Դեպի 2024

Դեպի 2024

Կարող եմ ասել, որ ամանորյա տրամադրությունս լրիվ ապահովված է. ու այդ տրամադրությամբ էլ ոտք եմ դնում 2024 թվական: Հիմա կասեք՝ առանց Արցախ ի՞նչ Նոր տարի, ինչ ամանորյա տրամադրություն: Դուք միանգամայն ճիշտ եք: Իսկապես ոչ մի բանի սիրտ չկա, բայց այսօր չեմ ուզում Նիկոլի անունը տալ ու ավելորդ անգամ սիրտս բռնել: Այսօր ուզում եմ անձնական թեմաներով խոսել ձեզ հետ՝ ամանորյա տրամադրությանս զուտ անձնական պատճառների մասին:

Եվ այսպես՝ առավոտյան կնոջս ասացի, որ մտնելու ենք փոստ, բան կա վերցնելու, հետո իջնենք աշխատանքի:
-Ի՞նչ կա վերցնելու, էլի խախտում ես արե՞լ:
-Դեռ չգիտեմ, փոստատարն էր զանգել, ասում էր 3 հատ ծրար ունես… -
-Էդ քո ծրարները… Սաղ փողը խախտումներիդ վրա է գնում, չես կարողանում ավտո քշել՝ մի քշիր:
-Ես չեմ կարողանո՞ւմ… Դե վերցրու բանալիներն ու դու քշիր… Առանց խախտումի:

Մի քիչ հետո՝ թե արի ձեռքի հետ էլ թաղապետարան մտնենք, գույքահարկն ու աղբի փողը վճարենք, տարին փակվում է, տույժ-տուգանք չգա…
-Հարց չկա,- խելոք համաձայնեցի,- այսօր ավտոյի գույքահարկն ու տեխզննությունն էլ պիտի մուծեմ:
-Դա՞ ինչքան է:
-Չգիտեմ, ասում են անցյալ տարվա համեմատ թանկացել է:
- Բայց կարո՞ղ ենք Զեյթունի «Սիթիով» իջնել քո տեխզննության տեղը: 
-Կարող ենք… Իսկ Զեյթունի «Սիթիում» ի՞նչ ենք անելու:
-Այ մարդ դու էս աշխարհից չե՞ս, Նոր տարի է, մի երկու բան առնենք սեղանի համար, մարդ կգա տուն, հո սևերես չե՞նք մնալու:

Երթուղին մտքումս գծեցի ու ճանապարհ ընկանք: Առաջինն այցելեցինք Ավան վարչական տարածքի ղեկավարի անձնակազմին՝ Գույքահարկ ու աղբի փող` 35 հազար: Հարց չկա, մուծեցինք: Հետո գնացինք փոստ: Այնտեղ ինձ տուգանքի 3 ծրար տվեցին՝ մեկը 25, իսկ մյուսները 5 հազարական դրամի, միասին՝ 35 հազար դրամ: Զեյթունի «Սիթիում» համարյա ոչինչ չառանք, բայց երեք հատ 20 հազարանոց և մեկ հատ 10 հազարանոց թողեցինք: Էդ քեզ՝ 70 հազար:

Կարծում եմ՝ ավելորդ է ասելը, որ տրամադրությունս գնալով բարձրանում էր...
Հասանք Կենտրոն՝ աշխատանքի: Կինս գնաց իր գործին, իսկ ես քշեցի տեխզննության կայան: Այ քեզ բախտ: Առաջին ավտոմեքենան էի: Տեխանձնագիրը վերցրի ու մտա տեխզննիչի կաբինետը: Տնաշենն այնքան շոգ էր արել, որ շունչս կտրվեց: Ինձ տեսնելով՝ ձեռքի ափերը շփեց.
-Մոտ արի, մի ամաչիր, տեխանձնագիրը տուր՝ տեսնեմ:

