Մխիթար Հայրապետյանն Արայիկ Հարությունյանին դաս տվեց

Մխիթար Հայրապետյանն Արայիկ Հարությունյանին դաս տվեց

Եթե ՀՅԴ-ական երիտասարդները երեկ ներկա լինեին ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստին, իմքայլական Մխիթար Հայրապետյանից կսովորեին, թե ինչպես պետք է միտինգ անել Արայիկ Հարությունյանի դեմ, որպեսզի նա հասկանա իր խոսքի ու գործի անհեթեթությունները։ Երեկ ավելի քան 2 ժամ սույն հանձնաժողովում նախարարը խոսում էր, բայց այդպես էլ չէր հասկացվում, թե ինչ է ուզում ասել՝ ինչին է կողմ, ինչին՝ դեմ։ Քննարկման առարկան «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթն էր։ Հիշեցնենք․ օրեր առաջ «Հանրակրթության մասին» օրենքի՝ նախարարության առաջարկները նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը հանձնաժողովում տապալել էր։

Այս փաթեթը ներկայացրել էին խորհրդարանական երեք խմբակցությունները համատեղ՝ Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ եւ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի ու ԼՀԿ-ական Հարություն Բաբայանի համահեղինակությամբ։ Գործող օրենքի պահանջի համաձայն՝ 2017-2018 ուստարվանից նախնական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվում է բացառապես անվճար ուսուցման համակարգում՝ կառավարության կողմից տարեկան հատկացված տեղերին համապատասխան՝ մրցութային կարգով: Նախագծերի համահեղինակներն  առաջարկում են ընդունելությունը կատարել ոչ միայն անվճար, այլեւ վճարովի համակարգով։

Ըստ  հեղինակների՝ փոփոխությունը հնարավորություն կտա, որպեսզի վճարովի ուսուցմամբ մատուցվող ծառայությունների շնորհիվ ուսումնական հաստատությունները ձեւավորեն որոշակի բյուջե։ Նրանք ասում էին, որ խոհարարների, ատաղձագործների, զոդողների մեծ պահանջարկ կա, մասնագետների՝ դեֆիցիտ։ «Ինչո՞ւ պիտի «Երեւան պանդոկն» այսօր ինքը խոհարարական դասընթացներ կազմակերպի»,- ասաց իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը։ Կառավարությունը դեմ է փաթեթին՝ այն հիմնավորմամբ, որ հիմնական կրթությամբ 19-ը չլրացած սովորողների համար չի կարող սահմանվել վճարովի կրթություն: Սակայն Մխիթար Հայրապետյանը, հղում անելով Սահմանադրության 38-րդ հոդվածին, հերքեց նախարարի ներկայացրած հիմնավորումը՝ ասելով, թե առնվազն անկեղծ չեն, երբ ասում են, որ հակասում է Սահմանադրությանը։

Որ այս պնդումն անհիմն էր, երեւաց նաեւ Հարությունյանի ելույթներից․ նա հպանցիկ խոսեց նախագծի սահմանադրականության մասին, ապա ստանձնեց «դժբախտ» մասնագետների հոգեվիճակի պատասխանատվության հարցը եւ ասաց, որ չի կարելի  ուսհաստատություններում տեղեր ավելացնել այն մասնագիտություններից, որոնց պահանջարկն այսօրվա դրությամբ էլ չկա, չի կարելի, ասենք, «դժբախտ բուժքույրեր» պատրաստել, որոնք վաղը-մյուս օրն անգործ են մնալու։ Նախարարի կարծիքը հունից հանեց Մխիթար Հայրապետյանին, եւ նա ասաց․ «Սկսում եմ խճճվել, որովհետեւ Դուք սկզբից ասացիք, որ մեր մտահոգությունները տեղին են, բայց ես Ձեր խոսքից այդպես էլ չհասկացա՝ հիմա Դուք այս ինստիտուտի կարիքն ունե՞ք, թե՞ ոչ։ Դուք մի կողմից ասում եք, որ առանց այս օրենսդրական նախաձեռնության էլ կլուծվի, ցույց տվեք ինձ կոնկրետ Ձեր ռազմավարությունը եւ մի ասեք, որ առանց այդ էլ կլուծվի 4 կամ 5 տարի հետո։ Ես ասում եմ՝ այսօր խնդիր կա, եւ ասեք, թե այս մեկուկես տարվա ընթացքում ինչ գործուն քայլեր են իրականացվել ռազմավարություն մշակելու հարցում»։

Եվ գրեթե հոխորտաց՝ ԱԺ-ն կընդունի այս օրենքը, եթե կարիքը տեսնեք՝ նախագահ Արմեն Սարգսյանին կասեք, թող ուղարկի Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյանը թող որոշի։ Հայրապետյանը Հարությունյանին նաեւ «դաստիարակեց», թե ինչպես պետք է խոսել պատգամավորների հետ, չօգտագործել «մանիպուլյացիա», «դեմագոգիա» բառերը․ «Քաղաքական  այդ մշակույթից հրաժարվեք, դա ի՞նչ խոսելաձեւ է»։ Նախագիծն ընդունվեց, այն կքննարկվի լիագումար նիստում։