Կորոնավիրուսի խորհրդավորության շղարշը

 Կորոնավիրուսի խորհրդավորության շղարշը

Հիմա ինչից էլ մարդ մեռնի, համաճարակի տարածմանը զուգընթաց,  ու՞մ կարող ես համոզել, որ կորոնավիրուսից չի մահացել։ Այնպիսի տպավորություն է, որ էլ ուրիշ հիվանդություն չկա, մենակ կորոնավիրուսն է։

Մեր կողքի բարձրահարկերից մեկում մի կին էր մահացել ինֆարկտից։  Մինչև այդ էլ  սրտի խնդիրներ ուներ։ Պատմություն են հորինել․

Իբր  կինը կորոնավիրուսի թեստ է հանձնել և երբ իմացել է, որ թեստը դրական է, նրան ինֆարկտ է խփել։

Դրսերում ապրող  մեր հայերից շատերը բաց- բաց գրում են՝ թեստս դրական է ցույց տվել, այն մարդիկ, որոնք մինչ այդ շփվել են ինձ հետ, խնդրում եմ մեկուսանան։ Կամ նկարագրում են, թե ինչպիսի ընթացք է ունեցել վիրուսային հիվանդությունը, ոնց են տան պայմաններում կամ հիվանդանոցում հաղթահարել։ Հիվանդ- առողջ այնպիսի կապ է ստեղծվում, որ առանց հանդիպելու միմյանց օգտակար են լինում։ Մեզ մոտ այնպիսի խորհրդավոր ընթացք է տրվում, որ հետո տարիներ են պետք լինելու՝ հաղթահարելու միմյանց հետ շփվելու, հաղորդակցվելու հոգեբանական արգելքները։ Գուցե մեր հոգեբաններն այդ առումով մասնակի՞ց դառնային մարդկային փոխհարաբերությունների սխալ ձևավորման հարթմանը, անվստահության, կասկածամտության սառույցի հալեցմանը։ Մարդկանց մոտ հոգեբանական  լուրջ բարդույթներ կարող են առաջանալ։ Պետք է ոչ միայն վիրուսի ֆիզիկական գոյության դեմ պայքարել, այլ նաև այն ներգործության դեմ, որ հոգեբանորեն առաջացնում է։ Այդ խորհրդավորության շղարշը, որը կարծում եմ, արհեստական է ստեղծվում մեզ մոտ, հասցնելով գաղտնիության փակ ցանցի,  պետք է պատռել ու զրուցել պարզ։ Թե ինչ մեթոդներով ու մեխանիզմով՝ մասնագետները թող որոշեն․ միանշանակ այդ ամենի մեջ Սեր պիտի լինի և ոչ թե պատիժ։ Խստություն պետք է լինի, բայց խստության մեջ անգամ պիտի զգացվի յուրաքանչյուրի հանդեպ սերը, հոգածությունը։