Երևի խաղաղության քարոզը դեր խաղաց, որ փակեցին KillDim-ի էջը

Երևի խաղաղության քարոզը դեր խաղաց, որ փակեցին KillDim-ի էջը

Ժամանակին մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Kildim անունը կրող մուլտֆիլմերի շարք էր անում, որոնք լուրջ ազդեցություն էին ապահովում Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմում։ 2018-ի իշխանափոխությունից հետո ոչ միայն դադարեցվեց KillDim-ի թողարկումը, այլեւ Յութուբում անհասկանալի պատճառներով փակվեց KillDim-ի ալիքը։ Այս օրերին համացանցում սկսել են նորից հիշել մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի ստեղծած մուլտֆիլմերը՝ ափսոսանք հայտնելով, որ դրանք այլեւս չեն թողարկվում։ Ինքը՝ մուլտիպլիկատորը, մեզ հետ զրույցում երեկ ասաց՝ KillDim-ների համար պետական ֆինանսավորում երբեք չի եղել, ընդամենը մի քանի անհատներ են ֆինանսավորել։ Հիմա, սակայն, այլեւս չեն նկարում նոր մուլտֆիլմեր։

«Մի հատ մեծ խնդիր եղավ 2019 թվականին, մեր KillDim-ի էջը վերջնական փակվեց Յութուբում՝ գիտեմ ինչ պատճառներով, կարծում եմ՝ ինչ-որ խաղաղասիրական ծրագրերի մեջ տեղավորելով, կամ երեւի խաղաղության քարոզը դեր խաղաց, որ փակեցին մեր էջը»,- ասաց Դավիթ Սահակյանցը։

- Ո՞ւմ կողմից խաղաղության քարոզ՝ մեր իշխանությունների՞։

- Ես չգիտեմ, չեմ կարող վստահ ասել, սակայն համընկավ, եւ 2019-ին մեր յութուբյան էջը փակվեց։

- Պարզապես վարչապետի կինն է հաճախակի խաղաղասիրական քարոզով հանդես գալիս։

- Ես չեմ կարող որեւ մեկին ասել, որովհետեւ չունեմ նման ինֆորմացիա եւ չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել, բայց այդ ժամանակ էդ ամեն ինչը եղավ, եւ մենք չկարողացանք վերականգնել մեր էջը։ Եվ, չգիտեմ, KillDim-ի վերջին սերիան եղել է 2017-ին, դրանից հետո ուղղակի չկարողացանք նորից տրամադրվել եւ նոր սերիաներ նկարել։

- Իսկ գործող իշխանությունների, կառավարության հետ այս թեմայով խոսակցություն ունեցե՞լ եք, իրենց կամ ձեր կողմից վերսկսելու առաջարկ եղե՞լ է։

- Ոչ, ոչ, առհասարակ ոչ մի կապ չի եղել, մանավանդ՝ էդ թեմայով։

- Դուք KillDim-ների էֆեկտիվությունը հաշվարկե՞լ էիք, թե այդ մուլտֆիլմերը տեղեկատվական պատերազմում ինչ ազդեցություն էին թողնում։

- Պարբերաբար, եւ մեզ ինֆորմացիա էր հասնում, որ իսկապես շատ մեծ ազդեցություն ունեին ժամանակին, արձագանք էր լինում, ընդ որում՝ թշնամու ճամբարում։ Այսինքն՝ ազդեցիկ էին իսկապես։ Բայց ինչ-որ չենք կարող հիմա տրամադրվել ու նոր ինչ-որ սերիաներ անել։

- Ինչո՞ւ։

- Չգիտեմ, ինչ-որ մի բան սպառվել է, միգուցե։

- Կարծես մի բան կոտրվել է Ձեր մեջ․․․

- Տպավորություն է, որ չենք գնում մի ուղղությամբ։ Եթե առաջ քարոզչամեքենան մի ուղղությամբ էր միշտ աշխատում, եւ մենք ուղղակի մեր ինիցիատիվայով փորձում էինք օգնել ընդհանուր մեր երկրի քարոզին կամ պրոպագանդային, ապա այս պահին իմ դիրքորոշումները շատ հարցերում տարբերվում են իշխող ուժի կարծիքից։

- Հիմա ինչո՞վ եք զբաղված։

- Հիմա անգործ ենք, որովհետեւ անցյալ տարի զրկվեցինք պետական ֆինանսավորումից՝ մեր ֆիլմի համար, «Օլիմպիկոս» մուլտֆիլմի մասին է՝ լիամետրաժ, սակայն տարբեր տեղերից մոգոնեցինք, գտանք միջոցներ, հիմա ավարտին ենք հասցրել։ Բայց դեռ չգիտեմ՝ երբ կլինի կինոթատրոններում։

- Գործող իշխանությունները կարծես թե չեն ուզում Ձեզ հետ աշխատել։

- Կարծում եմ՝ այո։

- Ինչ-որ ընդդիմադիր հայացքնե՞ր եք ցույց տվել։

- Ես ի սկզբանե շատ կրիտիկական եմ վերաբերվել, ամենաառաջին օրվանից՝ դեռ 2018 թ․ ապրիլ ամսից իմ բացասական կարծիքը հայտնել եմ էսօրվա իշխանությունների վերաբերյալ, կարծում եմ՝ դա է եղել, միգուցե։ Չեմ էլ խորացել առանձնապես, չեմ հետաքրքրվել։