Ես հա՛մ Վանեցյանի հետ եմ ընկերություն անում, հա՛մ Մկրտումյանի՝ դա ո՞ւմ է խանգարում

Ես հա՛մ Վանեցյանի հետ եմ ընկերություն անում, հա՛մ Մկրտումյանի՝ դա ո՞ւմ է խանգարում

Խոսակցություններ կան, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ, որոշ այլ պաշտոնյաների նման, մտադիր է հրաժարականի դիմում գրել ու հեռանալ։ Բայց ինչ-ինչ հանգամանքների պատճառով դեռ ձգում է, կամ չեն թողնում, որ հերթական թափուր հաստիքը չառաջանա։ Զուտ ընթացակարգային առումով, նա ուղղակի պետք է հրաժարական տա եւ հեռանա։ Բայց այստեղ ձեւը չէ կարեւոր, այլ՝ բովանդակությունը։

Վարդազարյանն էլ, շատերի նման, դժվարությամբ է դիմակայում այն մթնոլորտին, որ ձեւավորվել է հետհեղափոխական Հայաստանի դատական համակարգում։ Եթե նախկինում դատական համակարգի վրա ճնշումները «վերեւներից» էին ու քաղաքական, ապա այսօր ե՛ւ վերեւից են, ե՛ւ ներքեւից ու բարոյահոգեբանական։ Թեեւ Ռուբեն Վարդազարյանը վստահեցնում է, որ իր վրա քաղաքական ճնշում չկա իշխանությունից, բայց մենք հասկանում ենք, որ, այնուամենայնիվ, կա։ Դատարանների, նաեւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացած ցանկացած որոշում այսօր արժանանում է այս կամ այն թեւի քարկոծմանը։ Եթե անգամ նախապես չեն «զանգում», ապա անցանկալի որոշումից հետո սկսում են պատերին ծեփել դատավորներին, համացանցում աղմուկ է բարձրանում, անցանկալի որոշում կայացրած դատավորին համարում են ծախված կա՛մ նախկիններին, կա՛մ ներկաներին։

Իշխանություններն էլ առանձնապես ոգեւորված չեն Վարդազարյանով, նրան համարում են Արթուր Վանեցյանի կադրը, վճռաբեկի նախկին նախագահ Արման Մկրտումյանի հետ քավոր-սանիկական կապն են հիշում։ Հիշեցնենք․ եթե նա հեռանա, օրենքի պահանջով ԲԴԽ նախագահ պետք է ընտրվի ոչ թե դատավորների, այլ գիտնական-իրավաբանների շրջանակից, ինչը նույնպես ցանկալի չէ իշխանությունների համար։ Ռուբեն Վարդազարյանի հետ հարցազրույցի 2-րդ մասն ենք ներկայացնում ձեզ։

- Պարո՛ն Վարդազարյան, Դուք Ձեզ անկախ ԲԴԽ նախագահ համարո՞ւմ եք, եւ գործող իշխանությունների կողմից կա՞ լիարժեք վստահություն Ձեր անձի հանդեպ։

- Երկրորդ մասից սկսեմ․ վստահություն կա, թե չկա՝ դա կարելի է հարցնել քաղաքական իշխանությանը։ Ես ինձ լիարժեք անկախ զգում եմ, թե չէ՝ ներքուստ զգում եմ, արտաքին ճնշում, իհարկե, կա։ Ես որ բացում եմ մամուլը եւ նայում եմ սոցիալական ցանցերը կամ միացնում եմ հեռուստացույցը, զգում եմ արտաքին ճնշում ինձ վրա՝ որպես ԲԴԽ նախագահ եւ որպես գործող դատավոր, ով հագնում է պատմուճանը, մտնում դահլիճ եւ, որպես առաջին ատյանի դատավոր, նիստ վարում։ Իհարկե, կա հանրային ճնշում, որը շատ վատ է, որը շատ կաշկանդում է դատավորին։ Այ, դրա դեմ է պետք պայքարել։

