Դատավորները սոցիալական լուսանցքում են

Դատավորները սոցիալական լուսանցքում են

Իմքայլական իշխանությունը, ինչպես հայտնի է, դատավորներին թշնամաբար է վերաբերվում։ Չսիրեցին սրանք դատավորներին, ինչպես պրոլետարական իշխանությունը չսիրեց ազնվականներին։ Իշխանության համար դատավորները՝ որպես մասնագիտական խավ, չկան, «իգնորի» մեջ են, «բլոկված» են, նետված են սոցիալական լուսանցք՝ բառի ուղիղ իմաստով։ Նրանց անգամ թոշակ չեն տալիս։

Արդեն մոտ երկու տարի է՝ կենսաթոշակի անցած 20 դատավոր զրկված է թոշակ ստանալու հնարավորությունից, նրանք չունեն ապրուստի միջոց, ապրում են իրենց հարազատների հաշվին: Ոմանք էլ, ինչպես նախկին դատավոր Էդիկ Ավետիսյանը, փաստաբան են դարձել, որ օրվա հացը վաստակեն։ Պարզվում է՝ դեռ մեկ տարի առաջ Ազգային ժողովը դատավորների սոցիալական ապահովության հետ կապված օրենք պետք է ընդուներ, սակայն ինչ հիմար օրենք ասես այս ընթացքում ընդունել են, իսկ մարդկանց կենսաթոշակի հետ կապված այս օրենքը, որի ընդունմանն են նրանք սրտատրոփ սպասում, արդեն մեկ տարուց ավելի՝ չեն ընդունում։ Չկա օրենք, որով կորոշվի դատավորի կենսաթոշակի չափը, ուստի կենսաթոշակ չի վճարվում։ Ո՛չ կառավարությանը, ո՛չ էլ ԱԺ-ին այս հարցը չի մտահոգում։ Չի բացառվում, որ սա ընդգծված վերաբերմունք է «պատերի տակ վնգստացողների» հանդեպ, նրանց նվաստացնելու եւ ֆինանսական անկախությունից զրկելու հատուկ միջոց։ Կամ էլ կարծում են, որ դատավորներն այնքան փող են աշխատել իրենց գործունեության ընթացքում, որ կարող են մի քանի տարի յոլա գնալ։
Ֆինանսական գրոհը սկսվեց դեռ 2018 թվականին։ Կառավարության առաջարկությամբ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքը փոխեցին, պաշտոնյաների կենսաթոշակի վերին շեմ սահմանվեց 160-250 հազար դրամը։

Դատավորների թոշակը, որն աշխատավարձի 75 տոկոսն էր կազմում եւ 250 հազար դրամից բարձր էր, այս փոփոխության արդյունքում նվազեց։ Նոր հաշվարկն արվում էր 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացված աշխատավարձի 55 տոկոսի չափով: Սակայն 2019 թվականի հունիսի 18-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց դատավորների կենսաթոշակի հաշվարկման մեխանիզմին վերաբերող օրենքի դրույթը, որպես նրանց վիճակը վատթարացնող։ Հոկտեմբերին այն ուժը կորցրած համարվեց։ ՍԴ-ն նաեւ հանձնարարեց կառավարությանը՝ երեք ամսում մշակել նոր օրենք, որը ո՛չ երեք, ո՛չ չորս ամսից, ո՛չ էլ մի տարուց այդպես էլ չգրվեց։ Բոլոր դատավորները, որոնց կենսաթոշակային տարիքը լրացել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ից հետո, այսօր զրկված են թոշակից։ Ովքեր չեն ուզում համակերպվել այս վիճակի հետ, նրանց առաջարկում են կենսաթոշակները հաշվարկել սովորական ընթացակարգերով, այսինքն՝ ստանան 50-60 հազար դրամ։ Ոմանք ընդունում են այս առաջարկը, մյուսները, ինչպես, ասենք, Ռուբեն Ափինյանը, հրաժարվում են՝ սպասելով, որ հարցը կլուծվի, եւ նորմալ թոշակ կստանան։
«Փոփոխությունը կա, նախագիծն ԱԺ-ում է։ Անցյալ տարի պետք է ընդունվեր, բայց ձգեցին։ Ասացին՝ հունվարին կանցկացնենք, 2020 թվականի, հետո հունվարն էլ անցավ, եկավ մարտ։ Մարտին պարզվեց, որ նախագծում լրացում են արել, որը վերաբերում է ԲԴԽ գիտնական անդամներին, որոնք ուզում են նույնպես օգտվել դատավորի սոցիալական ապահովության երաշխիքներից։ Օրենքում նրանց մասով առանձին նշում չկար։ Այդ լրացման պատճառով նորից հետաձգվեց օրենքի ընդունումը։ Հիմա խոստացել են մայիսի մեջ»,- ասում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Էդիկ Ավետիսյանը։ Ինչքա՞ն եք դեռ սպասելու՝ հարցին պատասխանում է․ «Իսկ ի՞նչ անենք, գնանք նստացո՞ւյց անենք, ասենք՝ թոշակ չե՞նք ստանում։ Դատավորները մոտ մեկ տարի առաջ անհատական հայցերով դիմել են վարչական դատարան, սպասում են»։ 