Ձեռքի մեջ շուռումուռ տվեց, ինչ-որ թվեր գրեց դեղին թղթի վրա, ապա տեխանձնագիրս կողքի պատուհանիկով փոխանցեց կողքի սենյակում նստող աղջկան՝ Աշխեն, առ՝ հաշվի: Աշխենս սկսեց հաշվել ու զրնգուն ձայնով կողքի սենյակից հայտարարեց՝ 28 հազար, տույժ` 800 դրամ … Տեխզննիչն այդ թվին գումարեց դեղին թղթի վրա իր գրած թվերն ու կարդաց դատավճիռը՝ 39 հազար: Երկու 20 հազարանոց էլ այդտեղ թողեցի ու եկա աշխատանքի: Դեռ չէի հասցրել տեղավորվել համակարգչիս մոտ, որ մի անուշիկ աղջիկ զանգեց.

-Ձեր մեքենայի ԱՊՊԱ-ի ժամկետը լրանում է, չէիք ցանկանա՞ մեկ տարով նոր պայմանագիր կնքել:
-Կցանկանայի, դրա համար ի՞նչ է պետք:
-Իսկ Դուք նոր գներից տեղյա՞կ եք: ԱՊՊԱ-ի գներն այս տարվանից ազատականացվել են և տարբեր գներով են ԱՊՊԱ անում:
-Բայց ես, թու, թու, թու, ոչ մի վթար չունեմ և մի քանի տարի է, ինչ ամենանվազ գումարով եմ ապահովագրում իմ ավտոմեքենան:
-Դա կապ չունի: Գործակալություններն այս պահին առաջարկում են ապահովագրել Ձեր ավտոմեքենան 24 հազարից մինչև 38 հազար դրամով:
-Իսկ ի՞նչ տարբերություն կա 24 հազարի և 38 հազարի միջև: Դուք ո՞րը կառաջարկեիք:
-Նույն բանն են, գներն են տարբեր: Երևանի տարածքում կարող ենք պայմանագիրն անվճար մոտեցնել:
- Այո, մոտեցրեք: Դա շատ հարմար է:

Պայմանավորվեցինք, որ երիտասարդը վաղն իսկ  կմոտեցնի ԱՊՊԱ-ս:
Աշխատանքային օրը վերջացավ մի կերպ: Երեկոյան կնոջս հետ տուն հասանք: Բոլոր գնումները հանեց, շարեց սեղանին ու իրենից գոհ ասաց.
-Համարյա ամեն ինչ առանք: Մի քանի բան է մնացել, այն էլ վաղը, մյուս օրը կառնենք, պաժառ չի:

Նստեց խոհանոցի սեղանի մոտ, թուղթը հանեց ու սկսեց ջնջել առածը: Նայեցի ցուցակին` դեռ կեսն էլ մնում էր: Մնաց մի 45 հազարի` ալյուր, ձու, կաթ, կոնֆետ, թխվածք, միրգ, չրեր, չարազ.... Միակ մխիթարությունս այն էր, որ  հոդվածիս մեջ Նիկոլին չեմ հիշատակելու և ավելորդ նյարդեր չեմ վատնելու: Ու մեկ էլ աչքս ընկավ համակարգչին: Բոլոր կայքերում կարմիր գծերի, Ավինյանի ու խմած կին-ավագանիների նկարներն էին: Երևանի կենտրոնում կայանատեղիների տարեկան վարձը հասցրել էին 160 հազարի: Տրամադրությունս ավելի բարձրացավ: Ավինյանը, փաստորեն, գործից լավ էլ հասկանում է: Ամեն ինչ թանկացել է, կարմիր գծերն ինչո՞ւ չպիտի թանկանան: Կարճ ասած` վաղը մի հատ մտնեմ էդ 160 հազարը մուծեմ ու գնամ կնոջս կազմած ցուցակի հետևից: Նոր տարի է, մարդ կգա տուն, հո սևերես չենք մնալու: