Գնում ենք ընտրությունների, վատ էլ չենք գնում

Գնում ենք ընտրությունների, վատ էլ չենք գնում

Ոչ մեկի ցուցակում չկամ, խիղճս էլ մաքո՛ւր, մաքուր: Էլի սկսվեց: Քաղաքական ամուսնությունների ու ապահարզանների շրջան մտանք: Պատերի տակ փսփսփսփս… Թե էն Միքայել Մինասյա՞նն ինչու այդպես կատաղեց, թե բա՝ ընտրություններին չեմ մասնակցելու: Խի՞, ախպեր, մասնակցողները քեզնից լա՞վն են: Մարդկանց գիտեմ եւ կուսակցություններ, որոնք փող չունեն, բայց գնում են ընտրությունների 8-8, 6-6, 4-4 բլոկ կազմած: Ռուսական հայտնի խոսք կա՝ «за чужой счет пьют даже трезвенники и язвенники»: Երանի մարդ իմանար, թե սրանց ընտրական ծախսն ով է տալու՝ մի լավ անպատվեր: Բա դու չե՞ս ամաչում, երկիրը ք..ի մեջ ա, կարիքի մեջ ա, դու սրանց փող ես տալիս, որ քեզ համար ընտրություն-ընտրությո՞ւն խաղան: Եվ, պատկերացրեք, Միքայել Մինասյանի նման լուրջ մարդը, տեսնելով սա, չի ուզում, ուղղակի չի ուզում մասնակցել այս էշի հարսանիքին, որի անունը ընտրություն են դրել՝ Նիկոլով ընտրություն: Որեւէ մեկը հասկանո՞ւմ է, թե ինչ է նշանակելու Նիկոլի հաղթանակն այս ընտրություններում: Դա նշանակելու է՝ մինչեւ 2050 թվականն աչքներիդ առաջ ունեցեք…

Լավ է, իհարկե, որ ոմանք իրենց հաղթելու շանսերը բարձր են գնահատում, բայց չի կարելի Նիկոլին մոռացած գնալ ընտրությունների: Հազար շունուգելի հետ է տալիս-առնում այդ մարդը, հազար փող հասցնող ունի, հազար դուխ տվող: Դեռ պետական լծակների մասին էլ չեմ խոսում, որ իր ձեռքում է պահելու մինչեւ վերջ, ու եթե Մուկուչյանը հանկարծ չասի, որ ՔՊ-ն է հաղթել, ամբողջ ԿԸՀ-ն օդերով կհանի: Այնպես որ, Նիկոլի հետ կատակելը վտանգավոր եւ անշնորհակալ զբաղմունք է:

Այս տեսանկյունից ես շատ հավանում եմ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի վարքագիծը: Տերյանը, դիմելով սիրած էակին, ասում է՝ դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում… Արմեն Սարգսյանը, ահավասիկ, այնպես է գնում ընտրությունների, կարծես թե չի գնում: Այս օրերին պետք է վարվել Արմեն Սարգսյանի պես: Ի դեպ, նա միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որ բանավոր կերպով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո նաեւ գործով ապացուցեց իր ընդդիմադիր լինելը: Տեսա՞ք, թե ինչ արագությամբ ստորագրեց Փաշինյանի հրաժարականի թուղթը: Ուրիշ ժամանակ կդիմեր ՍԴ, չեմուչում կաներ… Բայց հենց Փաշինյանի հրաժարականի թուղթն ընկավ ձեռքը, «տուտ ժե» ստորագրեց: Եկեք խոստովանենք, որ դա Փաշինյանից ազատվելու առաջին եւ առայժմ միակ գործնական քայլն էր: Իսկ ինչպե՞ս է Արմեն Սարգսյանը գնում ընտրությունների: Շատ զգույշ, ճիշտ այնպես, ինչպես ոզնիները սեռական հարաբերություն ունենալիս: Սկզբում Էդմոն Մարուքյանը գնաց-եկավ մոտը, հետո հանդիպումներ տեղի ունեցան տարատեսակ քաղաքական ու կիսաքաղաքական, սորոսական եւ կիսասորոսական ուժերի հետ… Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակ էր, որ քննարկում էին, բայց լսողն էլ, մեկը՝ ես, հո հասկանո՞ւմ էինք, թե ինչով է զբաղված երկրի թիվ մեկ ապաքաղաքական պաշտոնյան:

