Ռուբեն Վարդանյանը պարտադրված է առաջնորդվել ներկա իրողություններով, ոչ թե պատմական հիշողություններով

Ռուբեն Վարդանյանը պարտադրված է առաջնորդվել ներկա իրողություններով, ոչ թե պատմական հիշողություններով

Վերջին մի քանի օրերին ով չի ալարում կամ ուզում է, որ ֆիքսվի որպես ազգասեր ու թունդ հայրենասեր, քննադատում կամ մեղադրում է Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Նրան հիշեցնում են, որ արցախյան շարժումը սկսվել է վերամիավորման կոչերով, որ շարժման կարգախոսը եղել է «Միացումը», որ եղել է ԼՂԻՄ մարզխորհրդի որոշում, որով առաջարկվում էր մարզը դուրս բերել Ադրբեջանական ԽՍՀ կազմից եւ միավորել ՀԽՍՀ-ին։ Հիշեցնում են, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի վերամիավորման պատմական որոշումը, մինչդեռ Ռուբեն Վարդանյանը, ով օլիգարխ է, արցախյան շարժման պատմությունից անտեղյակ մեկը, ով Արցախի պետնախարար է նշանակվել Ռուսաստանի իշխանությունների կողմից, փորձում է Արցախը տարանջատել Հայաստանից, արցախցիներին՝ հայկականությունից եւ այն վերածել ռուսական գուբերնիայի. ինչպիսի ամոթ եւ խայտառակություն:

Հնարավոր է, որ Ռուբեն Վարդանյանն իսկապես չգիտի արցախյան շարժման նախապատմությունը, այդ շարժման մասնակիցը չէ եւ էմոցիոնալ առումով խորթ է այդ շարժման էության եւ մոտիվացիայի հետ, թեեւ այդ շարժման ժամանակակիցն է: Բայց Ռուբեն Վարդանյանը շատ լավ գիտի Արցախի ներկայիս կարգավիճակը եւ իր քաղաքական դիրքորոշումը կառուցում է այդ իրողությունից ելնելով: Ի տարբերություն պատմական հիշողություններով ապրողների, նա պարտադրված է գործել՝ հաշվի առնելով ներկա իրողությունները: 

Ռուբեն Վարդանյանին մեղադրողների մեծամասնությունը գործող իշխանության բացահայտ կամ թաքուն կողմնակիցներն են: Նրանք երբեք ոչ մի բառ չեն ասել ու լռում են, երբ Հայաստանի իշխանությունն է հրաժարվում Արցախի ու արցախահայության պաշտպանությունից, հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնապաշտպանությանը մասնակցելուց եւ ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց։ Նրանք որեւէ բառ չասացին, երբ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ Հայաստանն իր վերջին զինվորին է դուրս բերում Արցախից՝ այդպիսով կատարելով Ադրբեջանի պահանջը:

1989 թվականին, երբ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց Արցախը Հայաստանի հետ միավորելու մասին, Հայաստանի՝ անգամ այդ ժամանակվա խորհրդային իշխանության եւ հասարակության մեջ կար կոնսենսուս, որ Հայաստանը հանձնառու է պաշտպանել Արցախն ու արցախահայությանը: Այդ ժամանակ արդեն ձեւավորվել էին տասնյակ կամավորական ջոկատներ, այդ որոշմանը հաջորդած ամիսներին ու տարիներին հարյուրավոր, հազարավոր հայաստանցիներ՝ զենքը ձեռքներին, մեկնում էին Արցախ՝ կռվելու եւ պաշտպանելու այդ որոշումը: Հայաստանի ամբողջ տնտեսությունը, մարդկային եւ նյութական ռեսուրսները ծառայում էին Արցախի ինքնորոշման իրավունքի եւ արցախցիների անվտանգության պաշտպանությանը: Հիմա Հայաստանի իշխանությունը հրաժարվել է ոչ միայն Արցախի անվտանգությունը պաշտպանելու հանձնառությունից, այլեւ դիվանագիտական հարթությունում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնելուց:

