Պարեկներ ունենք՝ աշխարհը չունի

Պարեկներ ունենք՝ աշխարհը չունի

ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է նիկոլական պարեկային ծառայության հերթական «սխրագործությունը»՝ ուղղված անզեն ու անպաշտպան քաղաքացիներին: Այն քաղաքացիներին, որոնց պաշտպանությունն ի պաշտոնե պետք է իրականացնեին իրենք: Այն քաղաքացիների պաշտպանությունը, որոնք մի ժամանակ «ժողովրդի փրկիչ» Նիկոլի կողմից բնորոշվում էին որպես «հպարտ»: Ըստ պատգամավորի ստացած տեղեկատվության, Լոռու մարզի մի քանի բնակիչ դաժան ծեծի են ենթարկվել ծառայության աշխատակիցների կողմից:

Եվ ինչպես տեղի է ունենում միշտ՝ ծեծի պատճառ է դարձել ՀՀ երբեմնի «հպարտ» քաղաքացու պահանջը, որպեսզի իշխանական լիազորություն ունեցող համազգեստավորներն իր հետ հարգանքով խոսեն: Իսկ քաղաքացու դժգոհության պատճառն էլ եղել է Փաշինյան Նիկոլի ավտոշարասյան համար պարեկների կողմից ճանպարհ ազատելու գործողությունը: Ենթադրաբար՝ քաղաքացու համար ոչ այնքան ընդունելի տարբերակով: Այլապես վերջինս դժգոհելու հիմք չէր ունենա: Ի դեպ, մի ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բողոքում էր ՀՀ երրորդ նախագահի ավտոշարասյան անցնելու ընթացքում ոստիկանության գործողություններից: Ու ՀՀ միամիտ քաղաքացիներն էլ ենթադրում էին, որ Նիկոլին իշխանության բերելով՝ իրենք կազատվեն նախկինների ժամանակվա նաև այդ բացասական երևույթից:  

Համա թե ազատվեցին: Չբավարարվելով ավելի քան երկու տասնյակ իրենց ձեռքերին ազատություն տալով՝ պարեկներն օգտագործել են նաև արցունքաբեր գազ: Բռնության հետևանքով քաղաքացիները ստացել են բազմաթիվ վնասվածքներ, իսկ տարեց քաղաքացու անչափահաս թոռը՝ նաև կոտրվածքներԼ Եվ տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոցից էլ, բնականաբար, պետք է հաղորդում տրվեր ոստիկանությանը: Եվ նրանք էլ պետք է ժամանեին և պարզեին թե ինչ է տեղի ունեցել: Եվ պարեկների նկատմամբ էլ պետք է ծառայողական քննություն իրականացվեր, ու նրանք պատժվեին: Բայց չպետք է մոռանանք, որ մենք ապրում ենք ոչ թե նախկինների ժամանակներում, այլ փաշինյանական «ժողովրդավարության» պայմաններում:

Եվ ըստ քաղաքացուց տեղեկատվություն ստացած պատգամավորի, միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը ոչնչացվել են, իսկ իրենց հորդորել են (ենթադրում եմ՝ «բարեկամաբար») մոռանալ դեպքի մասին:

Ասեմ, որ դա հաստատ առաջին դեպքը չէ՝ երբ ամերիկյան գումարներով ձևավորված ծառայության աշխատակիցներն ազատություն են տալիս իրենց ձեռքերին: Երբեմն նաև օգտագործում են արցունքաբեր գազ՝ իրենց գործողություններին ավելի համոզիչ տեսք տալու նպատակով: Ես, բնականաբար, ներկա չեմ եղել ամերիկյան պատասխանատումների հետ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի կողմից «լիազորված» անձ Իոաննիսյան Դանիելի  «բանակցություններին»: Բայց որպես տեղեկացված և գիտակից քաղաքացի՝ ենթադրում եմ, որ նոր ստեղծվող ծառայության նպատակը պետք է լիներ ՀՀ քաղաքացիներին «քաղաքակիրթ» ծառայություն մատոուցելը:

Որպեսզի վերջիններս նորը համեմատեին նախկինների ժամանակ գործող համանման ծառայության որակի հետ և համոզվեին «հեղափոխական» իշխանության գերազանցության մեջ: Հատկապես, ըստ օդում կախված լուրերի, ամերիկացիները դրա համար Նիկոլին կառավարությանը հատկացրել են 50 միլիոն ԱՄՆ դոլարի գումար: Չգիտեմ, թե իսկապես հենց այդքան է տրվել, թե ոչ: Չգիտեմ նաև, թե տրված գումարի որ մասն է դրամաշնորհ և որը՝ վարկ: Սակայն, իմ համեստ կարծիքով, նոր ծառայություն ստեղծելու ժամանակը դեռևս չէր եկել: Եվ, ընդհանրապես, ոչ մի կոպեկ էլ չպետք է ծախսվեր դրա վրա: Քանի որ նորը ոչնչով չէր տարբերվելու նախկինների ժամանակ եղածից: Որովհետև մարդու՝ հատկապես համազգեստավոր մեկի, մտածողությունը չի փոխվում դրամաշնորհով կամ վարկով: Այն փոխվում է նպատակամղված պետական քաղաքականության շնորհիվ, ինչն այսօր առկա չէ մեր երկրում:

Ինչ մնում է հենց ամերիկյան պարեկային ծառայությանը, ապա կարող եմ ասել, որ մի ժամանակ «Ոստիկանական ակադեմիա» կինոնկարի հիման վրա ենթադրում էի, թե դա լավագույնն է արևմտյան աշխարհում: Սակայն մի երկու տարի առաջ գետնին ընկած սևամորթ քաղաքացու կոկորդը ոտքով սեղմելու և դրանով նրան կյանքից զրկելու պատմությունը ցույց տվեց, որ իմ ենթադրությունն այդքան էլ չէր համապատասխանում իրականությանը: Իսկ երբ նախկինում հանցանք կատարած զոհի թաղումը վերածվեց համաժողովրդական բողոքի ալիքի՝ հասկացա, որ ամերիկյան պարեկներին չեն սիրում ոչ միայն սևամորթները (կամ իրենց «լեզվով» ասած՝ աֆրոամերիկացիները), այլև սպիակամաշկ ամերիկացիները: