ԱՄՆ-ը պետք է զսպի ադրբեջանա-թուրքական ագրեսիան. ՀՀ դեսպանը դիմել է Բայդենին

ԱՄՆ-ը պետք է զսպի ադրբեջանա-թուրքական ագրեսիան. ՀՀ դեսպանը դիմել է Բայդենին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ամերիկյան «ՆՅՈՒԶՎԻԿ» թերթում «Ամերիկան ​​պետք է զսպի ադրբեջանա-թուրքական ագրեսիան» ("America Must Contain Azeri-Turkish Aggression")  վերտառությամբ հոդված է հրապարակել 24.02.2021), որով ընդգծել է Միացյալ Նահանգների դերակատարության կարևորությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման, թուրք-ադրբեջանական նկրտումները զսպելու հարցում։ 

«Որպես առաջնորդ մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջխաղացման մեջ՝ Ամերիկան ​​հարգված է ամբողջ աշխարհում իր դիվանագիտական ​​ու տնտեսական ազդեցությունն արդյունավետորեն տեղակայելու շնորհիվ՝ համաշխարհային խնդիրները լուծելու և տարածաշրջանային հակամարտություններին խաղաղ լուծում գտնելու համար:

Բայդենի վարչակազմի կողմից ավելի մեծ դիվանագիտական ​​ներգրավվածության, ժողովրդավարության պաշտպանության ու մարդու իրավունքների գերակայության երաշխավորությամբ՝ մենք հուսով ենք, որ ավելի շատ ուշադրություն կտրվի Լեռնային Ղարաբաղում փխրուն իրավիճակին:

Սեպտեմբերի վերջին՝ համաշխարհային համաճարակի և թեժ մրցակցային ընտրությունների [ԱՄՆ նախագահական ընտրությունների] ֆոնին, Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ սկսեցին Լեռնային Ղարաբաղում՝ հայտնի նաև որպես Արցախ, և տեղահանեցին ևս տասնյակ հազարավոր մարդկանց:

Որպես երեք համանախագահներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ստեղծված 1992-ին տարածաշրջանում հակամարտությունների լուծմանը օգնելու համար, Միացյալ Նահանգները վերջերս «բանակցային, համապարփակ ու կայուն կարգավորման» կոչ արեց Արցախի համար: Մենք ողջունում ենք այս կոչը, բայց, առանց նրանց ագրեսիայի համար հետևանքների՝ Թուրքիան և Ադրբեջանը սխալ դասեր կսովորեն այս հակամարտությունից:

Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, անտեսեց ԱՄՆ-ի՝ որպես խաղաղարարի դերը՝ ցույց տալով իր արհամարհանքը նույնիսկ ամենահիմնարար միջազգային նորմերի նկատմամբ: Օգտագործելով Ադրբեջանը որպես պատերազմ վարելու հաճախորդ պետություն՝ Թուրքիան բացահայտ խոստովանեց տապալումը գործուն խաղաղ գործընթացի, որը համանախագահում են ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան:

Թուրքիան օգտագործում էր ՆԱՏՕ-ի AWACS համակարգը [Օդային նախազգուշացման ու վերահսկման համակարգը], ինչպես նաև ամերիկյան Ֆ-16 ինքնաթիռներ` ի աջակցություն Ադրբեջանին, որը բացահայտ խախտում է այդ ինքնաթիռների տեղակայումից զերծ մնալու իր համաձայնությունը: Թուրքիան հավաստիորեն մեղադրվում էր երկուստեք արևմտյան կառավարությունների ու հարգված լրատվամիջոցների կողմից սիրիացի ջիհադիստ մարտիկներին հավաքագրելու և տարածաշրջան տեղափոխելու մեջ:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը բազմիցս գնդակոծեց առաջնագծից հեռու տեղակայված ծննդատներ, շուկաներ ու տաճարներ և օգտագործեց միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք բնակելի վայրերում ու սպիտակ ֆոսֆորային ռումբերի նման հրկիզիչ զենքեր:

Էթնիկական զտումների նպատակով՝ օկուպացված տարածքներում տեղի է ունեցել հայկական մշակութային ու քրիստոնեական կրոնական ժառանգության լայնատարած պղծում: Վերջին հրադադարից ի վեր ադրբեջանցի զինվորները սոցիալական ցանցերում տեղադրել են հայ ռազմագերիների խոշտանգումները: Առցանց տեղադրված սարսափելի տեսանյութերը ներկայացնում էին ադրբեջանական ուժերի կողմից ԻԼԻՊ-ի ոճով տարեց քաղաքացիականների գլխատումը:

Տևական խաղաղություն հնարավոր չէ, եթե Ադրբեջանն ու Թուրքիան անպատիժ մնան: Նրանք կշարունակեն իրենց ագրեսիան հայերի նկատմամբ և հետո:

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդեց, որ Հայաստանի Հանրապետության ներսում գտնվող տարածքները, ներառյալ՝ մայրաքաղաք Երևանը, բոլորը պատկանում են Ադրբեջանին: Առանց միջազգային խիստ դատապարտման՝ նման հայտարարությունները կարող են հանգեցնել նոր բռնությունների: Հաշվի առնելով տարածաշրջանում պատմությունը, ներառյալ՝ մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որը Թուրքիան շարունակում է ժխտել՝ այդ պնդումները չեն կարող աննկատ մնալ:

Թշնամանքի վերջին ցուցադրության ժամանակ Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացրել Լեռնային Ղարաբաղից հեռու՝ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի երկայնքով:

Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում հայերը հույս ունեն, որ Միացյալ Նահանգները սկզբունքային դիրքորոշում կդրսեւորեն` աջակցելով հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորմանը: Դա չի կարող տեղի ունենալ, քանի դեռ հակամարտության բուն պատճառը՝ կարգավիճակի հարցը, չի լուծվել։

Որպես ելակետ՝ Ամերիկան ​​պետք է միանա մեզ՝ պահանջելով, որ Ադրբեջանն անվերապահորեն վերադարձնի մոտ 200 հայ ռազմագերիներին: Այս հիմնական մարդասիրական ժեստի բացակայությամբ, երկխոսությունն ու բանակցությունները չեն կարող հաջողել:

Երկրորդ, Բայդենի վարչակազմը կարող է դադարեցնել արտաքին օգնությունն Ադրբեջանի զինված ուժերին: 2018 և 2019 ֆիսկալ տարիներին Թրամփի վարչակազմը ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական և անվտանգային օգնություն է տրամադրել Ադրբեջանին՝ ռեսուրսներ, որոնք, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են հայ քաղաքացիականների և զինվորների դեմ:

Բացի այդ, դեպի Թուրքիա և Ադրբեջան զենքի արտահանման բոլոր լիցենզիաները պետք է մերժվեն: Էրդողանի և Ալիևի կառավարությունների նկատմամբ անհրաժեշտ է կիրառել համաշխարհային տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ:

ԱՄՆ Կոնգրեսը պետք է հետևի Ֆրանսիայի երկուստեք պալատների [խորհրդարանների] և մի շարք այլ եվրոպական խորհրդարանների սկզբունքային օրինակին, որոնք կողմ են քվեարկել Արցախի Հանրապետության ինքնորոշմանը:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության իր բաժնի՝ մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում աջակցել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքների դեօկուպացիային: Սա ներառում է Արցախի վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց տներ:

Ի վերջո, ԱՄՆ-ը պետք է դեմ լինի Թուրքիայի ցանկացած դերակատարությանը թե՛ խաղաղապահ, թե՛ խաղաղ գործընթացին Արցախում: Միջազգային հանրությունը չի կարող պարգևատրել Անկարային բացահայտ ագրեսիայի համար, որը խաթարում է համաշխարհայնորեն տիտղոսավորված խաղաղության գործընթացը:

Եթե ​​Ադրբեջանին ու Թուրքիային թույլ տրվի առևանգել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացը (որն Ամերիկան ​​համանախագահում է)՝ ուժ գործադրելով տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունն իրենց ծավալապաշտական նկրտումների ուղղությամբ շրջելու համար, նրանք կանգ չեն առնի:

Ինչպես այժմ տեսնում ենք, Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում, Էգեյան ծովում և Արցախում Թուրքիան դառնում է տարածաշրջանային սպառնալիք՝ օգտագործելով ջիհադիստների և Ադրբեջանի նման պետությունների վարձկան բանակները՝ իր ազդեցությունը նախագծելու և ընդլայնելու համար:

Թուրքիայի և Ադրբեջանի նման իր հաճախորդների կողմից ռազմատենչ վարքագիծը զսպելու համար Միացյալ Նահանգները պետք է տնտեսական ու դիվանագիտական ճանապարհներով միջազգային նորմերը կիրառի: Այլընտրանքը բոլորի համար ավելի վտանգավոր աշխարհն է»։