Եթե ավելի ազնիվ լինենք, ապա պետք է ընդունենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի իշխանությունը ստորագրել է մի փաստաթուղթ, որով այդ պահին հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքը բաժանվել է երկու օկուպացիոն գոտու. մի մասը`Լաչին, Քելբաջար, Աղդամ, հանձնվել է Ադրբեջանին, իսկ մնացած հայաբնակ հատվածը՝ Ռուսաստանին: Ռուսաստանի զինված ուժերն իրականում ոչ թե խաղաղապահ են, այլ՝ օկուպացիոն: Ուղղակի, ի տարբերություն Ադրբեջանի, Ռուսաստանը շահագրգռված է, որ իր վերահսկողության տակ անցած տարածքում մնա հայկական բնակչություն՝ իրեն ենթակա հայկական իշխանությամբ: Բոլոր ժամանակներում օկուպացիոն իշխանությունները միշտ էլ իրենց գրաված տարածքներում համաձայնության են եկել տեղական իշխանությունների հետ, եւ որոշակի համագործակցություն է ձեւավորվել: Եվ, ընդհակառակը, չի եղել պատմության մեջ մի դեպք, որ որեւէ երկիր զորք մտցնի մի տարածք ու թույլ տա, որ այդ տարածքն ունենա կատարյալ ինքնիշխանություն, կամ այդ տարածքի իշխանությունը ոչ մի կախվածություն չունենա այդ երկրից:

Հնարավոր է, որ Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Ռուսաստանի կողմից, հնարավոր է, որ այդ նշանակումը համաձայնեցվել է Ռուսաստանի հետ, հարցն այն է, որ Արցախն այլեւս ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածք է, եւ այնտեղի հայկական իշխանություններն ու իշխանության ներկայացուցիչները չեն կարող դրա հետ հաշվի չնստել, չեն կարող հայտարարել «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: 

Կարող եք, իհարկե, հակադարձել, որ եթե Արցախի հայաբնակ հատվածը ռուսական տարածք է, այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանն իր բյուջեից տասնյակ միլիոնավոր դոլարների օգնություն հատկացնում Արցախին, թող Ռուսաստանն էլ հոգա իր վերահսկողության տակ անցած տարածքի ֆինանսական հոգսերը: Սրա բացատրությունը եւս շատ պարզ է. Արցախի հայաբնակ մնացած մասը Հայաստանի հետ նույն տնտեսական տարածքում է: Արցախցիները հարկեր են վճարում Հայաստանի բյուջե եւ, բնականաբար, կարող են ակնկալել, որ իրենց վճարած հարկերից նաեւ իրենց բաժին պետք է հասնի: Վճարում են շատ պարզ. երբ արցախցին մեքենա է գնում ԱՄՆ-ից եւ տանում է Արցախ, այդ մեքենան մաքսազերծվում է Հայաստանում եւ ոչ թե Արցախում։ Կամ՝ երբ Արցախի օգտագործման համար ալյուր, ձեթ ու շաքար է ներմուծվում, դրանց մաքսազերծումը կատարվում է Հայաստանում, եւ հարկերն էլ գնում են Հայաստանի բյուջե: Արցախը մաքսային ծառայություն եւ մաքսակետեր չունի: Հնարավոր է, որ վճարած հարկերի եւ դրամական մասհանման ծավալի միջեւ որոշ տարբերություն լինի, բայց դա չի փոխում խնդրի էությունը:

Իմաստ չունի, եւ չափազանց ծիծաղելի է, երբ Հայաստանից որեւէ մեկը մուննաթ է գալիս Արցախի իշխանությունների եւ դրա առանձին ներկայացուցիչների վրա եւ նրանց մեղադրում շատ կամ քիչ ռուսամետ դիրքորոշում ունենալու մեջ: Դա նույնն է, որ Գերմանիայի կամ Ճապոնիայի իշխանությունները մի օր որոշեն հակաամերիկյան դիրքորոշում ունենալ՝ անտեսելով իրենց տարածքում արդեն 77 տարուց ավելի ամերիկյան բանակի ներկայությունը: Ի դեպ, ամերիկյան բանակն էլ է ամեն տեղ խաղաղարար առաքելություն իրականացնում. Գերմանիային ու, ընդհանրապես, Եվրոպային պաշտպանում է խորհրդային, հետո՝ ռուսական ագրեսիայի վտանգից, Ճապոնիային՝ խորհրդային, հիմա՝ նաեւ ռուսական, հյուսիսկորեական, Սաուդիան Արաբիային՝ Իրանից ու այդպես շարունակ: Իսկ ամեն ծառայություն, առավել եւս՝ երկրի պաշտպանությունը եւ նրա քաղաքացիների կյանքի անվտանգության ապահովումը, ամենաթանկ վճարվող ծառայությունն է, վճարվում է ինքնիշխանության սահմանափակման միջոցով:

Ավետիս Բաբաջանյան