Որեւէ հետքայլի մասին խոսակցություն չի կարող լինել

Որեւէ հետքայլի մասին խոսակցություն չի կարող լինել

Երբ ԱԱԾ-ն մտավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, սկսեց խուզարկել տունը, ապա նրան հրավիրեց ԱԱԾ՝ հարցաքննության, այդ ընթացքում Ծառուկյանը լրագրողների առաջ, ի լուր աշխարհի, երդվեց, որ իր քայլերից հետ չի կանգնելու։ «Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»,- ասաց Ծառուկյանը։ 

Ծառուկյանի խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչ է նշանակում Ծառուկյանի այդ երդումը՝ ինչի՞ց պիտի հետ կանգներ, որը խոստացավ չանել։

«Քանի որ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած տեսակետները բազմիցս տարբեր մանիպուլյացիաների էին ենթարկվում, եւ կոնկրետ հունիսի 5-ին հաջորդող իրադարձություններում եւ մեր նախաձեռնած պայքարի գործընթացը հաճախակի տարբեր ուղղորդվող շրջանակների կողմից փորձում էին համեմատականներ անցկացնել 2015 թ․ իրադարձությունների հետ, թե այս անգամ եւս ԲՀԿ-ն հետ է կանգնելու կառավարության հրաժարականի իր պահանջից եւ որոշակի հետքայլ է անելու, դրանով էր պայմանավորված Գագիկ Ծառուկյանի՝ այդ պահին արած այդ հայտարարությունը»,- ասաց Իվետա Տոնոյանը։

- Այսինքն՝ այդ երդումը, որ հետ չի կանգնելու, կառավարության հրաժարականը պահանջելո՞ւն էր վերաբերում։

- Ես, բնականաբար, առիթ չեմ ունեցել էդպես առանձին այդ մեկ արտահայտության վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հետ զրուցելու, ես իմ անձնական կարծիքը կարող եմ ասել, որ ես կարծում եմ՝ այդ արտահայտությունը վերաբերում էր մեր նախաձեռնած գործընթացը մինչեւ վերջ հասցնելուն ու նաեւ մեր որդեգրած գործելաոճը մինչեւ վերջ առաջ տանելուն։

- Ո՞րն է ձեր նախաձեռնած գործընթացն ու որդեգրած գործելաոճը։

- Այն, ինչի մասին մենք խոսել ենք դեռեւս հունիսի 5-ին, ինչի մասին շարունակել ենք խոսել դրանից հետո, մատնանշել առկա խնդիրները եւ խոսել ենք մեր երկրում արմատական փոփոխությունների անհրաժեշտության մասին։

- Գագիկ Ծառուկյանը հունիսի 5-ի իր ելույթում խոսել է նաեւ կառավարության 100 տոկոս փոփոխության, այսինքն՝ կառավարության եւ վարչապետի հրաժարականի մասին։ Հիմա շարունակո՞ւմ եք պնդել, որ վարչապետը պետք է հրաժարական տա։

- Մեր օրակարգում որեւէ բան չի փոխվել, եւ մեր օրակարգի հետ կապված պարզաբանում դուք կարող եք լսել բացառապես մեզանից։ Այս ժամանակահատվածում եղել են տարբեր մեկնաբանություններ, որոնք երբեմն նաեւ որոշակի բախտագուշակության տարրեր են պարունակել։ Բայց մենք արել ենք մեր հայտարարությունը, եւ մեր բոլոր հայտարարություններն ուժի մեջ են։ Նախօրեին էլ Գագիկ Ծառուկյանը լայնածավալ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ եւս մեկ անգամ վերահաստատեց բոլոր այն մտահոգությունները, որոնց մասին ինքը խոսել է։ Եվ նորից եմ կրկնում, որ մեր օրակարգում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, եւ որեւէ հետքայլի մասին խոսակցություն չի կարող լինել։

- Բայց այդ հայտարարության մեջ մենք չտեսանք, որ Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է, որ ինքը շարունակում է պահանջել կառավարության եւ վարչապետի հրաժարականը։

