Ինչպես Լևոն Մարտիրոսյանը հայտնվեց ԼՀԿ ցուցակում 

Ինչպես Լևոն Մարտիրոսյանը հայտնվեց ԼՀԿ ցուցակում 

Կանադայում ՀՀ նախկին դեսպան, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՄԻԱԿ կուսակցության նախագահ Լևոն Մարտիրոսյանը Էդմոն Մարուքյանի գլխավորած ԼՀԿ ցուցակում 8-րդ համարն է։ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում նա 43-րդն էր՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում։ ՀՀԿ-ում, ի դեպ, պարզել էին, որ իրենց թեկնածուն 2017-ի մայիսի 6-ի ընտրություններին անգամ ընտրատեղամաս չի գնացել՝ չի քվեարկել։ Էդմոն Մարուքյանին հարցրեցինք՝ ինչպե՞ս և ինչու՞ է Լևոն Մարտիրոսյանն ընդգրկվել իրենց ցուցակում։

Ասաց․ «Մենք բաց կոչ ենք արել տարբեր մասնագետների ներգրավելու, Լևոն Մարտիրոսյանն էլ 1000 տարվա գաղափարակից ընկերներից է, որը նաև կիսում է մեր մոտեցումները։ Ազատական գաղափարներ ունեցող մարդ է, որի հետ աշխատել եմ, լավ մասնագետ է, լավ դեսպան է եղել, հրավիրել ենք»։

Հիշեցնենք, որ Մարուքյանն ապրիլի 16-ին գրել էր․ «Ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանին և նախկին իշխանության ներկայացուցիչներին` մի կողմ քաշվեք, և մենք այս իշխանությանը կհեռացնենք: Մի կողմ չքաշվեցիք` ձեր դեմ քարոզարշավով, ձեզանից սնուցվելով գնալու են վերարտադրման ճանապարհով»։

Մարուքյանին հարցրեցինք՝  չի՞ կաշկանդում այն հանգամանքը, որ Լևոն Մարտիրոսյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր է եղել, այսինքն՝ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որին կոչ էր արել չխառնվել ընտրական գործընթացներին։ Նա ասաց՝  նախ, Լևոն Մարտիրոսյանը եղել է անկուսակցական, ներգրավված չի եղել տարբեր աղմկհարույց պատմությունների ու ցնցումների մեջ, լավ  դիվանագետ է, ապա նշեց․ «Մենք բազմից ասել ենք, որ նախկին իշխանության բոլոր առողջ քաղաքական ուժերին պատրաստ ենք համախմբելու։ Մենք նման բարյեր չունենք»։