- Որտեղի՞ց են այն խոսակցությունները, որ Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի դիմում է գրել, բայց դեռեւս չի հեռանում՝ ինչ-ինչ պատճառներով։

- Եկեք Ձեր հարցին հարցով պատասխանեմ՝ որտեղի՞ց այդ տեղեկությունները։ Ես նստած եմ Ձեր առջեւ, ինձ հարցրեք՝ գրե՞լ եք, թե՞ չէ, ես պատասխանեմ՝ ոչ, երբեք չեմ գրել։

- Ձեզ կապում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, ում ժամանակ նշանակվեցիք, նաեւ քավոր-սանիկական կապեր կան վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի հետ։ Թերեւս դրանով է պայմանավորված, որ Դուք գործող իշխանությունների «սրտի ԲԴԽ նախագահը» չեք։

- Ես 53 տարեկան եմ, ծնվել եմ Երեւան քաղաքում ու միշտ ապրել եմ Երեւան քաղաքում եւ շատ մարդ եմ ճանաչում այստեղ։ Ու իմ՝ Երեւանում ծնված լինելու փաստն արդեն բացառում է ինկուբատորում ծնվելու կամ կոլբայի մեջ մեծանալու պնդումը։ Իհարկե, ես հա՛մ Վանեցյանի հետ եմ ընկերություն արել ու անում եմ, հա՛մ Մկրտումյանի հետ եմ ընկերություն անում, եւ քավոր-սանիկ ենք, ե՛ւ մեր բակի էն մարդկանց հետ եմ ընկերություն անում, որոնց հետ կարող է իջնեմ՝ զրուցարանում նարդի կամ շախմատ խաղամ։ Ես դասարանցիներ ունեմ, որոնց հետ ընկերություն եմ արել ու շարունակում եմ անել․․․ Ես նորմալ մարդ եմ։ Ձեզ թվում է՝ ես ծնվեցի 1967 թվականին, ունեցա ինչ-որ մի սպիտակ գիծ իմ կյանքում, եւ 2019 թվականին Ռուբեն Վարդազարյանը հայտնվեց ԲԴԽ-ո՞ւմ։ Իհարկե, ես ունեմ դատավոր ընկերներ, բժիշկ ընկերներ, արվեստագետ ընկերներ, դերասան ընկերներ։ Ասում եմ՝ ես իմ շրջապատում ունեմ մարդիկ, որոնք որ բառիս բուն իմաստով անբան են եւ զրուցարանում առավոտից իրիկուն նարդի են խաղում։ Իհարկե, ես բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվում, բայց դա ինչո՞վ է խանգարում՝ լինել ազատ ու անկախ։

- Գուցե Ձեզ չի խանգարում, իշխանությունների՞ն է խանգարում։

- Դե, էդ հարցն իրենց է պետք տալ կամ ընդդիմությանը։ Նույն ձեւով էլ ընդդիմությունը պնդում է, որ Վարդազարյանն իշխանության սիրելի կամ սրտի ԲԴԽ նախագահն է։ Ասել՝ ամեն ինչ կարելի է, բայց դրա հիմնավորումները եւ հիմքերը, դրա փաստական հանգամանքները թող բերեն, ասեմ՝ հա։ Եթե համագործակցում է, եթե կապված է։ Հիմա ես Ձեզ էլ սկսեցի ճանաչել, հիմա, որ վաղը Դուք դառնաք ընդդիմադիր կամ իշխանություն, ինձ ասելու են՝ Մակարյանին մի քանի անգամ հարցազրույց է տվել, ուրեմն Վարդազարյանը վա՞տն է։

- Չեմ կարծում, թե դրա համար Ձեզ ասեն՝ վատն եք։

- Է, կարող է Ձեզ ասեն՝ Վարդազարյանի հետ հարցազրույց ես արել, ուրեմն Մակարյանն է վատը։ Ուզում եմ ասել՝ էդ ճանաչելը, ընկերություն անելն ի՞նչ կապ ունի աշխատանքի հետ։