Իրավապահ կառույցներն իրեն ծառայեցնելու ղեկավարի նկրտումներից է կախված ամեն ինչը

Իրավապահ կառույցներն իրեն ծառայեցնելու ղեկավարի նկրտումներից է կախված ամեն ինչը

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը դեկտեմբերի 20-ին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում խոստացել էր՝ երբ ժամանակը գա, կասի, թե որոնք էին իր հրաժարականի պատճառները։ Օրերս նա որոշեց խոսել ու մանրամասներ ներկայացնել, թե ինչու նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից մեկ օր առաջ ազատման դիմում գրեց, ինչ խնդիրներ են եղել իր պաշտոնավարման ընթացքում, ինչ հարաբերություններ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, եւ ինչ հանգամանքներ պետք է բացահայտվեն՝ ըստ այդմ լույս սփռելով նաեւ պատերազմում մեր կրած պարտության, Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի եւ ստեղծված անհասկանալի, խայտառակ իրավիճակի վրա։

Ինչպեսեւ սպասվում էր, TV5 հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Միքայել Համբարձումյանը բավականին ուշագրավ հայտարարություններ արեց, որոնք պետք է հետաքրքրեին իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ դատախազությանը, եւ հետաքրքրելուց զատ՝ դրանք պիտի քրեական գործ հարուցելու առիթ հանդիսանային։ Բայց դատախազությունից ասացին՝ դեռեւս ընթացք չի տրվել, ու հարց է՝ ընթացք կտրվի՞, «հանցակազմ» կգտնե՞ն Համբարձումյանի հայտարարություններում, թե՞ ոչ։ Համբարձումյանի հարցազրույցում ուշագրավ էր հատկապես այն դրվագը, երբ հայտարարում է, որ իրենք ամենօրյա ռեժիմով զեկուցել են վարչապետին պատերազմի ընթացքի մասին, սակայն պատերազմը չի կանգնեցվել. «Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմի ընթացքը չի կանգնեցվում, երբ մենք, պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով վարչապետին զեկուցում ենք մեր կորուստների մասին, մեր խնդիրների, հեռանկարների մասին, ինչու պատերազմի հետ կապված վարչապետը որոշում չի կայացնում, ինչու ընթացքը չի կասեցվում, ու սկսվում բանակցային պրոցես»։

Նա նաեւ ասում է, որ պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկը Փաշինյանը ո՛չ իրենց՝ որպես ԱԱԾ-ի, ո՛չ էլ Անվտանգության խորհրդի նիստին երբեւէ չի ներկայացրել։ Համբարձումյանի հարցազրույցում ուշագրավ էր նաեւ վերջին պատասխանը, որը կարծես վրիպեց շատերի աչքից։ Մասնավորապես, հարցին, թե եղե՞լ է դեպք, որ Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած որեւէ անձ միջամտի իր աշխատանքներին, Համբարձումյանը պատասխանում է. «Այո, կային մարդիկ՝ Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած, ովքեր մտածում էին, որ կարող են ԱԱԾ տնօրենի առջեւ խնդիր ձեւակերպել եւ ակնկալել, որ ԱԱԾ տնօրենն այդ խնդիրը պիտի կատարի եւ իրենց էլ ներկայացնի արդյունքները։ Ես նման մոտեցումը չեմ ընդունում, նման մոտեցումն ինձ համար անընդունելի է, եւ չեմ էլ կատարել, բնականաբար։ Ծառայության ղեկավարը ենթարկվում է վարչապետին եւ պիտի գործ ունենա ուղիղ վարչապետի հետ»։ Սրանով նա անուղղակի հաստատում է, որ նման դեպքեր եղել են, Փաշինյանի շրջապատից նման զանգեր եղել են, թեեւ մերժել է՝ չի կատարել։ Ու այս ամենի վերաբերյալ դատախազությունն ասելիք, փաստորեն, չունի։ Այս անձանց գործողություններում հանցակազմ չի տեսնում՝ իրավապահների աշխատանքի միջամտություն չի տեսնում։

Այս թեմայով մենք զրուցեցինք Րաֆֆի Ասլանյանի հետ, ով 2016-18 թթ. Երեւանի դատախազն էր՝ Գեւորգ Կոստանյանի օրոք, ապա՝ մինչեւ 2020 թվական աշխատել է դատախազությունում, նաեւ Արթուր Դավթյանի օրոք՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, եւ դուրս է եկել դատախազությունից Դավթյանի հետ ունեցած երկարատեւ կոնֆլիկտի պատճառով։ Այժմ զբաղվում է փաստաբանությամբ։

Պատերազմի ընթացքը կասեցնելու վերաբերյալ ԱԱԾ նախկին տնօրենի արած հայտարարության առնչությամբ նա ասաց հետեւյալը․ «Նախ՝ պատերազմի ընթացքն ու հանգամանքները, առհասարակ, պետք է քննության առարկա դարձվեն քրեական գործի շրջանակներում։ Սա այս պահին գոնե պարտադիր կատարման ենթակա իրադարձություն պետք է լինի։ Եվ այդ ենթադրյալ քրեական գործով քննության առարկա պետք է դառնան նաեւ Միքայել Համբարձումյանի կողմից նշված բոլոր հանգամանքները։ Հետեւաբար, այս պահին ասել, թե երկրի ղեկավարը գործել է անզգուշությամբ, թե դիտավորությամբ, այսինքն՝ նրա մեղքի ձեւի մասին եզրահանգումներ անելը սխալ կլինի։ Ես՝ ինքս, սակայն, թերահավատ եմ, որ էդպիսի նախաքննություն կարող է իրականացվել գործող իշխանության գոյության պայմաններում, քանի որ օբյեկտիվորեն, թե սուբյեկտիվորեն՝ վարույթն իրականացնող մարմինը կունենա կաշկանդվածություն։ Ես այն կարծիքին եմ, որ, այնուամենայնիվ, քրեական վարույթ պետք է այս բոլոր հանգամանքների շուրջ իրականացվի՝ գոնե փաստի առթիվ, հակառակ դեպքում յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած եզրահանգման գալ»։

Ինչ վերաբերում է Միքայել Համբարձումյանի այն հայտարարությանը, որով նա անուղղակիորեն հաստատում է, որ Փաշինյանի մերձավորների կողմից իրեն զանգեր եւ իր աշխատանքին միջամտելու փորձեր եղել են այս կամ այն «հանձնարարությամբ», Րաֆֆի Ասլանյանն ասաց․ «Զանգերի բնույթից կախված՝ իհարկե, սա հանցակազմի հատկանիշներ կարող է պարունակել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայությունն ունի ինքնուրույն գործելու՝ օրենսդրությամբ նախատեսված բավարար երաշխիքներ։ Հետեւաբար, այս երաշխիքների խախտումը նույնպես պետք է քննության առարկա հանդիսանա։ Եթե այդպիսի միջամտությունները կոնկրետ քրեական գործերի վերաբերյալ են եղել, կրել են պարբերական բնույթ, կոնկրետ հանձնարարություններ են պարունակել, սա նույնպես պետք է քննության առարկա հանդիսանա»։

- Դուք աշխատել եք Արթուր Դավթյանի հետ, թերեւս կարող եք ասել՝ ինչո՞ւ են Դավթյանին մեղադրում օրվա իշխանությանը ծառայելու, այս դեպքում՝ Փաշինյանի քաղաքական հանձնարարություններն ու ցանկությունները կատարելու մեջ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է կաշկանդված Արթուր Դավթյանը, որ չի կարողանում ազատ գործել ու, եթե պետք է, նաեւ քրգործ հարուցել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։

- Գիտե՞ք, Դավթյանի վարքագծի, հատկապես հետհեղափոխական վարքագծի գնահատականը պետք է տա հասարակությունը։ Բայց դրանում պետք է մեղադրել ոչ միայն Արթուր Դավթյանին, այլեւ իրավապահ կառույցների բոլոր ղեկավարներին։ Արթուր Դավթյանն այստեղ բացառություն չէ։ Մենք պետք է նաեւ մի բան հասկանանք, որ իրավապահ կառույցներն այդ իմաստով որոշակի խնդիր ունեցել են նաեւ նախկինում։ Թե ինչու է խնդիրը հիմա ավելի ցայտուն, որովհետեւ, ցավոք սրտի, երկրի նոր ղեկավարն ավելի շատ է միջամտում քրեական արդարադատությանը։ Այսինքն՝ իրավապահ կառույցներն իրեն ծառայեցնելու ղեկավարի նկրտումներից է կախված էս ամեն ինչը։

- Ի՞նչ եք կարծում, եթե Գեւորգ Կոստանյանը լիներ դատախազը,  Փաշինյանի նկատմամբ կհարուցե՞ր քրեական գործ կամ գոնե վերը նշված ու այդօրինակ հայտարարությունների հիման վրա։

- Պատերազմից հետո՝ գուցե։ Պատերազմը, գիտե՞ք, բոլորովին այլ հանգամանք է, սա քաղաքական հայտարարություն չէ։ Մենք 30 տարվա ընթացքում ամեն տարի չենք պարտվել, որպեսզի կարողանանք համեմատել։ Եթե նախկինում ինչ-որ կերպ կարելի էր «հասկանալ», հիմա հասկանալը շատ դժվար է։ Չգիտեմ՝ Գեւորգ Կոստանյանն ինչպես կվարվեր, բայց, հաշվի առնելով երկու անձանց բնավորությունների տարբերությունը, այո, Գեւորգ Կոստանյանը տրված հանձնարարություններին դժվարությամբ հարմարվող էր։ Սա բոլորը շատ լավ գիտեն։