Չլսեցիք մեզ

Չլսեցիք մեզ

Երբ 2018-ին բազմաթիվ մարդիկ զգուշացնում էին, որ իշխանափոխությունից անմիջապես հետո պետք է հնարավորինս արագ վերադառնալ նախկին կյանքին՝ մոռանալով փողոց փակելուն ու բնականոն կյանքը կաթվածահար անելուն ուղղված գործողությունները, իշխանությունն արհամարհում էր այդ հորդորները։ Նրանք դեռ երկար ապրում էին հեղափոխության օրերի ռիթմով՝ շարունակում էին հանրահավաքներ ու լայվեր անել, իրենց հակառակորդների դեմ արշավներ կազմակերպել, հայհոյանքն ու վիրավորանքները լիուլի կիրառել սոցցանցերում՝ բոլոր նրանց դեմ, ովքեր իրենց չէին ենթարկվում եւ յուրային չէին։

Նրանց թվում էր, թե այդ գործիքակազմը միշտ կծառայի իրենց։ Նրանց մտքով անգամ չէր անցնում, որ ընդամենը 2-3 տարի անց այդ հայհոյանքներն ու վիրավորանքներն ուղղվելու են հենց իրենց դեմ, իրենց դեմ են հանրահավաքներ անելու, եւ իրենք են թիկնազորներով պաշտպանվելու վրդովված ամբոխից։ Երբ բացատրում էինք, որ լայվերով ու ֆեյսբուքյան գրառումներով չի կարելի երկիր կառավարել, պետք է պետական կառույցներն աշխատեն, մեզ ասում էին՝ դուք կյանքից հետ եք մնացել, սա է առաջադիմությունը։ Մինչդեռ սոցցանցերում պարազիտ կյանքն ու զազրախոսությունը կամաց դարձան մեր կյանքի անբաժանելի մասը, եւ մարդիկ հետ վարժվեցին ռեժիմով եւ արդյունավետ աշխատելուց։

Երբ գրում-համոզում էինք, որ մեր ազգի պոտենցիալը սահմանափակ է, մենք իրավունք չունենք երկիրը բաժանել սեւ ու սպիտակի, մեր բյուր խնդիրների լուծմանը պետք է լծվեն բոլորը՝ այդ թվում՝ սեւերը, եւ մեր ունեցած ռեսուրսը չօգտագործելը հանցանք է մեր պետության հանդեպ, ոչ ոք մեզ չէր լսում՝ նախկիններին ոչնչացնելու քաղաքականությունն էր ծաղկում։ Մինչեւ եկանք հասանք 2021 թ․, երբ լավ մասնագետի դեֆիցիտ է, եւ անգամ նորմալ նախարարներ գտնելն է բարդ։