Խնդրում ենք օգնել ձեր լիազորությունների, հնարավորությունների շրջանակում. գերիների ծնողները հանդիպել են Ավագյանին

Խնդրում ենք օգնել ձեր լիազորությունների, հնարավորությունների շրջանակում. գերիների ծնողները հանդիպել են Ավագյանին

Այս հանդիպումը մենք ենք նախաձեռնել՝ ծնողներս, որպեսզի հասկանանք մեր երեխաների ճակատագիրը, հասկանանք՝ որտեղ են գտնվում։ Այս մասին քիչ առաջ Բորիս Ավագյանի հետ հանդիպման ժամանակ ասաց գերիների ծնոնղերից մեկը։ Հիշեցնենք, ծնողների նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպվել Ավագյանի հետ։

«Մենք մեկ ցանկություն, խնդրանք ու պահանջ ունենք։ Խնդրում ենք, օգնեք մեզ ձեր լիազորությունների, հնարավորությունների շրջանակում, որովհետև այս վիճակն ուղղակի արդեն քայքայել է մեզ։ Եթե ինչ-որ տվյալներ ունեք, տվեք մեզ, օգնեք։ Ես բոլոր ծնողների անունից հայտարարում եմ, որ այս հանդիպումը մեր նախաձեռնությամբ է կազմակերպվել»,- ասաց ծնողը։

«Ծնողները տևական ժամանակ առաջ ԱԱԾ շենքում հանդիպել են Ռուսաստանի խաղաղապահ զորքեր հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, այդ հանդիպումից ծնողները չեն ստացել այն հարցերի պատասխանները, որոնք որ ծնողների մոտ կան։ Վերջին շփումը Մուրադովի հետ ծնողները ունեցել են մոտավորապես մեկ շաբաթ առաջ։ Մենք հիմա փորձելու ենք ընդհանուր ուժերով այդ հարցերի պատասխանները գտնել։ Այսինքն՝ մենք տեղեկացանք, որ ՊՆ-ն չի զբաղվում գերիների խնդրով, փոխարենը ԱԱԾ-ն է զբաղվում, իսկ ԱԱԾ-ն էլ փաստորեն հանդիպումներ է կազմակերպում գերիների ծնողների ու Մուրադովի միջեւ»,- ասաց Ավագյանը հանդիպման բացման խոսքում։

Ծնողների ցանկությամբ լուսաբանումը դահլիճից դադարեցվեց, ասացին, որ պետական գաղտնիքներ պարունակող խոսակցություն են ունենալու Ավագյանի հետ։ Քիչ անց Ավագյանը դուրս է գալու ու պատասխանի լրագրողների հարցերին։