Աշխատանքից ազատվածները դատարանում հերթով հաղթում են սոցապնախարարությանը

Աշխատանքից ազատվածները դատարանում հերթով հաղթում են սոցապնախարարությանը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապծառայությունների նախկին աշխատակիցները դիմել են դատարան եւ հաղթել։ Դեռեւս 2021 թվականին մենք բազմիցս գրել ենք, որ սոցապծառայության վերակազմավորման եւ Միասնական սոցիալական ծառայության ստեղծման հետեւանքով բազմաթիվ քաղծառայողներ կրճատվում են, եւ այդ վերակազմավորումը ոչ այլ ինչ է, քան կադրային ջարդ։ Եվ չնայած աշխատակիցները քաղծառայողներ են ու պետք է պաշտպանված լինեն «Քաղծառայության մասին» օրենքով, սակայն հայտնվել են փողոցում։

Սոցապծառայության վերաձեւավորումից հետո, երբ այն ներառեց մի շարք ինտեգրացված ծառայություններ եւ այժմ կոչվում է Միասնական սոցիալական ծառայություն, տարածքային կառույցների համապատասխան բաժինների աշխատողները մեխանիկորեն պետք է շարունակեին աշխատել նոր անվանումով կառույցում, որովհետեւ մարդիկ մեղավոր չէին, որ պետությունը որոշել է սոցապահովության ողջ համակարգը քանդել եւ նորը սարքել։

Իսկ եթե դրանք կառուցվածքային փոփոխություն էին, ապա օրենքը պահանջում է, որ նախկին աշխատողներն ունենան առավելություն՝ նախ նրանց առաջարկեն զբաղեցնել աշխատատեղերը, ապա, եթե նրանք չհամաձայնեն, նոր մրցույթ հայտարարեն կամ նոր մարդկանց ընդունեն։ Միասնական սոցիալական ծառայությունը, սակայն, որոշեց ողջ համակարգը քաոսի վերածել։ Նախ, աշխատակիցներին 2 օր ժամանակ էին տվել՝ թափուր պաշտոնների համար իրենց փաստաթղթերը ներկայացնելու համար, ինչն օրենքի խախտում էր։ Այսինքն՝ քաղծառայողներին առաջարկում էին զրոյից դիմել՝ թափուր հաստիքների համար։ Արդյունքում շատ քաղծառայողներ զրկվեցին աշխատանքից, մինչդեռ օրենքը նրանց համար երաշխիքներ էր նախատեսել։

Այդ աշխատակիցներից շատերն իրենց հանդեպ նման վերաբերմունքը կուլ չեն տվել եւ դիմել են վարչական դատարան՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու պահանջներով, եւ դատարանը գրեթե բոլորի դեպքում բարենպաստ դատական ակտ է կայացրել։ Վարչական դատարան է դիմել, օրինակ, զբաղվածության պետական գործակալության աշխատակից Գոհար Սոխիկյանը։ Զբաղվածության գործակալությունը նույնպես միացվեց Միասնական սոցիալական ծառայությանը։ Սոխիկյանը գործակալությունում զբաղեցրել է տեղեկատվության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, որին նշանակվել է 2009 թվականին։ 2021 թ․ ապրիլի 1-ից, երբ  ստեղծվել է Միասնական սոցիալական ծառայությունը, որը միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայությունը, բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակը, զբաղվածության պետական գրասենյակը, մարզային ենթակայության սոցիալական աջակցության գործակալությունը եւ դրա բաժինները, Գոհար Սոխիկյանը կորցրել է աշխատանքը։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում Սոխիկյանը երբեւէ կարգապահական տույժի չի ենթարկվել, ավելին՝ ստացել է շնորհակալագրեր։

Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների եւ սեմինարների՝ Գերմանիայում, Վրաստանում, Շվեդիայում, այլ կերպ ասած՝ պատրաստված մասնագետ է։ Դիմելով դատարան՝ Սոխիկյանը խնդրել է, որ Միասնական սոցիալական ծառայությանը պարտավորեցվի՝ իրեն նշանակել զբաղեցրած վերջին պաշտոնին հավասարազոր, իսկ անհնարինության դեպքում՝ ավելի ցածր պաշտոնի։ Սոխիկյանը Միասնական սոցիալական ծառայությունից նաեւ պահանջել է, որ իր միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, վճարեն մինչեւ աշխատանքի վերականգնվելու պահը, իսկ  անհնարինության պատճառով աշխատանքում չվերականգնելու դեպքում վճարեն միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ  աշխատանքում չվերականգնելու դիմաց աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում վճարեն։

Դատարանն անվավեր է ճանաչել Գոհար Սոխիկյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի հրամանը, պարտավորեցրել է սոցապնախարարությանն ու Միասնական սոցիալական ծառայությանը՝ Գոհար Սոխիկյանին նշանակել զբաղեցրած վերջին պաշտոնին հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ավելի ցածր պաշտոնի:

Դատարանը նախարարությանն ու Միասնական սոցիալական ծառայությանը պարտավորեցրել է նաեւ Գոհար Սոխիկյանին վճարել իր միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ հօգուտ Գոհար Սոխիկյանի բռնագանձել 100 հազար դրամ` որպես իրավաբան-ներկայացուցչի վճար: Փաստորեն, աշխատակիցը դիմել է դատարան ընդդեմ նախարարության ու Միասնական սոցիալական ծառայության եւ հաղթել, սակայն վերջիններս քաղծառայողի իրավունքների ոտնահարումն ընդունելու եւ առաջին ատյանի դատարանի վճիռը կատարելու փոխարեն բողոքարկել են այն Վերաքննիչ վարչական դատարան՝ թերեւս հույս ունենալով, որ այստեղ ճնշում կգործադրեն կամ հաջողության կհասնեն։

Նույնկերպ դատարան են դիմել ու դատը շահել սոցապծառայության, զբաղվածության պետական գործակալության այլ աշխատակիցներ՝ Մանվել Նազարյանը, Կարեն Հովհաննիսյանը, Ցողիկ Բեժանյանը, Սամվել Բուդաղյանն ու էլի շատ աշխատակիցներ։ Բոլորի դեպքում էլ դատարանն անվավեր է ճանաչել նրանց աշխատանքից ազատելու որոշումը, պարտավորեցրել վերականգնել աշխատանքում կամ վերականգնման անհնարինության դեպքում փոխհատուցում վճարել։ Դատարանը վճռել է նաեւ, որ հարկադիր պարապուրդի համար եւս նրանց պիտի փոխհատուցում վճարվի։ Իհարկե, այս բոլոր գործերը կքննվեն նաեւ վերաքննիչում, բայց հաջորդ ատյանի դատարանը չի կարող չհաստատել առաջինի որոշումները, որովհետեւ մարդու իրավունքների ակնհայտ ապօրինություններ են թույլ տրվել, եւ օրենքը սողանցքներ չի թողնում, որ պետական մարմնի օգտին վճիռ կայացվի։

Փաստորեն, քաղաքացիներն իրենց խախտված իրավունքների փաստը կարողացել են ապացուցել եւ հասել են նրան, որ դատարանով ապացուցվել է պետության՝ իրենց նկատմամբ կատարված ապօրինությունը։