- Գիտե՞ք, ինտերպրետացիաները, մեկնաբանությունները կարող են տարբեր լինել, եւ ցանկացած ոք կարող է հասկանալ այնպես, ինչպես ինքն է այդ պահին նպատակահարմար գտնում։ Կամ այս դեպքում գրավոր տեքստը միգուցե որոշակի երկիմաստության տեղիք է տալիս։ Ես կրկնում եմ, պաշտոնապես կարող եմ նաեւ արձանագրել, որ որեւէ հետքայլի մասին խոսք լինել չի կարող։ Իհարկե, շատ լավ տեղյակ եմ, որ որոշակի շրջանակների կողմից ուղղորդված կերպով այդ թեզը շրջանառվում է, որ սա եղել է որոշակի հետքայլ։ Այսինքն՝ էդպիսի ենթադրություններ են արել որոշակի շրջանակներ եւ հատկապես իշխանության ներկայացուցիչներ։ Սակայն հավատացնում եմ, որ որեւէ հետքայլի մասին խոսելը, վստահաբար, մանկամտության շարքից է։

- Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում այդ հայտարարությունը, որտեղ, եթե չասենք հետքայլ, ապա որոշակի կառուցողական դաշտ տեղափոխվելու միտում է նկատվում։

- Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանը, բացի ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավար լինելուց, առաջին հերթին մեր երկրում տիրող իրավիճակով մտահոգ մարդ եւ քաղաքացի է, ով իր երկարամյա աշխատանքի տարիների արդյունքում ստեղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր եւ, բնական է, ունի սրտացավություն եւ մտահոգություն մեր երկրում տիրող իրավիճակով։ Այսինքն՝ էստեղ պետք չէ քաղաքական ուժի ղեկավար գործոնը եւ երկրի ներկայով ու ապագայով մտահոգ քաղաքացու գործոնները հակառակ բեւեռների վրա դնել կամ մի սկզբունքով դիտարկել, որ մարդ կա՛մ պետք է լինի ընդդիմադիր ուժի ղեկավար, կա՛մ պետք է լինի կառուցողական դաշտում հանդես եկող քաղաքացի, անհատ կամ խոշոր սեփականատեր։ Էստեղ «կա՛մ-կա՛մ»-ի սկզբունքը պետք չէ դիտարկել։ Էստեղ «եւ-եւ»-ի սկզբունքն է աշխատում, որ անկախ նրանից, որ Գագիկ Ծառուկյանը մատնանշում է բոլոր բացթողումները, որոնք ունի այսօր կառավարությունը, մյուս կողմից էլ նաեւ պատրաստակամություն է հայտնում օգնության ձեռք մեկնել իր երկրին՝ ստեղծված խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։

- Այս պահին ինչո՞վ է արտահայտվում ձեր կողմից վարչապետի հրաժարականի պահանջը, միայն հայտարարությա՞մբ, թե՞ ինչ-որ գործողություններ էլ են դրան հետեւելու։

- Դուք, լինելով փորձառու լրագրող, շատ լավ գիտեք, որ նմանատիպ գործընթացները մեկ օրում կամ մեկ ամսում կյանքի կոչելն իրատեսության շարքից չէ։ Կա քաղաքական գործակցության ձեւաչափ՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունների մասով։ Ձեւավորված է աշխատանքային խումբ, որը բավականին արդյունավետ կերպով քննարկում է ստեղծված իրավիճակը եւ բազմաթիվ խնդիրներ թե՛ օրենսդրական դաշտում, թե՛ վարչական կամ Սահմանադրական դատարանում վիճարկելու եղանակով։ Այնպես որ, անելիքները շատ են, որեւէ բան ինքնանպատակ չէ, եւ եթե մենք նախանշում ենք կոնկրետ վարչապետի հրաժարականի եւ կառավարության փոփոխության անհրաժեշտության մասին, մենք դա հիմնավորում ենք, մասնավորապես նշելով թե՛ խայտառակ տնտեսական ցուցանիշները, թե՛ կոնկրետ համավարակի դեմ պայքարի տապալումը, թե՛ արտաքին քաղաքականության ասպեկտում ունեցած մեր պարտությունները։ Եվ այս շարքը շատ երկար կարելի է շարունակել։

- Կարո՞ղ է այսպես մինչեւ հաջորդ ընտրություններ ձգվի ձեր կողմից կառավարության ու վարչապետի հրաժարականի պահանջը։

- Ես երբեւէ կանխատեսումներով չեմ զբաղվել, իմ գործունեության ընթացքում եւս չեմ զբաղվելու, բայց կարող եմ ասել, որ մենք երբեւէ ինքնանպատակ որեւէ գործընթացով չենք զբաղվել եւ չենք զբաղվելու։ Կա հիմա կոնկրետ գործընթաց, որով մենք առաջնորդվում ենք թե՛ մեր կուսակցության նախատեսած ծրագրի շրջանակում, թե՛ նաեւ կուսակցությունների հետ գործակցության շրջանակում։