Իշխանություններն անգամ չեն շնորհավորել Տիգրան Հեքեքյանին

Իշխանություններն անգամ չեն շնորհավորել Տիգրան Հեքեքյանին

Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը նշեց հիմնադրման 30-ամյակը: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում նշվեց այն, ներկա էին մի շարք դեսպաններ, երգիչներ, դերասաններ, սակայն իշխանությունները ո՛չ վարչապետի, ո՛չ Երեւանի քաղաքապետի, ո՛չ էլ ԿԳՄՍ նախարարի մակարդակով ներկա չեն եղել համերգին եւ ո՛չ էլ անգամ շնորհավորել են:

Հավանաբար, երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի ընդդիմադիր հայտարարություններն են պատճառը: Զրուցել ենք Տիգրան Հեքեքյանի հետ:

- «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի 30-ամյակն էր: Տեղեկացանք, որ իշխանական շրջանակները ներկա չեն եղել միջոցառմանը, օթյակը դատարկ է եղել: Ինչո՞վ է այս վերաբերմունքը պայմանավորված:

- Անկեղծ ասած` ես երբեք օթյակների կողմը չեմ նայել, որովհետեւ ինձ չի հետաքրքրել եւ այսօր էլ չի հետաքրքրում, թե ովքեր են օթյակում, ովքեր՝ բարտերում եւ ովքեր՝ թատերահարթակում: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն համերգը դիտելու, ինձ համար հաճելի են ու հարազատ: Չեմ կարծում, որ աշխարհում լինի մի երկիր, որտեղ հանդիսատեսին վերաբերվեն ըստ պաշտոնների: Ունկնդիրը հավասար է կատարողի համար: Առավելագույնը մեզ համար շատ երկրպագու ունենալն է: Ունենք այնպիսի երկրպագուներ, ովքեր մեզ հետ քաղաքից քաղաք են գնում, անգամ գալիս են աշխարհի տարբեր երկրներ՝ մեզ ունկնդրելու համար: Այնպես որ, ինձ այնքան էլ հետաքրքիր չէ, թե որ իշխանավորը կգա կամ չի գա:

- Իսկ հրավիրե՞լ էիք իշխանություններին:

- Ոչ, քանի որ քաղաքապետարանն է, այսպես ասած, մեր վերադասը, ես քաղաքապետարանից հարցրել եմ, թե ում եք հարմար գտնում, որպեսզի հրավիրատոմս ուղարկենք: Քաղաքապետարանից մեզ ասացին, որ պետք է հրավիրել քաղաքապետին, փոխքաղաքապետերին: Հրավիրել էինք նաեւ ԿԳՄՍ նախարարին եւ փոխնախարարին....

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ չեկան:

- Ես չգիտեմ էլ՝ եկե՞լ են, թե՞ չեն եկել: Ինձ հետաքրքիր չէ: Իրենց հարցրեք, թե ինչու չեն եկել: Ներկա են եղել տարբեր դեսպաններ` Իտալիայի դեսպանը, Չինաստանի դեսպանը, Անգլիայի դեսպանը, նաեւ՝ Լիտվայի փոխդեսպանը:

- Մշտապես աչքի եք ընկել ընդդիմադիր հայացքներով, գուցե դա՞ է պատճառը:

- Ես չգիտեմ: Ընդդիմադիր հայացքներով հանդես չեմ գալիս: Ես զուտ իմ քաղաքացիական դիրքորոշմամբ եմ հանդես գալիս, եթե դա ոմանք դիտարկում են ընդդիմադիրի հայացք, ուրեմն իշխանություններն ունեն խնդիր: Ես սիրում եմ իմ երկիրը, իմ քաղաքը, իմ ժողովրդին, բայց միեւնույն ժամանակ, եթե դիտողություն եմ անում նրանց, ովքեր իմ ընկալմամբ սխալներ են անում, ինչո՞ւ չպետք է քննադատեմ այն իշխանավորին, որը, մեղմ ասած, սխալ որոշումներ է կայացնում, որը չի սիրում Հայաստանը գոնե ինձ նման, եթե ոչ ինձնից առավել: Նորից եմ կրկնում` սա իմ քաղաքացիական դիրքորոշումն է, եւ բոլոր նրանք, ովքեր ինձ համարում են ընդդիմադիր, իրենք պետք է մտահոգվեն.... եթե մարդիկ ինչ-որ մեկի քաղաքացիական դիրքորոշման համար պետք է համերգի գնան կամ չգնան, դա էլ արդեն իրենց խնդիրն է: Մենք հայրենասեր մարդիկ ենք, եւ բոլոր նրանք, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, պետք է գային մեր համերգին: Համերգի ընթացքում էլ ցույց տվեցինք, որ մեր գաղափարախոսությունն ամբողջությամբ առ հայրենիք է: Մենք սիրում ենք Հայաստանը, եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր համերգ պետք է գաղափարախոսություն ունենա: Մեր զինվորների հիշատակի առաջ խոնարհվեցինք, այն զինվորների, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեզ, եւ համերգի վերջում երգեցինք խաղաղության մասին մի երգ, որը գրվել է 30 տարի առաջ: Երգի հեղինակներն արդեն հասուն մարդիկ են.... մեր գաղափարախոսությունը երբեք չի փոխվել: Մշտապես առաջին պլանում եղել է հայրենասիրությունը: