Ադրբեջանում վախի մթնոլորտ կա՝ Իրանի հետ պատերազմի հեռանկարից

Ադրբեջանում վախի մթնոլորտ կա՝ Իրանի հետ պատերազմի հեռանկարից

Մեր զրուցակիցն է իրանագետ Գարիկ Միսակյանը:

- Իրանի վրա հարձակումից հետո հայտարարվեց, որ պատասխանը տրվելու է ժամանակի ընթացքում: Ինչո՞ւ` բավարար հնարավորություններ չունի՞ այս պահին:

- Չի կարելի միանշանակ պնդել, որ Իրանը չի տվել արձագանք կամ չի տալու: Եթե հաշվի առնենք Իրան-Իսրայել հակամարտությունը եւ միմյանց հանդեպ իրականացվող քաղաքականությունը, Իրանում փորձում են որոշել այն հատվածները, որտեղից մտել են ԱԹՍ-ները, պատկանելությունը: Կարծում եմ՝ կտան պատասխան: Թե ժամանակային առումով եւ որ պետության տարածքում ինչպես է այդ պատասխանը տրվելու՝ դժվար է ասել: Արդյոք Իրանին փորձո՞ւմ են ներքաշել պատերազմի մեջ, կարծում եմ՝ եթե անգամ նման ցանկություն կա, Իրանը բավական համբերատար եւ հավասարակշռված պետություն է, եւ դժվար կարողանան Իրանին որեւէ ռազմական գործողության մեջ ներքաշել:

- Ի՞նչ վնասներ է կրել Իրանն այդ հարձակումից: Լուրեր են պտտվում նույնիսկ, թե երկրաշարժի պատճառն այն է, որ ոչնչացվել է նաեւ ստորգետնյա զենք-զինամթերք:

- Պաշտոնապես հաստատվել են երկու հատվածում պայթյուններ... եթե լինեին այլ տեղերում պայթյուններ, ապա այսօրվա համացանցի հնարավորությունների պարագայում դրա տեսաձայնագրությունները կամ որեւէ այլ նյութ կլիներ համացանցում: Սպահանի եւ Իրանի հյուսիսային հատվածների գործարաններից մեկում էր եղել պայթյունը, Սպահանում՝ Իրանի ՊՆ-ին ենթակա օբյեկտում, որը, դատելով տեսանյութից եւ պաշտոնական հայտարարությունից, այդքան էլ չի տուժել: Նույնիսկ խոշոր պայթյունների եւ մնացածների մասին հրապարակումները, կարծում եմ, մեդիա-գրոհ էին Իրանի դեմ, որի նպատակը պետության անվտանգային մթնոլորտը հասարակության շրջանում խաթարելն էր:

- Իրանի դեմ այս հարձակումը որքանո՞վ է տեղավորվում Արեւմուտք-Ռուսաստան-Իրան հակամարտության շրջանակներում, թե՞ սա ավելի շատ միջուկային ծրագրի հետ է կապված:

- Ավելի շատ կապված է Իսրայել-Իրան հակամարտության հետ, որտեղ նմանատիպ հարձակումներ երկու կողմերից էլ կան, ազդեցության տակ գտնվող ուժերից բավականին շատ ենք տեսել նախկինում, եւ այս մեկն էլ նույն տրամաբանությամբ էր եւ ոչ ամենահաջողվածներից մեկը, ուղղակի մեդիա- հարձակումն այս պարագայում բավականին մեծ էր: Անմիջական կապը ռուս-ուկրաինական կամ ռուս-արեւմտյան հակամարտության հետ դժվար է տեսնել, բայց նաեւ կարող է որոշակի պարագայում ճնշում է` ե՛ւ միջուկային ծրագրի հետ կապված, ե՛ւ Ռուսաստանի հետ կապված:

- Իրանի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները վերջին շրջանում ակտիվացել են: Սա Իրանի՞ նախաձեռնությունն է, թե՞ Հայաստանի իշխանությունների կողմից էլ կա Իրանի հետ հարաբերությունների սերտացման ցանկություն:

- Հաշվի առնելով Իրան-Ադրբեջան հարաբերություններում ստեղծված լարվածությունը, ցանկացած պարագայում հայ-իրանական հանդիպումները, քննարկումները, բանակցությունները, հարաբերությունների խորացումը բավականին դրական են այս փուլում: Պետք է ամեն ինչ անել Ադրբեջան-Իրան այս հակամարտության լարվածությունից օգտվելու համար, ինչպես նաեւ մեր հնարավորությունն Իրանի համար մեծացնել, բազմաթիվ համագործակցության ոլորտներ եւ հեռանկարներ կան, որոնք պետք է օգտագործել:

- Ադրբեջանն ագրեսիվ հայտարարություններ հնչեցրեց Իրանի հասցեին, 2 լրատվամիջոց են խուզարկել, հայտարարվել է, որ այդ ԶԼՄ-ները պրոիրանական քարոզչություն են իրականացնում: Հնարավո՞ր է, որ Ադրբեջանին օգտագործեն Իրանի դեմ պատերազմ սկսելու համար, թե՞ բացառում եք պատերազմի սցենարը:

- Չեմ կարծում, որ որեւէ մեկը, նաեւ Իրանի հարեւան պետություններից, ցանկություն եւ հանդգնություն ունենա Իրանի դեմ պատերազմելու, նույն Ադրբեջանն էլ` ինչքան էլ Իսրայելի եւ Թուրքիայի կողմից հրահրվի, չեմ կարծում, թե հնարավորություն կամ ցանկություն ունի Իրանի հետ պատերազմելու: Հարաբերությունների այս լարվածությունը մի քանի խորքային պատճառներ ունի՝ դա Իսրայելի ներկայությունն է եւ Ադրբեջանի ոչ բարեկամական քաղաքականությունն Իրանի հանդեպ եւ նույն Ադրբեջանի դեսպանատան հետ կապված իրավիճակը, հենց նաեւ այդ ուղղությամբ են ընթանում: Այսինքն, փորձ է արվում Ադրբեջանի կողմից առնվազն լարել հարաբերություններն Իրանի հետ, եթե որոշակիորեն դիտարկենք այն տեսակետը, որ փորձեն Իրանին ներքաշել պատերազմի մեջ, ապա չեմ կարծում, թե Իրանը տրվի այդ սադրանքներին կամ ցանկություն ունենա սեփական սահմանների մոտ պատերազմ սկսել: Հավանական է, որ Ադրբեջանին պատասխանի ոչ համաչափ եւ անսպասելի, որեւէ տեղից ներքին, չերեւացող ոլորտներում եւ փորձի որոշակիորեն հարթել իրավիճակը: Կարծում եմ՝ Ադրբեջանն էլ, ինչքան էլ որ փորձի խաղալ Իրանի հետ կամ տեսանելի մակարդակում հռետորաբանությամբ ճնշում գործադրել, այնուամենայնիվ, պիտի որ վախի մթնոլորտ լինի այդ պետությունում՝ Իրանի հետ պատերազմի հեռանկարից: