։

Առավոտ կանուխ քաղաքում ինչքան ոստիկան կա՝ հավաքել ես, ողջ այգին շրջափակել տվել, որ 200 մետր ոտքով գնաս մի մասնաշենքից մյուսը: Ախր արածիդ քաղաքական, տնտեսական, սոցիալական շարժառիթը ո՞րն է։ Ի՞նչ ես ուզում ապացուցել և ու՞մ։ Ասենք, գնացիր՝ բողոքող մարդկանցից և լրագրողներից ոստիկանների մեջքի հետևում թաքնված, դա քեզ ի՞նչ տվեց։ Ինչ մի նվաճում էր երկրի անվտանգության ամբողջ համակարգը քո մի քանի քայլի համար զբաղեցնելը, ով ինչ տեսավ ու ինչ հասկացավ: Ու՞մ ստորացրեցիր, ու՞մ ինչ հասկացրեցիր, քո քաղաքացու՞ն, քո ժողովրդի՞ն։ Հո թուրք չենք, ինչի՞ համար ես այդպես քեզ պահում։

Էլ չեմ ասում, որ եթե անգամ մի մարդ դեմ լիներ այդ անիմաստ Դեֆիլեին, էլի չարժել գնալ դրան, բայց այսօր մի մարդ չէր դեմ. մարդիկ դեմ էին: Մի՞թե այնքան մակերեսային ու հիմար մարդ ես, որ կարծում ես՝ մարդկանց նոր սպիացող վերքը փորելը լավ միտք է։ Կամ չես կարողանում ազգի «Փրկչի ու Հույսի» քո ամպլուային հրաժեշտ տալ, դեռ մնացել ես 18-ի տակ ու կարծում ես, որ բոլորը պիտի քեզ սիրեն:

Հիասթափեցնեմ, բոլորը վաղուց քեզ չեն սիրում, դեռ ավելին՝ ատողների մեծ բանակ ես ձեռք բերել, հիմա ուր էլ գնաս, մի «դավաճան» գոռացող կլինի, չկասկածես: Այնպես որ, համակերպվիր սեփական ազգից պաշտպանվող ու թաքնվող իշխանության քո դերի հետ, նստիր մեքենան՝ քո բազմաթիվ ԱԱԾ-ական թիկնապահների հետ, ու գնա ուր գնում ես: Մի երևա մարդկանց աչքին, մի հրահրիր, վիրավոր ազգին մի կատաղեցրու, թե չէ մեկը` մի զոհվածի ծնող, մի գերու եղբայր, մի դաշնակցական կամ մի ՀՀԿ-ական չի դիմանա՝ հաշվեհարդար կտեսնի: Քեզ համար չեմ մտահոգ, դու մարդկային ոչինչ չունես, անհանգիստ եմ, որ երկիրս նման «իշխանափոխության» խարանից էլ չի ձերբազատվի, առանց այդ էլ պարտվածի դաջվածք է կրում:

Նորայր Մարտիրոսյան