Պարզվում է, որ մեր հիմնախնդիրները մեր անգրագիտությունից են

Պարզվում է, որ մեր հիմնախնդիրները մեր անգրագիտությունից են

«Պետք է փորձել այնպես անել, որ այդ ճանապարհը չփակվի: Խնդիրը պետք է լուծել ոչ թե առճակատման, այլ ճիշտ եւ գրագետ համագործակցելու միջոցով: Իհարկե, Ադրբեջանը մեր թշնամին է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է համագործակցենք»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Քանի որ հանրության գրագիտության մակարդակը գտնվում է շրիշակից ներքեւ, ինչի պատճառով էլ չի ընկալվել «գրագետ համագործակցելու» պահը: Գրագետ նախարար Քերոբյանն ուսուցչի համբերատարությամբ ու բավական մատչելի պարզաբանել է. «Մենք բազմիցս ենք ասել եւ շարունակում ենք կրկնել, որ մեր օրակարգը խաղաղության օրակարգ է, եւ մեր աշխատանքը պետք է ուղղված լինի, որպեսզի մենք չեզոքացնենք առկա այն փոքր-ինչ ռիսկերը, որոնք դեռեւս կան, եւ ամրապնդենք մեր սահմանները խաղաղության օրակարգի շուրջ:

Հենց դա էլ հասկանում եմ Ադրբեջանի հետ գրագետ համագործակցություն, որպեսզի մենք դադարենք բացառապես իրար ինչ-որ բաներում մեղադրելը, այլ համագործակցող եւ ընդհանուր եզրեր գտնելով՝ կարողանանք այնպես անել, որպեզի մեր ընդհանուր աշխատանքը գնա դեպի խաղաղություն եւ ոչ թե հակառակը՝ դեպի պատերազմ»: 

Ու չնայած գրագետ նախարարի գործադրած ջանքերին, անգրագիտությունը չհաղթահարվեց: «Ամրապնդենք մեր սահմանները խաղաղության օրակարգի շուրջ»: 

Ոչ գրագետների համար, տրամաբանորեն, անհասկանալի է, թե սահմաններն ինչու պետք է ամրապնդել, եթե խաղաղություն է: Բացի դրանից, ազերիներն ազատ ելումուտ ունեն, ՀՀ ի՞նչ սահմանների մասին է խոսքը: Կրկին, բացի դրանից, բա Էրիվանն ու «Արեւմտյան Ադրբեջանի» մնացած մասը չպե՞տք է վերադարձվեն «իրական տերերին»: Այ, հենց այսպես՝ գրագետ համագործակցության բացակայության պատճառով էլ հրահրվում է պատերազմ: Պետք է ազնիվ վարվել «դրացի» երկրի հետ: Իսկ միջպետական ճանապա՞րհը, որը «զավթել» էինք: Բա սա գրագետ համագործակցությո՞ւն է, իսկ Արցախը Հայաստան է եւ վե՞րջ: Չափից ավելի գրագետ է եղել թշնամի երկրի ղեկավարին կիրթ անվանելը: Ի՞նչ ստացվեց: Նա մտածեց, թե իրեն ծաղրել են, դրա համար էլ պատերազմ սկսեց՝ իր ոտնահարված արժանապատ-վությունը վերականգնելու համար: Ընդամենը: Բայց հետո տեսավ, որ հակառակորդի զորքերը նահանջում են: Ի՞նչ էր մնում անել․ հեւալով հասնել նրանց ետեւից ու բացատրել, որ ցանկանում է գրագետ համագործակցել: 

Իրոք, Քերոբյանն անկրկնելի է, գուցե՝ անփոխարինելի: Հաջորդ կառավարությունը պետք է «ատամներով» պահի նրան: Ուղղակի՝ մարդն այնքան ազնիվ ու պարզամիտ է ու դեռ գլխի էլ չի ընկել, որ Հայաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դադարել է օրակարգ ձեւավորող լինելուց, անկարող է ռիսկեր չեզոքացնել, թեկուզեւ՝ «փոքր-ինչ ռիսկերը»: Նմանապես՝ Հայաստանն այլեւս այն կարգավիճակում չէ, որպեսզի ինչ-որ բաներում մեղադրի ինչ-որ մեկին: Չէ, մեղադրել կարող է, քանի որ խոսքի ազատություն է, բայց բանի տեղ դնողն ո՞վ է: Դեռ պատերազմի թեժ պահին, երբ Հայաստանն Ադրբեջանին մեղադրում էր արգելված զենք, վարձկաններ եւ Թուրքիայի զինուժի ներգրավվածության մեջ, ո՞վ հաշվի առավ:

Անշուշտ, հայկական կողմը կարող է դադարեցնել որեւէ մեղադրանք հնչեցնել եւ գրեթե այդպես էլ վարվում է: Հայաստանն Ադրբեջանին չի մեղադրում, գերիներին չվերադարձնելու, ՀՀ տարածք ներխուժելու, սահմանամերձ բնակչությանը սիստեմատիկ ահաբեկելու եւ նյութական կորուստներ պատճառելու համար: ԱԳ նախարարը մեղադրելու երկչոտ փորձ արեց, եւ ի՞նչ ստացվեց: Լավրովը պատասխանեց, թե գերիներին Ադրբեջանը վերադարձրել է, իսկ անազատության մեջ գտնվող մյուս հայերն ընդամենը ահաբեկիչներ են, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո:

Հետեւաբար, «գրագետ համագործակցություն» կարող էր լինել մինչեւ նոյեմբերի 9-ի գերիների հարցով: Մյուսների հարցը բարձրացնել չարժե, քանի որ դա կորակվի որպես տգետ համագործակցության նման մի բան:

Շուտով սահմանամերձ գոտում բնակչություն չի մնա: Բայց ոչինչ, հո դրա համար չե՞նք պատերազմելու: «Կարողանում ենք այնպես անել, որպեզի մեր ընդհանուր աշխատանքը գնա դեպի խաղաղություն». նրանք ներխուժում են, մենք մեր ձեռքերը վեր ենք պարզում, նրանք սպանում են, մենք մեր ձեռքերը վեր ենք պարզում: Բայց այդքանից հետո հորիզոնում խաղաղությունը չի երեւում: Հա, հասկանալի է՝ պետք է Մակունց կարդալ... խաղաղությունը մեր սրտերում է, մեր մեջ է: Դե, ուրեմն հանե՜ք դուրս, թո՛ղ տեսնեն, գոնե սպիտակ դրոշներ պարզեք սահմանի ողջ երկայնքով…

Գագիկ Վարդանյան