Դատավորների միության նախկին դատավոր Հրաչ Սարգսյանը ֆինանսական պահանջով վարչական դատարան դիմողներից է։ Նա չգիտի, թե ինչ փուլում է քննությունը, քանի որ նիստերի չի գնացել, առողջական խնդիրներ ունի։ Երբ նրան զանգեցինք, գտնվում էր հիվանդանոցում։ «Հուսով ենք՝ նոր օրենքը շուտով կընդունվի։ Ազգային ժողովում առաջին ընթերցումն անցել է»,- ասաց նա։ Իսկ ինչպե՞ս եք այս երկու տարին ապրել, ի՞նչ միջոցներով։ «Ձյաձյա-ձյաձյա անելով, ձեռք մեկնելով, էլի, սրանից-նրանից բան խնդրելով»,- ասաց նախկին դատավորը։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով վերջապես կհաշվարկվի դատավորների կենսաթոշակը, դեռ մեկ տարի առաջ ներկայացրել էին իմքայլական պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Արթուր Դավթյանը: Այդ նախագծով սահմանվում է, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդած 12 ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից:  Դատավորների աշխատավարձը տատանվում է 400 հազարից մինչեւ 1.5 մլն դրամ։ Առաջին ընթերցումով նոր օրենքն ընդունվել է, երկրորդը չի ընդունվել եւ հայտնի չէ, թե երբ է ընդունվելու։ Նախագծի հեղինակներից ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանին հարցրինք, թե երբ է սպասվում երկրորդ ընթերցումը։ «Առաջիկա օրակարգում չկա»,- ասաց պատգամավորը։ Մինչդեռ լրատվամիջոցների ազատություններն ու ֆինանսական վիճակը վատթարացնող ամենաանհեթեթ առաջարկներն Ազգային ժողովում մի քանի օրում անցկացնում են։

Այնպես որ, դատավորները դեռ սպասելու են իրենց օրինական թոշակին։ Մենք հիշեցինք նաեւ դատավորների թոշակի հետ կապված մեկ այլ ապօրինի իրավական ակտ՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ, որով փորձեցին «կաշառել» ՍԴ դատավորներին, ստիպելով հրաժարական տալ՝ դրա դիմաց սահմանելով ամբողջական աշխատավարձի չափով թոշակ։ Այն մշակեցին օպերատիվ կարգով, մեկ օրում ԱԺ մտցրին ու ընդունեցին։ Բարեբախտաբար, դատավորներն իրենց բարձրության վրա մնացին՝ նրանցից ոչ մեկը ապօրինի օրենքից չօգտվեց։