Ինձ համար դժվար էր ըմբռնել ՀՀԿ-ի կտրուկ որոշումը՝ գնալ ընտրությունների: Չի բացառվում, որ Միքայել Մինասյանը մի քիչ էլ ՀՀԿ-ի այդ քայլից հիասթափվեց եւ որոշեց չմասնակցել ընտրություններին: ՀՀԿ-ն, ինչպես հին ու բարի ժամանակներում, միայն վերջին պահին իմացավ, որ Սերժ Սարգսյանը որոշել է ընտրությունների գնալ Արթուր Վանեցյանի հետ դաշինքով: Թերթերն այդպես էլ գրել էին, որ Սերժ Սարգսյանը, այսպես ու այսպես, հավաքել է կուսակիցներին ու հայտարարել այդ մասին: Արմեն Աշոտյանից, իհարկե, որոշակի ջանքեր պահանջվեցին ՀՀԿ-ի եւ «Հայրենիքի» քաղաքական գծերի մեջ «համընկնումներ» գտնելու համար, բայց տեղի ունեցածն այնքան տարօրինակ ու անսպասելի էր, որ այլեւս ցանկություն չմնաց խորանալու նրա քաղաքական բացատրությունների մեջ: Գոնե Արթուր Վանեցյանը հիմա խոսեր, բացատրեր, թե ինչպես պատահեց այդ ամենը, բայց նա լուռ է ու երեւի, իր սովորության համաձայն, որոշել է լռել՝ Սերժ Սարգսյանի ծրագրերը ժամանակից շուտ, պատահաբար, չհանրայնացնելու նպատակով: Խոստովանեմ՝ ուժեղ բլոկ է ստացվել՝ ՀՀԿ-«Հայրենիք», որին, շատ չզարմանաք, եթե առաջիկայում աջակցի նաեւ ՀՀ առաջին նախագահը:

ԲՀԿ-ի մասին շատ ասելիք չունենք: Մենակ են գնում ընտրությունների: Հարցն այստեղ այն է, թե ինչու են գնում ընտրությունների, եթե կարող են առանց ընտրությունների էլ վարչապետ առաջադրել ու խառնել Նիկոլ Փաշինյանի խաղաքարերը: Մի քանի էդմոնական, մի քանի իմքայլական, եւ հարցը կլուծվի, բայց Գագիկ Ծառուկյանը, այ քեզ հետաքրքիր բան, որոշել է գնալ Նիկոլի ճանապարհային քարտեզով: ԲՀԿ-ն կանցնի՞ խորհրդարան: Չեմ կասկածում: Բայց եւ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ քաղաքական պլատֆորմ է ներկայացնելու Գագիկ Ծառուկյանը: Խոսքը քաղաքական պլատֆորմի մասին է եւ ոչ թե խաղողի բերքի մթերման կամ տուկի թելի:
Եվ վերջապես այս ընտրությունների ամենամեծ սյուրպրիզի մասին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջինն է հայտարարել, որ ընտրություններ լինելու դեպքում մասնակցելու է դրանց եւ հաղթելու է: Հայտարարությունը, սակայն, մի բան է, խաղաքարտերը վերջնականապես բացելը՝ մեկ այլ բան: Ընդամենը մեկ օր առաջ, օրինակ, իմացանք, որ Ռոբերտ Քոչարյանի ցանկում, հնարավոր է, լինի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին: Իսկ հիմա թող ձեռք բարձրացնեն նրանք, որ նախապես գիտեին այդ մասին: Եվ այսպիսի, ես կասեի՝ հաճելի սյուրպրիզները սրանով չեն ավարտվելու: Պատրաստվեք լսելու նոր երիտասարդների անուններ, որոնք գալիս են աշխատելու եւ խիզախելու: Ռոբերտ Քոչարյանի շուրջ, կարծում եմ, կհավաքվի ընդդիմադիր ազգային ուժերի ողջ սպեկտրը: Նպատակն այդ ուժերի ձայները չփոշիացնելն ու Փաշինյանի իշխանությունից ազատվելն է:

Եվ այսպես, քաղաքական դաշտը, կարծես, ձեւավորված է, հիմնական խաղացողները՝ հայտնի: Ընտրություններին ընդառաջ, նայած թե իրեն ինչպես կպահի ժամանակավոր իշխանությունը, հնարավոր է, որ լինեն որոշակի տեղաշարժեր: Բայց շատ բան կախված է ԱԺ-ում տեղի ունենալիք «հրաժարիմքի» արարողությունից: Եթե այն նորմալ անցնի, ինչպես ծրագրել է Փաշինյանը, հնարավոր է, որ ընտրությունները լինեն հենց հունիսի 20-ին: