Երկրի ղեկավարը ո՞նց կարող է այս աստիճան ատել իր սեփական ազգին

Երկրի ղեկավարը ո՞նց կարող է այս աստիճան ատել իր սեփական ազգին

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար ընկած կամավորական Արման Օհանջանյանի մայրը` Ելիզավետա Բուդաղյանը:

- Տիկին Ելիզավետա, Հայաստանի վարչապետը ամենուր խոսում է, այսպես կոչված անկլավների` Տավուշից և Արարատից թշնամուն տարածքներ զիջելու մասին: Հայաստանում կա՞ն անկլավներ, դուք ապրում եք Արարատի մարզում, այդտեղ ադրբեջանական տարածքներ կա՞ն:

- Ես պարզապես զարմանում եմ մի երկրի ղեկավար ո՞նց կարող է իր հայրենիքի շահը թողած թշնամի պետության շահերով առաջնորդվի: Ուղղակի ուղեղիս մեջ այդ ամենը չի տեղավորվում և հենց դրա համար ևս մեկ անգամ էլ կասեմ` այդ մարդը թուրք է, միայն թուրքը կարող է ի շահ թուրքի խոսել: Ինչ է ստացվում, ստացվում է, որ անգամ այն տարածքները, որոնք թուրքը չի ցանկանում զոռով բրդում է առաջ, ասում` եկեք վերցրեք: Էդ տարածքները, կարծես, իր հոր տնից է բերել, հիմա էլ կտոր-կտոր տալիս է թուրքին: Լավ է, այլ քոչվոր ցեղեր էլ չկան, նրանց էլ ինչ-որ տարածքներ նվիրի: Չեմ հասկանում երկրի ղեկավարը ո՞նց կարող է այս աստիճան ատել իր սեփական ազգին: Իրոք այդ մարդը գենետիկ անալիզ պետք է տա, նա իսկապես գուցե թուրք է, ես էլ խոսքեր չունեմ, ամեն անգամ դրան լսելով մտածում եմ, թե դա վերջին հիմարությունն է, որ նրանից կարող եմ լսել, սակայն ամեն անգամ ավելի է կատարելագործվում: Այդ մարդն ո՞վ է, սատանան անգամ զարմացած է մնում երևի սրա արարքներից:

- Ընդդիմությունը ոչինչ չի անում, կարծես, զոհվածների ծնողներն էին իրավիճակ փոխելու վերջին հույսը, սակայն նստացույցը դադարեցվեց, լռեցին ու ոչինչ չի արվում:

- Ես կոնկրետ չեմ լռելու, չեմ կարող լռել, գուցե սա դադար է, բայց ոչ լռություն:

- Ծնողներն ի՞նչ են ասում, ի՞նչ ծրագրեր կան:

- Ես դպրոցում ուսուցչուհի եմ, փոքր ինչ զբաղված եմ, հանդիպումների ու զրույցների առումով մի փոքր պասիվացել եմ: Ինչքանով կարողանում եմ հետևել, խոսել, հասկանում եմ, որ սա զուտ դադար է, ոչ թե վերջնական լռություն: Ծնողներից շատերն ինձ պես անորոշության մեջ են, սակայն ես կոնկրետ պայքարել եմ և պայքարելու եմ:

- Թվում էր` նստացույցը դադարեցնելուց հետո իրավիճակը պետք է փոխվի, Գայանե Հակոբյանը պետք է ազատության մեջ հայտնվի, սակայն ոչինչ չի փոխվել այդ առումով:

- Անկեղծ ասած ես էլ էի այդպես մտածում: Սպասենք դատական նիստին, տեսնենք ինչ կլինի: Անգամ այդ դատական նիստը զարմանալի է, սակայն եթե բանը դրան է հասել, հուսանք հօգուտ Գայանեի կլինի, որովհետև անարդար է, որ մարդ ոչինչ չի արել ու պատժվում է, գոնե մի բան արած լիներ, հասկանայինք ինչի համար է պատժվում:

- Զոհվածների ծնողների շրջանում կա՞ պառակտում:

- Ես շատ քիչ եմ շփվում հիմա, որովհետև բավականին զբաղված եմ, վերապատրաստումներ եմ անցնում և այլն, և այլն: Ամեն դեպքում ինձ թվում է, որ պայքարող ծնողները պետք է մշտապես պայքարեն, անկախ բոլոր տեսակի դադարներից: Չենք կարող հաշտվել մի բանի հետ, որի հետ հաշտվելն անհնար է: