Փաշինյան, ձեռքերդ հեռու Արցախից

Փաշինյան, ձեռքերդ հեռու Արցախից

ՀՀ իշխանություններն արդեն հասցրել են ամենատարբեր մակարդակներում հայտարարել, որ Հայաստանն անելիք չունի Արցախի հարցով` սկսած Արցախի անվտանգության ապահովումից, վերջացրած այնպիսի մի ճղճիմ հարցի կարգավորումով, ինչպիսին Լաչինի միջանցքի բացումն է: Միակ հետևությունը, որ կարելի է անել այս ամենից, հետևյալն է` ՀՀ իշխանությունները որդեգրել են Արցախի գործերին չմիջամտելու քաղաքականություն: Անձամբ իմ կարծիքով` Արցախի գործերին չմիջամտելը Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական զբրոդի լավագույն որոշումն է: Չմիջամտեն` չեն էլ կարող վնասել, և կամ նրանց հասցրած վնասը ճակատագրական չի կարող լինել Արցախի համար:
Սակայն շատ հետաքրքիր կիրակի բացվեց Արցախի վրա: Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը կրկին քիթը խոթել է Արցախի ներքին գործերի մեջ և փորձում է, մեղմ ասած, քաղաքական վերադասավորումներ անել այնտեղ: Պարոն Փաշինյանին, ասացեք խնդրեմ, «չի դզում» Ռուբեն Վարդանյանը, որ այսօր Արցախի փաստացի ղեկավարն է: Բայց ո՞ւմ է հետաքրքրում Նիկոլ Փաշինյանի կարծիքը Ռուբեն Վարդանյանի մասին, եթե այն լիովին համընկնում է Իլհամ Ալիևի` ավելի վաղ հայտնած կարծիքի հետ, թե Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա Արցախից: Եվ ահա Նիկոլը, Արայիկ Հարությունյանն ու արցախցի մի խումբ կապիտուլյանտներ փորձում են հեռացնել Ռուբեն Վարդանյանին, որ բավականին կոշտ դիրքորոշում ունի ադրբեջանական իշխանությունների հանդեպ և կարողացել է Արցախի պաշարման օրերին կառավարել ստեղծված իրավիճակը:

Դժվար չէ հասկանալ, որ այս օրերին Արցախում քաղաքական խժդժություններ գցելն առնվազն էշություն է ՀՀ իշխանությունների կողմից, եթե չասենք` Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել ու ռուս խաղաղապահների խնդիրն ավելի բարդացնել: Ադրբեջանին ուղղակի ձեռնտու է Արցախում անիշխանության հաստատումը: Եվ հենց դա էլ փորձում են անել Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը` խոսելով ինչ-որ ընտրությունների ու նոր իշխանության ձևավորման մասին: Արցախում նոր ընտրությունների կազմակերպման գաղափարը սին է և հաջողության որևէ հեռանկար չունի մի պարզ պատճառով, որ աշխարհի և ոչ մի կազմակերպություն հանձն չի առնի դիտարկել ու հավաստագրել դրանց ընթացքն ու արդյունքները: Ավելին ասեմ` նույնիսկ Հայաստանը չի կարող դիտորդի կարգավիճակով մասնակցել այդ ընտրություններին: Իսկ գուցե Նիկոլն ու Արայիկը փորձում են այդ ընտրությունների ձախողումն է՞լ գցել ռուս խաղաղապահների գրպանը... Ծիծաղելի է:

Իրականում Նիկոլ Փաշինյանը Ռուբեն Վարդանյանի մեջ տեսնում է ոչ միայն արցախցի իր կամակատարների, այլև իր սեփական պարտությունը: Բոլորն են հասկանում, որ Ռուբեն Վարդանյանին հաջողվել է Արցախում ֆորմալ իշխանափոխություն իրականացնել և իր ձեռքը վերցնել հայկական երկրորդ պետության համար կենսական նշանակություն ունեցող հիմնական գործառույթները: Արայիկ Հարությունյանը, որին Նիկոլն է նախագահ կարգել Արցախում, անհուսալիորեն երկրորդ պլան է մղվել և շարունակում է համարվել Արցախի նախագահ զուտ այն պատճառով, որ Արցախում նոր ընտրություններ կազմակերպելն ուղղակի անհնար է: Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը ստիպված կլինի հաշտվել Ռուբեն Վարդանյանի հետ բանակցելու մտքի հետ, իսկ դա արդեն նշանակում է, որ Ռուբեն Վարդանյանը կդառնա Արցախի փաստացի ղեկավար, ու մի գեղեցիկ օր էլ Արայիկ Հարությունյանը դատարանում Նիկոլի մասին ինչ գիտի-չգիտի կներկայացնի հանրությանը: Փաշինյանն ուզում է հենց սա թույլ չտալ և ամեն ինչ անում է Արայիկ Հարությունյանին կրկին իշխանության բերելու համար: Ես չեմ բացառում, որ Ալիևը համաձայնի բացել միջանցքը, միայն թե Արցախում իրականացվի Նիկոլի ծրագիրն ու այնտեղ ի հայտ գա մեկը, որ կհամաձայնի լինել պաշտոնական Բաքվի վստահված անձը Ստեփանակերտում: Նման բան ուղղակի չի կարելի թույլ տալ, քանի դեռ Արցախը որևէ կարգավիճակ չունի ինչպես Ադրբեջանի կազմում, այնպես էլ նրա կազմից դուրս:

Մնում է Նիկոլին մի բան հորդորել` եթե այսօրևեթ մի բան պետք է անել  իրավիճակի հանգուցալուծման համար, դա հենց քո հրաժարականն է: Ձեռքերդ հեռու Արցախից: Այնտեղ գիտեն, թե ինչ են անում և ինչպես պետք է Արցախը պահել հայկական: Դու ավելի լավ է քո հրաժարականով լուծես Հայաստանի հայկական մնալու հարցը: