PR-ի երկիր Հայաստանս

PR-ի երկիր Հայաստանս

Փիառով ապրող եւ փիառի տակ մնացած իմ ժողովուրդ: Շաբաթ- կիրակին ընթանում է Գյումրվա կարկանդակի ու եգիպտացորենի մասին բուռն քննարկումներով, թե իշխանական զույգը որտեղ ու ինչքանով առավ կարկանդակն ու եգիպտացորենը, որտեղ ու ինչպես կերավ: Շարունակվում է Լոռվա ու Տավուշի կադրերով` վրան, վառարան, կարտոֆիլի պլեճ, մանկության ընկերներ: Եվ Ֆեյսբուքն ընկնում է ցնցումների մեջ` մի մասը նողկում է, հայհոյում, մյուսներն ասում են՝ ճիշտ փիառ է` ուղղված զոմբիներին, երրորդներն ամոթանք են տալիս քննարկումների մասնակիցներին` հիշեցնելով երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրները: Բայց մեր կյանքը վերածվել է 5 տարի ձգվող փիառ-ակցիայի: Բանակի օրը, անկախության տոնն ու ազգային այլ տոներ շրջանցած իշխանությունը մեկ էլ հանկարծ հիշում է, որ այսօր Սումգայիթի ոճրագործության օրն է:

Դե, եթե Թումանյանի ծննդյան օրը կարելի է նշել, ինչո՞ւ չի կարելի հիշել Սումգայիթը` փիառի շրջանակներում միանգամայն տրամաբանական քայլ: Դեպի հուշարձան իրար կողքի քայլող վարչապետը, ԱԺ եւ ՀՀ նախագահները` լուրջ տեսքով, կիրակի օրվա համեմատ կոկիկ հագնված, ծաղկեպսակ դնելիս, փիառ տեսանկյունից շատ ճիշտ տեսարան են: Անցնենք հաջորդ ակցիային. ոստիկանական բանակը պաշարել է Քաղաքաշինության կոմիտեի շենքը, որ Նիկոլ Փաշինյանն անվնաս տեղ հասնի եւ լսի կառույցի 2022 թվականի զեկույցը: Սա էլ է մտածված փիառ. մի կողմից` ոստիկանական շարասյունը վախ է ներշնչում մարդկանց եւ ժողովրդի վարչապետի նկատմամբ ցանկացած ոտնձգության միտքն անգամ անիմաստ է դարձնում: Մյուս կողմից, իշխանավորների տրամաբանությամբ` հարգանքի, պատկառանքի, ուժի տպավորություն ստեղծում: Ճիշտ է` տեսած, գրագետ մարդիկ ծիծաղում են այս չտեսության եւ գեղցիության վրա, բայց փիառ ծրագիրն իրականացված է: